Պայքարը հանուն անկախության շարունակվում է

«Մարտական եղբայրության» հայտարարությունը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ

Անկախությունը ոչ միայն իրավական կարգավիճակ է, այլև բովանդակություն՝ անկախության գաղափարը սպասարկող, պաշտպանող և զարգացնող ազգային-պետական համակարգեր՝ զինված ուժեր, ազգային անվտանգություն, գիտություն, կրթություն, եկեղեցի, տեղեկատվական դաշտ, քաղաքական դաշտ և այլն, ինչը Հայաստանում լիարժեքորեն չի գիտակցվել որևէ կառավարության օրոք վերջին 30 տարում

ա.

«Մարտական եղբայրությունը» վերահաստատում է իր անվերապահ հավատարմությունը Հայաստանի անկախությանը, որը մեզ համար կրոնական հավատքի արժեք ունի:

բ.

Ազգի քաղաքական անկախությունը ոչ միայն գեղեցիկ խոսք ու բարձր արժեք է, այլև ինչպես բազմիցս ապացուցել է պատմությունը՝ ազգային անվտանգության գլխավոր երաշխիք:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ ոչ մի արտաքին ուժ չի կարող ապահովել և երաշխավորել հայ ժողովորդի անվտանգությունը: Անկախության զիջումը հանուն անվտանգության երաշխիքի միշտ էլ բերել է հայ ժողովորդի ծանր կորուստների և պարտությունների:

գ.

Միաժամանակ առանց ինքնապաշտպանվելու՝ սեփական սահմանների և ժողովրդի անվտանգությունն ապահովելու կարողության հարցականի տակ է երկրի ինքնիշխանությունը, ինչի վառ վկայություն է այսօրվա Հայաստանը: Ինքնիշխանությունը սկսվում է սեփական սահմաններն ու ժողովորդին պաշտպանելու կարողությունից:

դ.

2020 թվականի աշնան պատերազմն ի հայտ բերեց, որ վերջին 30 տարվա մեջ, ձեռք բերելով իրավական անկախություն, մենք լրջագույնս թերացել ենք իրական բովանդակային անկախություն կառուցելու գործում, ինչը և դարձավ պատերազմում պարտության առավել հիմնարար պատճառը:

Անկախությունը ոչ միայն իրավական կարգավիճակ է, այլև բովանդակություն՝ անկախության գաղափարը սպասարկող, պաշտպանող և զարգացնող ազգային-պետական համակարգեր՝ զինված ուժեր, ազգային անվտանգություն, գիտություն, կրթություն, եկեղեցի, տեղեկատվական դաշտ, քաղաքական դաշտ և այլն, ինչը Հայաստանում լիարժեքորեն չի գիտակցվել որևէ կառավարության օրոք վերջին 30 տարում:

ե.

2020 թվականի պատերազմն իր էությամբ ոչ թե սոսկ Ղարաբաղյան կամ հայ-ադրբեջանական պատերազմ էր, այլ Հայաստանյան և հանուն անկախության պատերազմ էր: Պարտվեցինք, որովհետև չունեինք համարժեք քաղաքական առաջնորդում և համարժեք ազգային-պետական համակարգեր: Միաժամանակ հայ ժողովուրդը թե՛ ճակատում, թե՛ թիկունքում ի հայտ բերեց պայքարի և դիմադրության ներուժ, որը, եթե ճիշտ կերպով ղեկավարվեր և կազմակերպվեր կարող էր բերել հաղթանակի:

զ.

Այսօր շարունակվում է թե՛ պատերազմը (ոչ լայնածավալ) թե՛ պայքարը հանուն անկախության: Այս պայքարում մենք առայժմ չունենք լիարժեքորեն հայկական անկախ պետություն: Փաստացի անկախության պակասը հասել է այն կետի, որ հարցականի տակ է դրված արդեն նաև իրավական անկախությունը:

է.

Մյուս կողմից՝ իրապես անկախ Հայաստանը կարող է ծնվել միայն պայքարից: Բովանդակային անկախությունը չի կարող ստեղծվել զուտ տեսությամբ կամ էլ թեկուզ աշխարհի լավագույն քաղաքական ծրագրով: Տեսություններն ու ծրագրերը կենսունակ կարող են դառնալ միայն պայքարի մեջ և պայքարի շնորհիվ:

ը.

Այսօր անկախության հարցը նորից պետք է դրվի՝ թե՛ տեսությամբ, թե՛ գործուն պայքարով: Պետք է ձևակերպվի անկախության կառուցման և վերակառուցման ծրագիր:

թ.

Հիմքում պետք է ընկած լինի նախ՝ դիմադրության և ինքնապաշտպանության սկզբունքը: Քանի դեռ չենք վերահաստատել մեր կամքը՝ լինել ինքնիշխան և անհրաժեշտության դեպքում ուժով պաշտպանելու այդ ինքնիշխանությունը, ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստելու՝ ո՛չ թշնամի, ո՛չ բարեկամ:

ժ.

Մյուս հիմնարար գաղափարը պետք է լինի հենքը սեփական ուժերի վրա, երրորդ ուժի բացառման օրենքը:

ի.

Երրորդ գաղափարն է՝ անկախության բովանդակության կառուցման ծրագիրը՝ գործուն, իրապես հայկական, ազգային և պետական համակարգերի ձևավորումը:

լ.

Մինչ այս սկզբունքների իրականացումը, մենք հաստատում ենք մեր կամքը՝ պայքարել անկախության ամեն միլիմետրի համար՝ անկախության ուխտի մոլեգնությամբ և անկախության բանակի տրամաբանությամբ՝ զուգահեռ ներկայացնելով կոնկրետ ծրագրային առաջարկներ խնդրի վերաբերյալ:

Երևան-Տափերակա՞ն, 2021 թ.-ի սեպտեմբերի 21

Social