ՀՀ կառավարությունը և Ալիևը փլուզում են մեր անվտանգության համակարգը
«Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է
Ի՞նչ է տեղի ունենում Տավուշում, փորձեմ ներկայացնել ականատեսի աչքերով։
Կառավարությունը և Ալիևը սկսել են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որը տեղի է ունենում ՀՀ պետական սահմանի մարտական դիրքերի զիջման հաշվին։ Այսինքն՝ մենք ոչ միայն հող ենք հանձնում, այլև բարոյալքում ենք այդ դիրքերում կանգնած մեր զինվորականներին, որոնք առանց պայքարի հանձնում են այն դիրքերը, որոնք 1994 թ.-ից ստեղծվել են արյամբ և ապահովել են մեր երկրի անվտանգությունն ու ներքին բնականոն կյանքը, որոնց շնորհիվ հայկական գյուղերը և միջպետական ճանապարհը եղել են անվտանգ։
Տեղում ադրբեջանական սահմանապահները դուրս են գալիս իրենց խրամատներից ու միզում հայկական դիրքերի ուղղությամբ, փորձում ամեն կերպ նվաստացնել թե՛ մեզ, թե՛ մեր զինվորներին, ցույց են տալիս իրենց առավելությունը, որն իրականում գոյություն չունի։ Իսկ մեր կառավարությունը ստիպում է հանձնել դիրքերն ու հետ շարժվել։ Եվ ամենազարհուրելին այն է, որ մեր կառավարությունը սա ներկայացնում է իբրև հաղթանակ։
Հնարավոր է, որ դա այդպես է, բայց դա հաղթանակ է միայն Ադրբեջանի համար։
Որոշ քաղաքական ուժեր փակել են Կիրանցի ճանապարհը, մարդիկ էլ միացել են, որովհետև դրանով են տեսել իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու ձևը։ Սակայն ճանապարհի այս հատվածը փակ պահելը ձեռնտու է միայն Նիկոլին ու Ալիևին, որովհետև երեկվանից արդեն Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը փակել էին ՀՀ Պարեկային ծառայության աշխատակիցները, որպեսզի ադրբեջանական ուժերը շարժվեն առաջ, որի արդյունքում Կիրանց-Ոակեպար-Բաղանիս միջպետական ճանապարհը փակ է մնալու ընդմիշտ։
Միջպետական ճանապարհն ունի Բագրատաշենից Ալավերդի այլընտրանքային ուղի։ Եվ երբ Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակիչները որոշեցին փակել այդ ճանապարհը, մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի ջղաձգումներ առաջացան կառավարության մեջ, և թե՛ ոստիկանները, թե՛ խուլիգանները, թե՛ ընդդիմադիր պատգամավորը (ի միջի այլոց, այս մարդն իբր կանգնած էր ճանապարհ փակողների կողքին, բայց հենց ի՛ր նախաձեռնությամբ էլ այն բացվեց) ամեն գնով փորձում էին բացել այդ ճանապարհը։
Եվ ոչ մեկի մոտ հարց չի ծագում, թե ինչու՛ նույն ջանասիրությամբ չեն փորձում բացել Կիրանցի ճանապարհը։ Իսկ պատասխանը հստակ է. որովհետև այդ ճանապարհի փակ մնալը ձեռնտու է Ադրբեջանին։ Խոսքիցս կարող է թվալ, թե ես մեղադրում եմ Կիրանցում կանգնած մեր ընկերներին, բայց դա այդպես չէ։ Այնտեղ հիմնականում ամենաազնիվ ու նվիրյալ մարդիկ են։ Իմ խոսքն ուղղված է կազմակերպիչներին, որոնք այդ մարդկանց մոլորության մեջ են գցում և հավատացնում, թե այդ ճանապարհը փակ պահելով՝ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքին։
Իսկ ի՞նչ է պետք անել. պետք է ամեն կերպ բաց պահել Կիրանցից մինչև Նոյեմբերյան ճանապարհը և հատկապես՝ Ոսկեպար-Բաղանիս ուղիղ ճանապարհը, ոչ թե շրջանցիկը։
Անդրադառնամ նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։ Սա կեղծ օրակարգ է, որի մասին «Մարտական Եղբայրություն» միաբանությունը բազմիցս նշել է։ Չի կարող նման գործընթաց տեղի ունենալ առանց խաղաղության, առանց չկարգավորված բազմաթիվ հարցերի, առանց Արցախի հարցը ի շահ հայերի լուծելու։ Այս գործընթացը նախաձեռնում են պատերազմի ավարտից 30-40 տարի հետո, իսկ մեր կառավարությունը մեր դեմ տարվող պատերազմի ընթացքում, սահմանազատում և սահմանագծում ասելով, շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքների ու մարտական դիրքերի զիջումը։
Հ.Գ. Այս ամենը կասեցնելու համար մենք պիտի պատրաստ լինենք մեր սահմանները պահել ուժով, իսկ դրա այլընտրանքը լինելու է Ադրբեջանի կողմից պատերազմը՝ ուղղակի մեզ համար ավելի վատ դիրքերից։