Նժդեհյան առաջնորդության հրամայականը

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը (2022 ապրիլ)

Նժդեհի առաջնորդությունը նշանակում է հոգևոր, քաղաքական և մարտական ուժի միավորում:

«Մեծ մեռելների առաջնորդման» գաղափարը

Այսօր երբ Հայաստանն ապրում է առաջնորդության բացարձակ ճգնաժամ, երկրի և ազգի համար ելք գտնելու համար առավել քան կարևոր է դառնում «մեծ մեռելների առաջնորդման» նժդեհյան գաղափարը, համաձայն որի անցյալի հերոսները ներկա սերունդների ներքին զրուցակիցներն են և առաջնորդները:

«Նա իր առաջնորդն ունի, որը, սակայն, ոչ աստիճանով իրենից բարձր զինվորական է եւ ոչ էլ երկրի իշխանությունը», գրում է Նժդեհը ռազմական ղեկավարի իր պատկերացրած կատարյալ կերպարի մասին, և շարունակում. «Աներևույթ է, բարոյական է նրան առաջնորդող ոյժը:

Կառավարություն, բարձր հրամանատարություն, ձևական օրէնք – այդ բոլորը շատ քիչ բան կարող են տալ նրան: Դիմադրություն – հնարավորության սահմաններում հաղթություն – եթէ ձեզ տրված են նյութական գերադաս ուժեր: Այսքան համեստ են ձևական իշխանության եւ օրենքի պահանջները:

Ահա՛ եւ թէ ինչո՛ւ կատարյալ ղեկավարը երկրի ձևական իշխանությունից զատ միշտ էլ ունի նաև մի այլ իշխանություն – իր ժողովրդի մեծ մեռելների բարոյական իշխանությունը, որը հարյուրապատկելով նրա ուժերը, հարյուրապատիկ պահանջկոտ է և աններող»:

Առաջնորդման ճգնաժամը Հայաստանում լիակատար է

Առաջնորդման ճգնաժամը Հայաստանում լիակատար է, բազմաշերտ և կարճ ժամկետներում՝ անլուծելի:

Խնդիրը ոչ միայն այս պահի կառավարությունն է: Պարտվել, քայքայվել, փլուզվել և իր անհամերժքությունը, մանրությունն ու անպետքությունն է ի հայտ բերել 1991-ից Հայաստանն առաջնորդած ամբողջ վերնախավը իր բոլոր շերտերով: Քաղաքական, ռազմական, հոգևոր, մտավորական, տնտեսական վերնախավերում չկա գեթ մեկ կազմակերպված խումբ, որն ի զորու լինի առաջնորդման համոզիչ հայտ ներկայացնել՝ տեսություն, ծրագիր, կամք, կազմակերպում, ուժ:

Առաջնորդման ճգնաժամը ոչ միայն անհատների, խմբերի ու ինստիտուտների մակարդակում է, այլև նախևառաջ մտքերի, գաղափարների և կամքի:

Չկա երկրին հուսալի ապագա և հեռանկար առաջարկող վստահելի, մտածված և ուժեղ գաղափար և առաջարկ: Բացակայում է հավատքը: Ամեն բան ընկղմված է մանրապճեղ, մանրամիտ ու մանրոգի ճահճի մեջ: Չի դրվում Երկրի հարցը, այլ դրվում է միայն անձերի ու խմբերի միմյանց հանդեպ դիրքի հարցը՝ արտաքին հովանավորության հույսով:

Այս պայմաններում նոր սկիզբ ապահովելու համար կենսական է դառնում դիմելը պատմության, նախորդ սերունդների, «մեծ մեռելների» զորությանը:

Լինի դա անհատ թե հանրություն՝ ճգնաժամի պայմաններում, ելք գտնելու նպատակով, նա բնազդաբար դիմում է իր ինքնության ակունքներին, իր անցած ուղու առանցքային կետերին՝ այնտեղից նոր ուժ, նոր սկիզբ գտնելու ձգտմամբ: Էլ ավելի ճիշտ է, եթե բնազդական ձգտումը վերածվի գիտակցված մոտեցման:

Նժդեհի արդիականությունը այսօր

Ո՞վ է այսօր ավելի արդիական Հայաստանի համար քան հենց ինքը՝ Գարեգին Նժդեհը:

Նա միայնակ ավելի արդիական և ավելի ներկա է՝ իր գաղափարներով, իր գործով, իր հոգով քան բոլոր այսօր ապրող կենդանիները, որոնք հավակնում են առաջնորդել հայ ազգը իր պատմության վճռական կետում:

Նժդեհն այսօր պետք է հռչակվի Հայաստանի կենդանի, իրական, գործունյա առաջնորդ:

Եվ սա ոչ թե պարզ հռչակում է, այլ միանգամայն գործնական ծրագիր:

Ավելին՝ միակ գործնականն այսօրվա առաջարկվող ծրագրերի մեջ:

Ի՞նչ է նշանակում Նժդեհի առաջնորդումը:

Այսօր ոչ մեկս՝ նույնիսկ լավագույնները չեն կարող լինել այն ինչ է՛ր Նժդեհն իր ժամանակում:

Սա առարկայական խնդիր է:

Նժդեհ դառնալու համար բավական չեն միայն բնատուր հատկությունները, որոնք իրենք իրենցով էլ եզակի են ու հազվագյուտ: Պետք են պայմաններ՝ ճանապարհ, կենագրություն, կազմակերպություն, փորձ՝ քաղաքական, հեղափոխական, ռազմական, մտավոր, որպեսզի Գարեգին Տեր-Հարությունյան անունով երիտասարդը կոփվի որպես Նժդեհ: Նման պայմաններ այսօր չունենք, և տարիներ, եթե ոչ տասնամյակներ են պետք, որ մի օր ունենանք:

Խմբային Նժդեհ

Վերջին պատերազմն ի հայտ բերեց, որ ո՛չ մեր սպայությունը, ո՛չ քաղաքական վերնախավը, ո՛չ մտավորականությունը չունեն նույնիսկ հեռավոր ներուժ գոնե ինչ որ չափով նման կերպար ի հայտ բերելու և առաջին պլան մղելու համար: Էլ չասած՝ մեկ անձի մեջ միաժամանակ՝ քաղաքական, ռազմական և մտավոր ներուժ միավորելու մասին:

Այդ իսկ պատճառով մեր միակ ելքն այն է, որ փորձենք դառնալ խմբային Նժդեհ՝ միավորելով բազմաթիվ համեստ ներուժեր՝ հասնելու համար գոնե Նժդեհի զորության մեկ քառորդ չափի:

Սրա համար մեզ պետք է ընդունել Նժդեհին որպես Հայաստանի հոգևոր առաջնորդ:

Ոչ թե խորհդանշական կերպով, ոչ թե պայմանական, ոչ թե հռչակագրային, այլ իրական, կենդանի՝ այստեղ ու այսօր գործող առաջնորդ:

Ինչպե՞ս է դա հնարավոր:

Լուծումը պարզ է:

Պետք է առաջնորդվել այն գաղափարներով, որոնք ձևակերպել է Նժդեհը, և որոնք Նժդեհը մարմնավորել է իր կյանքով ու պայքարով:

Որո՞նք են դրանք:

Հայաստանի անկախությունը անսակարկելի

Առաջին՝ Հայաստանի անկախությունը անսակարկելի:

Մեր նոր պատմության մեջ հերոսներ շատ ունենք, բայց Նժդեհն այն քչերից է, որոնք պայքարել են հանուն Հայաստանի անկախության բոլոր թշնամիների դեմ:

