Մարտական Եղբայրություն միաբանության հարցարանը
ուղղված քաղաքական ուժերին և գործիչներին
Մարտական Եղբայրություն միաբանության հարցարանը` ուղղված քաղաքական ուժերին և գործիչներին
Պարզաբանելու համար Մարտական Եղբայրության դիրքորոշումն այս կամ քաղաքական շարժման կամ ուժի հանդեպ հրապարակում ենք մեր հարցարանը։
Որևէ ուժի գնահատում ենք` ելնելով այս հարցերին տրվող պատասխաններից։
1. 2020-ի նոյեմբերի 9-ի Հռչակագրի վերաբերյալ
1.1. Արդյո՞ք համարում են, որ ճիշտ էր 2020 թ. նոյեմբերի 9-ին համաձայնելը պատերազմի դադարեցմանը, Ադրբեջանի բանակի կողմից չզբաղեցրած տարածքների հանձնմանը և ռուսական խաղաղապահ զորքի` Արցախ մուտք գործելուն:
Եթե ճիշտ չէր, ապա ո՞րն էր այլընտրանքը:
1.2. Արդյո՞ք ճիշտ են համարում, որ այսօր Հայաստանն իր ստորագրությունը հետ կանչի նոյեմբերի 9-ի Հռչակագրից` հաշվի առնելով նաև, որ այդ Հռչակագրի որևէ կետ չի գործում, բացի ռուսական վերահսկողությամբ Նախիջևան-Ադրբեջան կապի ապահովման պահանջից, որը ներկայացվում է Հայաստանին:
1.3. Ինչպե՞ս են գնահատում 2020 թ.֊ի պատերազմի արդյունքը. արդյո՞ք պարտությունն անխուսափելի էր, արդյո՞ք պետք էր կանխել պատերազմը՝ համաձայնելով «Լավրովյան պլանին», արդյո՞ք պետք էր պատերազմը սկսվելուց հետո օր առաջ համաձայնել դրա դադարեցմանը` առաջարկվող պայմաններով:
2. Խաղաղության պայմանագրի (ԽՊ)-ի վերաբերյալ
2.1. Ինչպե՞ս են վերաբերվում ԽՊ-ի հեռանկարին: Արդյո՞ք իրատեսական են համարում այն և ի՞նչ պայմաններով: Ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը շարունակում է պնդել Զանգեզուրի միջանցքի պայմանը: Արդյո՞ք համարում են, որ միջանցքի պայմանը ոչ միայն թուրք-ադրբեջանական է, այլև ռուսական:
2.2. Արդյո՞ք համարում են, որ ստեղծված պայմաններում Հայաստանի միակ ելքը վերադարձն է ուժային քաղաքականությանը, ուժին ուժով պատասխանելուն և հայ ժողովրդի` նորից ուժային գործոնի վերածվելուն: Եթե այո, ապա ինչպե՞ս:
2.3. Արդյո՞ք համարում են, որ գոյություն ունի ռուս-ադրբեջանական համագործակցություն, և որ հնարավոր չէ Ադրբեջանի հետ առանձին հաշտության գալ՝ անտեսելով ռուսական գործոնը:
3. Սահմանազատման և տարածքային ամբողջականության վերաբերյալ
3.1. Արդյո՞ք համարում են, որ ներկա փուլում ընդհանրապես հնարավոր է և պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցկացնել սահմանազատում։ Եթե այո, ապա ինչու և ինչպես, եթե ոչ, ապա ինչու:
3.2. Արդյո՞ք համարում են, որ Հայաստանի լեգիտիմ սահմանները Սովետական Հայաստանի սահմաններն են, և որ Ալմա Աթիի հռչակագիրը Հայաստանի տարածքային ամբողջականության միջազգային հիմքն է։
3.3. Արդյո՞ք ճիշտ են համարում ներկա կառավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը 2022-23 թթ.։
4. Պաշտպանության ոլորտի բարեփոխումներ
4.1. Ինչպե՞ս են պատկերացնում երկրի Պաշտպանության ոլորտի բարեփոխումը: Արդյո՞ք ունեն մշակված հայեցակարգ: Արդյո՞ք ունեն անցած պատերազմում պարտության պատճառների վերլուծության փորձ: Արդյո՞ք համարում են, որ պետք է փոխվեն բանակի մոդելը և տակտիկան: Արդյո՞ք ունեն պատկերացում հաջորդ պատերազմի բնույթի, տևականության, հնարավոր ուղղությունների մասին:
5. Անկախության վերաբերյալ
5.1. Արդյո՞ք հնարավոր են համարում Հայաստանի անկախության հարցում որևէ փոխզիջում, սահմանափակում, օրինակ` որևէ վերպետական կառույցին Հայաստանի անդամագրում՝ «հանուն անվտանգության» և այլ պատճառաբանություններով:
5.2. Ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի իրական անկախության կառուցումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ էներգետիկա, հանքարդյունաբերություն և այլն, կախվածության նվազեցումը արտաքին ուժերից, եթե առհասարակ այդ հարցն արդիական են համարում:
6. Իշխանափոխության և հեղափոխության վերաբերյալ
6.1. Արդյո՞ք համարում են, որ ներկա կառավարության քաղաքական կուրսը լիովին սպառել է իրեն և այլևս չունի որևէ հեռանկար:
6.2. Արդյո՞ք համարում են, որ Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, եթե ոչ` բոլորը հավասարապես, ապա ամենքն իր չափով պատասխանատու են պարտության և դրա հետևանքների համար, և չպետք է այլևս քաղաքական դաշտի առանցքային մասը կազմեն, այլ պետք է զրկվեն տնտեսական, ֆինանսական, լրատվական և քաղաքական ռեսուրսների մեծամասնությանը տիրապետելուց: