« Զենքի շրջանառության կարգավորման մասին » օրենքի վերաբերյալ առաջարկներ
Մարտական Եղբայրությունը կարևորելով քաղաքացիական զենքի հասանելիության հնարավորությանը քաղաքացաների լայն շրջանակում, որպես թշնամիներից պաշտպանության և ռազմամարզական վարժանքների միջոց ս.թ. ապրիլի 28-ին ուժի մեջ մտնող «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում նկատելով մի շարք մտահոգիչ ձևակերպումներ դիմել է առաջարկներով պետական մարմիններին, մասնավորապես՝ Կառավարությանը, Ոստիկանությանը, Արդարադատության նախարարության և Ազգային ժողովի պատգամավորներին։
1.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիական և ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության հարմարանքներ տեղադրելը, բացառությամբ որսորդության և սպորտային հրաձգության համար նախատեսված նշանոցների, գիշերային նշանոցների և նշանառության հարմարանքների, կոթերի և այլ պարագաների, որոնք չեն հանգեցնում զենքի հիմնական մասերի փոփոխության։
Վերոնշյալ դրույթը չի ընդգրկում ռազմամարզական և ուսումնական վարժանքների դեպքերը, իսկ ժամանակակից զենքերի լիարժեք կիրառման համար անհրաժեշտ են անաղմուկ հրաձգության և գիշերային նշանառության հարմարանքներ և այլ պարագաներ։ Բացառությունների շարքում ռազմամարզական և ուսումնական վարժանքները նախատեսելու պարագայում փաստացի թվարկվում է զենք կրելու և կիրառելու բոլոր հնարավոր օրինական տարբերակները, հետևաբար, նման արգելքի սահմանումը իմաստազրկվում է և միայն առաջացնում է հավելյալ խոչընդոտներ անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության հարմարանքներ տեղադրող անձանց համար։
2.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ լիցենզիաների գործողությունը դադարեցվում, կասեցվում և թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում օրենքով սահմանված կարգով, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը։
Իրավական որոշակիության սկբունքին համահունչ նպատակահարմար կլինի «մյուս տեխնիկական բնութագրերը» հասկացությունը հստակեցնել կամ թվարկել այդ տեխնիկական բնութագրերը, քանի որ արդարացված չէ, որ ցանկացած աննշան փոփոխություն հանգեցնի նման բացասական հետևանքների։
3.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո քաղաքացիական համակցված կամ ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին:
Առաջարկում ենք «21 տարին լրացած քաղաքացին» արտահայտությունը փոխարինել «21 տարին լրացած քաղաքացին կամ պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին» բառերով, քանի որ նոր զորացրված քաղաքացին ունի զենք կրելու և կիրառելու հմտությունները պարբերական մարզումների և վարժանքների միջոցով պահպանելու և շարունակաբար կատարելագործելու անհրաժեշտություն։ Նշենք նաև, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների համար առանձնահատուկ իրավական ռեժիմի սահմանումը տարածված պրակտիկա է։ Այպես, Իսրայելի “Զենքի մասին” օրենքը հատուկ կարգավորում է նախատեսում Իսրայելի զինված ուժերում ծառայություն անցած քաղաքացիների պարագայում՝ զենք ձեռք բերելու համար սահմանելով մյուս քաղաքացիներից անհամեմատ ցածր տարքիային շեմ։
4.
Օրենքով նախատեսված չէ ֆիզիկական անձանց՝ քաղաքացիական զենքի փամփուշտների համար նախատեսված հրապատիճ, վառոդ, գնդակ, պարկուճ և կոտորակ ներմուծելու, ինչպես նաև փամփուշտների լիցքավորման հնարավորություն։
Հաշվի առնելով, որ փամփուշտների լիցքավորումը տարածված պրակտիկա է դիպուկահարների, որսորդների շրջանում՝ առաջարկում ենք ֆիզիկական անձանց համար ստեղծել հնարավորություն՝ ներմուծել քաղաքացիական զենքի փամփուշտների համար նախատեսված հրապատիճ, վառոդ, գնդակ, պարկուճ և կոտորակ, ինչպես նաև իրականացնել փամփուշտների լիցքավորում։
Միևնույն ժամանակ, ընկալելով Օրենսդրի մտահոգության հիմքերը, նպատակահարմար ենք համարում անվտանգային նկատառումներից ելնելով, նման գործունեության իրականացման համար սահմանել հատուկ թույլտվության պահանջ։
5.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի “կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումը” ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև նշված օրենքով որպես իրավախախտման տեսակ սահմանված չէ, որպիսի պարագայում նշված կարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից։
Ուստի՝ առաջարկում ենք հստակ սահմանել՝ որ իրավախախտումների մասին է խոսքը տարընթերցումներից և հակասական պրակտիկայից խուսափելու նպատակով։
6.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի` “Լիցենզիաների գործողության դադարեցումը, կասեցումը և թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելը, զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը” վերտառությամբ 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հստակ սահմանված չէ, թե տվյալ հոդվածի 1-ին մասով նախատեսված որ իրավական հետևանքն է վրա հասնում։ Մասնավորապես՝ նշված դրույթը սահմանում է․ “Լիցենզիաների գործողությունը դադարեցվում, կասեցվում և թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում օրենքով սահմանված կարգով, եթե՝ (․․․)”, վկայակոչված իրավական ներգործության միջոցները չեն կարող միաժամանակ կիրառվել, իսկ եթե կիրառելի է դրանցից մեկը, ապա դա ոչ միայն հանգեցնում է լիազոր մարմնի անսահմանափակ հայեցողության, այլև քննարկվող դրույթը խնդրահարույց է դարձնում իրավական որոշակիության և կանխատեսելիության առումով, քանի որ նորմի ձևակերպումից պարզ չէ՝ կոնկրետ դեպքում ինչ հետևանք կարող է առաջանալ։