Նժդեհը մասնակցել է շատ մարտերի ու պայքարների, բայց նրան Նժդեհ դարձնողը, նրա կյանքի գագաթն և ա՛յն ինչի համար նրա անունը գրվել է Հայոց Պատմության մեջ Սյունիքի 1920-21 թթ.-ի կռիվն է ընդդեմ նրա խոսքերով ասած՝ թրքաբոլշևիզմի կամ ռուս-թուրքական համատեղ հարձակման Հայաստանի վրա:

Նժդեհը Նժդեհ է հենց այս պայքարով սովետական ագրեսիայի դեմ:

Չնայած եղել են այլ գործիչներ և զորավարներ, որոնք նույնպես հաջող կամ անհաջող պայքար են մղել այդ նույն ուժի դեմ (օրինակ զորավար Սեպուհը), բայց Նժդեհը միևնույն է եզակի է մնում նաև այս շարքում:

Հենց դրա համար էլ Նժդեհը համարվել է թշնամի նույնիսկ այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում արդեն թույլատրելի էին Անդրանիկի և հիմնականում հակաթուրքական պայքարում աչքի ընկած մյուսների անունները: Եվ հենց այդ պատճառով է, որ այսօր էլ Նժդեհը թիրախ է նեոսովետականության քարոզչության համար (հիշեք 2016-ից այս կողմ նրա մասին հնչած հայտարարություններն ռուսական այդ թվում պաշտոնյաների կողմից):

Պայքար բոլշևիզմի դեմ՝ ահա ինչ է այսօր էլ Նժդեհի առաջնորդումը:

Ասել է թե անխնա պայքար հանուն Հայաստանի անկախության:

Ոչ միայն դրա ձևական պահպանման, այլև իրական անկախության կառուցման համար:

Բոլշևիզմն այսօր փոխել է իր անունը, բայց էությունը մնում է նույնը:

Պայքար և դիմադրություն

Նժդեհյան հաջորդ գաղափարն է՝ պայքար և դիմադրություն:

Բայց ոչ թե պայքար և դիմադրություն որպես կենաց, հռչակագիր, գեղեցիկ խոսք: Այլ պայքարի և դիմադրության Նժդեհյան մոդելը, պայքարի մեխանիզմը:

Ի՞նչ է դա նշանակում:

Նժդեհի պայքարի մեխանիկան ցայսօր ճիշտ և մատչելի կերպով վերլուծված չէ մեր պատմագիտության կողմից: Շատերին թվում է, որ Նժդեհն ընդամենը մի միայնակ ֆիդայի էր, որը «հուռա՜ առա՛ջ» գոռալով սարից սար էր թռչկոտում սպիտակ ձին հեծնած:

Իրականության մեջ Նժդեհի պայքարը քաղաքական ճիշտ հաշվարկի, ռազմական ճիշտ կազմակերպման և գաղափարական ճիշտ ձևակերպման եզակի համադրություն էր մեր պատմության մեջ, և միայն այդ պատճառով հասել է որոշակի արդյունքի ի տարբերություն շատ այլ պայքարների:

Ո՞րն էր դրա կառուցվածքը:

Նժդեհի պայքարը Սյունիքում ժողովորդական էր:

Դա հենվնում էր և բխում էր Սյունիքի ժողովորդի տրամադրությունից և կամքից, որին, սակայն պակասում էր կազմակերպող և գաղափարական առաջնորդում, ինչն էլ ապահովեց Նժդեհը:

Նա չունենալով իր ենթակայության տակ բավարար թվով կանոնավոր ուժեր և պրոֆեսիոնալ սպաներ՝ հենց տեղի ժողովորդից ստեղծեց արդյունավետ զինուժ՝ կանոնավոր մարզումների, գաղափարական և կազմակերպչական աշխատանքի շնորհիվ:

Որպես ժողովորդական՝ սա պայքար էր հենված սեփական ուժերի վրա, սեփական, թեկուզ համեստ ներուժի արդյունավետ կազմակերպման և բացահայտման վրա:

Ժողովորդական պայքարի սկզբունքը Նժդեհը չի ստեղծել՝ նա հենվել է նախորդիվ աշխարհում և Հայաստանում կուտակված ժողովորդի հեղափոխական կազմակերպման փորձի վրա, սակայն Նժդեհն է, որ առեվալ հաջողությամբ կիրառել է հայկական իրականության մեջ:

Նժդեհի պայքարը Սյունիքում կազմակերպված էր, այլ ոչ թե տարերային:

Դա հախուռն գործողություն չէր: Մինչև բուն պայքարին անցնելը կատարվել է մտածված և բազմակողմանի կազմակերպչական աշխատանք, որը շարունակվել է կատարելագործվել նաև բուն պայքարի ընթացքում:

Նժդեհի պայքարն ուներ մտածված մարտավարություն:

Դա նախևառաջ բխում էր տեղի և ժամանակի պայմաններից ու իրավիճակից, սեփական փորձի ընդհանրացումից, այլ ոչ թե մեխանիկական պատճենում էր եղած մոդելների: Առանց մտքի հնարավոր չէ պայքար, և Նժդեհյան մարտավարությունը մտածված էր սկսած բարձրագույն մակարդակից մինչև տեխնիկական դետալներ՝ միասնական համակարգի մեջ:

Նժդեհը հենվում էր նաև ճկուն քաղաքական հաշվարկի և հարաբերությունների վրա: Նա ճշգրիտ պատկերացում ուներ թշնամու՝ բոլշևիզմի քաղաքական էության, այդ թվում դրա թույլ կետերի մասին:

Բարեկամական հարաբերություններ էր կառուցում հարևան Պարսկաստանում, այդ թվում տեղի թուրքալեզու իշխանների հետ՝ համատեղ հակաբոլշևիկյան տրամաբանության մեջ: Ճկունություն դրսևորելով նա իր պայքարի որոշ փուլերում չի խորշել նույնիսկ տեղի թուրքերի հետ կապեր հաստատելու փորձերից՝ նույն համատեղ հակաբոլշևիկյան պայքարի տրամաբանության մեջ:

Նժդեհի պայքարը գաղափարական էր:

Գալով Սյունիք ՝ նա հենց սկզբից, բացի ժողովորդի կազմակերպումից և մարտական պատրաստությունից, մեծ դեր տվեց գաղափարական պատրաստությանն ու կազմակերպմանը՝ ձևակերպելով ժողովորդական պայքարի վառ կարգախոսներ և խորհդանիշներ, հենվելով մի կողմից Հայոց պատմության վրա, մյուս կողմից փոխառելով նաև այլ ազգերի մշակույթներից (Ճապոնիա, Բուլղարիա):

Նժդեհի պայքարը հաջողակ էր և արդյունավետ:

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կանոնավոր ուժերը հաճախ պարտվում էին իրենցից ավելի ուժեղ թշնամիների դեմ պայքարում, Նժդեհյան պայքարը հենված լինելով շատ ավելի սահմանափակ ռեսուրսների վրա, հասնում էր հաջողությունների շնորհիվ վերը թվարկած գործոնների՝ ժողովորդականություն, կազմակերպում, մարտավարություն, քաղաքականություն, գաղափարականություն: Սրանով ապացուցելով իր և մեր ժամանակների «իմաստուններին», որ խնդիրը հաճախ ոչ թե ռեսուրսն է, այլ դրա ճիշտ օգտագործումը:

Քաջություն

Նժդեհի մյուս առանցքային գաղափարն է՝ արիությունը կամ քաջությունը:

Սա միայն սովորական մարտական արիությունն ու քաջությունը չէ, այլ արիություն ու քաջություն է՝ մտքի, խոսքի և գործի:

Արի միտքը համարձակ է, բաց է հնարավորությունների առաջ, արագ է և ճկուն միաժամանակ:

Արի միտքը սթափ է իրական սթափությամբ, որովհետև վախն է, որ անջատում է բանականությունը, ստիպում է մարդուն գործել խուճափային անմտության մեջ, հապճեպ, հարբեցողի անվստահ քայլերով:

Արիությունը ստեղծում է վստահ, հստակ ու պարզ օդի պես մաքուր պատկերներ, թույլ է տալիս գտնել ճիշտ լուծումներ՝ առանց փախուստի ու խուճապի:

Այնտեղ, ուր վախը ստեղծում է աղետների ու կարծանումների պատկերներ, արի միտքը տեսնում է հնարավորությունների դաշտ:

Արի խոսքը չի վախենում բարձրաձայնել ճշմարտություններ, ազնիվ է և գեղեցիկ ձևակերպված՝ հասանելի ու հստակ:

Արիությունը գործում՝ վճռականությունն է և ստեղծագործականությունը:

Վճռական իրավիճակներում հաղթում է վճռականը:

Իսկ սեփական ուժերին հավատքից բխում է ստեղածգործական մոտեցումը, որն անհնար է առանց ինքնուրույնության, ինքնուրույն մոտեցման խնդիրների լուծմանը:

Նժդեհն վերականգնում է հայերեն քաջ բառի հին իմաստը:

Հին հայերենում քաջ բառի առաջին իմաստն է՝ լավ, ընտիր, և այս իմաստից է, որ զարգանում է նաև՝ խիզախ, արի իմաստը: Սրա հականիշն է «վատ» բառը, որը հին հայերենում նշանակում է, բացի մեր իմացածից նաև՝ «ծույլ, անարի, վախկոտ, թույլ»: Օրինակ մարտի դաշտը լքածի մասին ասում էին՝ «վատություն անել»:

Սրանով բացահայտվում է հին հայկական բարոյական կոդեքսը, որը լավը նույնացնում է քաջության, իսկ վատը՝ վախկոտության, անարիության հետ:

Հենց այս հին հայերեն իմաստից էլ պահպանել ենք, օրինակ, «քաջ գիտակցել» արտահայտությունը, որը նշանակում է լավ գիտակցել: Այստեղ լավ գիտակցությունը, այսինքն՝ բանականությունը, իմաստությունը նույնացվում է քաջության, արիության, համարձակության հետ:

Նժդեհը միավորում է միտքն ու բազուկը:

Նժդեհը եզակի է մեր գործիչների մեջ, ով հավասարապես ուժեղ է և որպես մտածող ու գրող, և որպես ռազմական գործիչ:

Նժդեհի առաջնորդությունը նշանակում է հոգևոր, քաղաքական և մարտական ուժի միավորում:

* * *

Նժդեհի կենդանի կերպարը

Նժդեհի կենդանի կերպարը կարծես ստեղծված լիներ 30 տարի առաջ անկախացած Հայաստանի խորհդանիշն ու առաջնորդող հոգին լինելու համար:

Նրա մասունքները գաղտնի տեղափոխվեցին Հայաստան՝ անկախությունից մի քանի տարի առաջ՝ 1983-ին:

Նրա անունը վերածնունդ ապրեց 1980-ականների վերջից՝ շնորհիվ նվիրյալների ջանքերի:

Սակայն նա չդարձավ անկախ Հայաստանի առաջնորդ:

Նրա անունը շահարկող Հայաստանի նախկին իշխող ուժը, ինքը վաղուց կորցրել էր իր ինքնությունը և կապը իրեն ստեղծող անկախական գաղափարի հետ, Նժդեհի պես հզոր ուժից միայն դատարկ, անբովանդակ մի ֆետիշ կարողացավ ներկայացնել՝ լռեցնելով գլխավորը՝ նրա պայքարի անկախական և հակաբոլշևիկյան հզոր ներուժը:

Բայց չնայած իշխող ուժի նկատմամբ ողջ ատելությանը՝ ժողովուրդը չհրաժարվեց Նժդեհից, բնազդորեն զգալով այդ հզոր Հոգու ուժը, որի զորությունը, սակայն, նրան ոչ ոք ճիշտ չբացատրեց:

