Ռուսներն ու թուրքերը ոչ թե պատերազմ են ուզում, այլ` Հայաստանի անկախությունը
կնախընտրեն հարցը լուծել առանց պատերազմի
Լավ հիշում եմ, երբ 2020-ին ինձ պես մտածողներն ասում էին, թե պատերազմը Ղարաբաղյան չէ, հայ-ադրբեջանական չէ, այլ ռուսական քաղաքականության մաս է, և խնդիրն էլ Ղարաբաղը չէ, այլ Հայաստանն ու Հայաստանի անկախությունը, այսօրվա կառավարող թիմի անդամներն ու իրենց կողմնակիցների զգալի մասն աչքերը պլշած նայում էին՝ Հրանտը չափազանցնում է, Հրանտը երևի գժվել է…
Հիմա՝ երեք տարի անց իբր հասկացել են:
Շեշտը՝ իբրն է:
«Հասկացել են» և կներեք, պետք է կոպիտ ու ուղիղ ասեմ՝ արել են այդ «հասկացածից» հնարավոր ամենադեբիլ եզրակացությունը՝ «Ղարաբաղից հրաժարվենք, որ ռուսներից պրծնենք ու անկախ Հայաստան ունենանք»:
Ինչո՞ւ եմ այդքան կտրուկ բնորոշում այս եզրակացությունը:
Որովհետև, եթե մեկն իրոք, այլ ոչ թե ըստ ձևի հասկանար, որ 2020 թվի պատերազմի և հետպատերազմյան իրավիճակի խնդիրն Արցախը չէ, այլ Հայաստանն ու Հայաստանի անկախությունը, նա առանց դժվարության կհասկանար, որ եթե հարցը Ղարաբաղը չէ, ապա Ղարաբաղով, այդ թվում Ղարաբաղի զիջմամբ անհնար է իրավիճակից ելք գտնել:
Արևի լույսի պես պարզ բանաձև է սա՝ եթե հարցը Իքսը չէ, ապա Իքսի հետ «մանիպուլյացիա» անելով` հնարավոր չէ հարց լուծել:
Ղարաբաղը միայն առիթ էր և է՛ այսօր:
Տվեցիր Ղարաբաղը՝ խաղը շարունակվելու է այլ՝ հազարավոր առիթներ ստեղծելով, որոնք ստեղծելու հնարավորությունը թե՛ ռուսները, թե՛ Ադրբեջանի թուրքերն ունեն շատ և ստեղծում են:
Ընդ որում՝ պարզ է այսօր արդեն, որ նաև Ադրբեջանի համար հարցը Ղարաբաղը չէր ու չէ:
Սա էլ զարմանալի չէ: Եթե դու նորմալ, առողջ մարդ ես, կամ պետություն ես, այլ ոչ թե հայ վերնախավի պես դեկորատիվ մի գոյակցություն, դու տեսնելով, որ դեմդ ուժ չկա, հերթով դնում ես ու փորձում ես լուծել քո ազգային-պետական նպատակները: Ադրբեջանին հազար տարի պետք չի Հայաստանի հետ ինչ որ միֆական խաղաղություն: Ադրբեջանին պետք է իր ազդեցության տարածում, իր նոր՝ հաղթողի կարգավիճակի ամրապնդում ու հնարավոր լայնացում: Դա, կրկնեմ, նորմալ ռեակցիա է՝ նորմալ պետության և նույնիսկ կասեի՝ նորմալ օրգանիզմի:
Հիմա արևի լույսի պես պարզ այս տրամաբանությունը հաստատվում է նաև փորձով:
Հայաստանը հրաժարվել է Արցախից: Պաշտոնապես: Ասել է` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետո ճշտել է՝ էս ինչ սահմաններով, որի մեջ մտնում է նաև Ղարաբաղը: Ամիսներ են անցել, բայց այդ՝ հնարավորինս առավելագույն զիջման դիմաց, Հայաստանը չի ստանում ոչինչ: Առավել ևս՝ խաղաղության պայմանագիր:
Ապշեցուցիչն այն է, որ մեր հանրային միտքը իր մեծամասնությամբ այստեղ նույնիսկ հարց չի տեսնում, էլ չասած՝ պատասխան փորձի գտնել:
Այսինքն՝ մարդիկ չեն հարցնում, լավ բա, եթե այսքանից հետո էլ Ադրբեջանը չի ուզում մեզ հետ խաղաղություն ստորագրի, կարո՞ղ է խնդիրն այն չէ, ինչ մենք պատկերացնում ենք: Ճիշտն ասած պատասխանը պարզ է՝ իհարկե դուք ամեն բան սխալ եք պատկերացրել:
Պարզից էլ պարզ է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանն անմիջապես չի հետևում խաղաղության պայմանագրի ստորագրում կամ նվազագույնը՝ թշնամական քաղաքականության վերացում, ուրեմն՝
«Ղարաբաղը տանք, որ անկախ Հայաստան ունենանք» առանց այդ էլ՝ ավանակամիտ բանաձևը, վերջնականապես ապացուցում է իր սնանկությունը արդեն նաև գործնականորեն:
Հրանտ,
«Մարտական եղբայրություն» միաբանություն