Նշենք նաև, որ մեր կողմից առաջարկվող տրամաբանությունն է գործում “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքում, որով հստակ տարանջատված են լիցենզիայի գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերը։
Ուստի՝ առաջարկում ենք հստակ տարանջատել լիցենզիաների գործողության դադարեցման, կասեցման և թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու, զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցնելու հիմքերը և կարգը։
7.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի` “Լիցենզիաների գործողության դադարեցումը, կասեցումը և թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելը, զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը” վերտառությամբ 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ լիցենզիաների գործողությունը դադարեցվում, կասեցվում և թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում օրենքով սահմանված կարգով, եթե ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ թույլ է տվել հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոնշյալ սահմանափակումը արդարացված չէ։ Մանավորապես՝ Օրենսգրքի՝ “Հասարակական կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ” վերտառությամբ 13-րդ գլխի ուսումնասիրությունը թույլ է տալիս վերհանել հասարակական կարգի դեմ ուղված հետևյալ զանցանքները՝ “Հաասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը”, որը դրսևորվում է փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելով, “Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը” դրսևորվում է ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելով` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ։ Վերոնշյալ զանցակազմերի իրականացման պարագայում, եթե արդարացված չէ քննարկող սահմանափակման կիրառումը, ապա նույնը չենք կարող պնդել Օրենսգրքի 173-րդ հոդվածով սահմանված “Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով” վերտառությամբ զանցանքի մասին, որն իրականացվում է հրազենի անմիջական կիրառմամբ։ Այս պարագայում լիցենզիայի դադարումը և, բնականաբար, զենքի առգրավումը նպատակ է հետապնդում կանխել տվյալ անձի կողմից նույնական արարքի կատարումը։ Ուստի՝ լիցենզիայի դադարման կամ կասեցման իրավաչափության ապահովման նպատակով անհրաժեշտ է անձի համար նման բացասական հետևանք սահմանել միայն այն պարագայում, երբ զանցանքի կատարումը կապված է զենքի/հրազենի անմիջական կիրառման հետ։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ առաջարկում ենք Օրենքի նշված հոդվածով սպառիչ թվարկել այն զանցակազմերը, որոնց կատարումը հանգեցնում է լիցենզիաների գործողության դադարեցման, կասեցման և թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելուն, զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման, իսկ նման զանցակազմերի սահմանման դեպքում նպատակահարմար է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ զանցանքի օբյեկտիվ կողմը պետք է դրսևորվի զենքի/հրազենի անմիջական կիրառմամբ։
(Նպատակահարմար է նույն տրամաբանությամբ առաջնորդվել նաև Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետում նշված դեպքում։)
8.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ լիցենզիա ստանալու դիմումը մերժելու դեպքում համապատասխան մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաև դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով։
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանվում է՝ թույլտվություն ստանալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Թույլտվություն ստանալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Գտնում ենք, որ վերոնշյալ երկու խումբ որոշումների առնչությամբ անհրաժեշտ է ներդնել վարչական կարգով գանգատարկման (բողոքարկման) արդյունավետ համակարգ։ Վարչական կարգով բողոքարկումը վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև է, որն առավելապես կոչված է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունն ապահովելուն, սակայն կատարում է ոչ միայն անձի իրավունքների պաշտպանության գործառույթ, այլ նաև իրականացնում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռում, ինչը ենթադրում է, որ բողոքարկման վարույթում պաշտպանության է ենթակա նաև հանրային շահն այն հաշվառմամբ, որ պետական կառավարման մակարդակում վեճերի լուծումը խթանում է պետական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, նպաստում է պետական ռեսուրսների խնայողությանը, բացի դրանից, հնարավորություն է տալիս հանրային իշխանության անունից հանդես եկող սուբյեկտին ինքնուրույն վերացնել համապատասխան բացթողումները:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն «Վարչական մարմինների և մասնավոր անձանց միջև առաջացած վեճերի դատական քննության այլընտրանքների մասին» թիվ Rec(2001)9 հանձնարարականով2 խորհուրդ է տվել անդամ պետություններին նպաստել վարչական մարմինների և մասնավոր անձանց միջև առաջացած վեճերի այլընտրանքային միջոցների կիրառմանը (կետ 13): Միաժամանակ, նույն հանձնարարականով Նախարարների կոմիտեն, որոշումների ներքին վերանայումը համարելով վարչական մարմինների ու մասնավոր անձանց միջև վեճի լուծման այլընտրանքային տարբերակ, սահմանելով, որ որոշումների ներքին վերանայումը սկզբունքորեն պետք է հնարավոր լինի ցանկացած վարչական ակտի առնչությամբ, և դա կարող է վերաբերել ակտի նպատակահարմարությանը և/կամ օրինականությանը (Rec(2001)9 հանձնարարական, հավելված, մաս 3, կետ 1):
Վարչական ակտերի վարչական կարգով բողոքարկումը և դրանով պայմանավորված վեճերի այլընտրանքային լուծումը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիքներից է, ուստի գտնում ենք, որ վերոնշյալ որոշումների առնչությամբ նպատակահարմար է ներդնել վարչական գանգատարկման գործուն կառուցակարգ՝ բացառելով վարչական մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև վարչական դատարանին ավելորդ ծանրաբեռնելու և գործի տևական քննության բեռից։
9.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված “Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններ” եզրույթը ինչպես օրենքով, այնպես էլ հարակից օրենքներով, բացահայտված չէ։ Նպատակահարմար է սույն օրենքում կամ “Ռազմամարզական գործունեության մասին” օրենքում բացահայտել տվյալ հասկացության իրավական բովանդակությունը։
10.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 12-րդ կետի համաձայն` զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում այն անձանց, որոնց վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնալիք ներկայացնելու մասին հիմնավոր կասկած։
Կարծում ենք, նշված դրույթը հստակեցման կարիք ունի։ Մասնավորապես՝ “Ազգային անվտանգության մարմինների մասին” ՀՀ օրենքի ուսումնասիրությունից հետևում է, որ ազգային անվտանգության մարմինների գործունեության իրականացման հիմնական ուղղություններից է հետախուզական գործունեությունը, այդ թվում` արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է` ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն: “Ազգային անվտանգության մարմինների մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինները սահմանված կարգով պետական մարմիններ և կազմակերպություններ են ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների և այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են լիազորված մարմնի իրավասությանը:
Նպատակահարմար է “Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 12-րդ կետը հստակեցնել, նշելով, որ անձանց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնալիք ներկայացնելու մասին հիմնավոր կասկածի առկայությունը պարզվում է ազգային անվտանգության մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների իրակակացման շրջանակներում։
11.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսափակ և փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն գնդակաորսիչներով: Բաց հրաձգարանը պետք է ունենա նաև բնական խոչընդոտներ: Բաց հրաձգարանի կրակագծից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր։
Պատահական չէ, որ Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Օրենքի 33-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո և չեն տարածվում պետական ռազմականացված կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող հրաձգարանների վրա, (ընդգծումը մերն է), քանի որ քննարկվող հոդվածով սահմանված պահանջները էական խոչընդոտներ են ստեղծում հրաձգարանի շահագործման համար։
Ուստի՝ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ կետի առնչությամբ առաջարկում ենք հետևյալ շարադրանքը՝ բաց հրաձգարանի կրակագծից կրակի ուղղությամբ մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր կամ 3000 մետրից մոտ լինելու դեպքում պետք ունենա բնական կամ արհեստական խոչընդոտ, որը կբացառի գնդակի հասնելը բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ։ Բաց հրաձգարանը կրակագծից ոչ կրակի ուղղությամբ և բնակավայրի, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինությունների միջև պետք է ունենա բնական կամ արհեստական խոչընդոտներ, եթե դրանք գտնվում են 3000 մետրից պակաս հեռավորության վրա։
Առաջարկում ենք նաև 2-րդ հոդվածով սահմանված հիմնական հասկացությունների շարքին ավելացնել գնդակաորսիչ և կրակի ուղղություն հասկացությունների սահմանումը։
12.
“Զենքի շրջանառության կարգավորման մասին” օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ hրաձգարանները, որտեղ անցկացվում են սպորտային միջոցառումներ, պետք է կառուցվեն և սարքավորվեն համապատասխան միջազգային հավատարմագրված մարզական կազմակերպության պահանջներին համապատասխան:
Նպատակահարմար կլինի նման պահանջ առաջադրել միայն միջազգային միջոցառումների պարագայում․ ներպետական միջոցառումները կարող են կազմակերպվել փոքրաթիվ մասնակիցներով, իսկ նմանատիպ պահանջները էական խոչընդոտներ կստեղծեն սպորտային միջոցառումների կազմակերպման և անկացման համար։