Սակայն դրսից կազմակերպված ու ղեկավարվող նոր գրոհը Նժդեհի դեմ կարծես վերին նշանը լիներ, որը մեզ կրկին հուշեց և ցույց տվեց, թե որտեղ է մեր թաքնված զորությունը:

Ոչ մի հայ գործիչ նույն թշնամական վերաբերմունքի չի արժանանում, ինչ Նժդեհը: Եվ պատճառն ամենևին էլ Գերմանիայի հետ Երկրորդ Համաշխարհայինում համագործակցությունը չէ: Գերմանիայի հետ համագործակցել է նաև Դրոն, ով 1920-21 թթ.-ին ռուսական կողմնորոշման կողմանկիցներից էր, և որի աճյունը բերվել է Հայաստան ռուսական կողմնորոշում ունեցող իշխանության օրոք՝ առանց որևէ խնդրի:

Նժդեհի նկատմամբ քարոզարշավի իրական պատճառը

Նժդեհի նկատմամբ քարոզարշավի իրական պատճառը Նժդեհի պայքարն է Սյունիքում ռուսական բանակի և նրա դաշնակից Սովետական Ադրբեջանի դեմ: Սրա համար էլ, ի դեպ, Նժդեհին դատել են Սովետական Միությունում, այլ ոչ թե գերմանացիների հետ համագործակցության համար:

Եվ, իհարկե, պատահական չէ, որ Նժդեհի դեմ նոր թշնամանքը ծավալվեց 2016-ից՝ այն պահից երբ հին դաշնակիցները նոր ագրեսիա ծրագրավորեցին ու իրականացրեցին Հայաստանի դեմ՝ ի վերջո հասնելով նրան, որ իրար մեջ երկու մասի բաժանեցին հայկական Արցախը, որից հետո աչք դրեցին Սյունիքի բաժանման վրա (ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի հռչակագրի՝ Սյունիքով անցնող ճանապարհը պետք է վերահսկվի ռուսական սահմանապահ զորքի կողմից), այսինքն՝ իրականացվում է ճիշտ այն նույն 1920-21 թթ.-ի սցենարը, որի դեմ ուղղված էր Նժդեհի հիմնական պայքարը:

* * *

«Մի ժողովրդի հզորագույն զինակիցերը պատերազմի ժամանակ նախ և առաջ մեծ մեռելներն են: ….Չափվում են բանակները, ժողովուրդները, հաղթում՝ մեռելները»:

Լեռնային դժվար մատչելի բարձունքում գտնվող և խորհդանշական՝ Սպիտակավոր անունը կրող հին սրբավայրի հեռավոր գերեզմանից գալիս է լույս և տաքություն:

Բոլորից առանձնեցված նաև իր հետմահու ճակատագրով, իր վերջին հանգրվանի տեղադրությամբ, հայոց երկրի կենտրոնում՝ բնակավայրերից հեռու Նժդեհի կենդանի հոգին ճառագայթում է զորություն և ձգողական կենտրոն է ստեղծում՝ հանդարտ, արևային, ինքնաբավ ուժի:

Այստեղ է թաքնված առաջնորդումն ու արքայությունը:

Այստեղ է հայոց թագավորն ու Հայոց թագավորությունը:

«Ո՞վ է սա թագավոր փառաց, տեր հզոր զորությամբ յուրով, տեր կարող ի պատերազմի»:

«Փթած են մեր հին զենքերը, եղծանված է հին մագաղաթը: Նոր ավետարանի խոսքը պետք է լսենք հիմա, – Ավետարանը Արիության:

Վահագնի հետ պիտ խոսենք հիմա – Աստվածը հին արիական հայության: Մի նոր գիրք պիտ դրվի մեր ժողովորդի ձեռքը – Ավետարանը Արիների»:

2022 ապրիլ 24-մայիս 4

Սպիտակավոր, Եղեգնաձոր – Երևան

Social