Խաղաղության պայմանագիրը վաղուց արդեն գլխավոր թեման չէ
Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․

Իրականում ԽՊ-ն (Խաղաղության պայմանագիրը) վաղուց արդեն գլխավոր թեման չի: Թե ինչու՝ դրա մասին մի առանձին հաղորդմամբ խոսել եմ դեռ անցած տարվա վերջին:
Մի կողմ թողնենք այս պահին այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ հաստատվում է, որ Ադրբեջանը կկնքի ԽՊ-ն միայն Սահմանադրության փոփոխություններից, նաև՝ ՄԽ լուծարումից հետո:
Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ պաշտոնապես ավել ու դուրս են թե՛ ԽՊ-ի համաձայնեցված տեքստից, թե՛ Սահմանադրության փոփոխության և ՄԽ լուծարման պահանջներից:
Այդ պահանջների մեջ առնվազն (շեշտում եմ՝ առնվազն) մտնում են․
- միջանցքի պահանջը՝ այնպես, ինչպես դա գրանցված է նոյեմբերի իննի թղթում՝ ադրբեջանական և ռուսական մեկնաբանությամբ: Այս հարցի հետ կապված Ադրբեջանի դիրքորոշման որոշակի տատանումները՝ մի քիչ առաջ, մի քիչ հետ, հիմնականում կախված են արտաքին հանգամանքներից՝ ռուսներ, ամերիկացիներ, պարսիկներ:
- Հայաստան թուրքերի («արևմտյան ադրբեջանցիների») վերադարձի պահանջը:
Այս վերջին պահանջն ինչ-որ անցողիկ պատահականություն չէ, ժամանակով մարտավարական երևույթ չէ, ոչ էլ, ինչպես սիրում են ասել մեր «փորձանքագետերը», «ներքին լսարանի» համար է: Սա պետական հետևողական հիմքերի վրա դրված ռազմավարական նպատակ է:
Սրան գումարվում են էլի կարևոր թեմաներ՝ «պատերազմի մեղքի» ընդունում, «վնասի փոխհատուցում», «մեղավորների հանձնում», որոնք որքան էլ մեզ թվան էքզոտիկ ու չափազանցված, նույնպես հստակ ու հետևողական քաղաքական գիծ են:
Սրան էլ գումարած Հայաստանի «ապամիլիտարիզացիայի» պահանջը:
Այս ամենն էլ իր հերթին ոչ թե ինքնանպատակ է, այլ բխում է Ադրբեջանի երկարատև քաղաքական պատկերացումներից:
Ըստ այդմ՝ Ադրբեջանը որպես հաղթած պետություն իրեն պատկերացնում է տարածաշրջանի հեգեմոն: Հայաստանի հետ «խաղաղությունը» այդ քաղաքականության կոնտեքստում չի ենթադրում հավասարը հավասարի հարաբերություններ, այլ հաղթողի ու գերիշխողի հարաբերություն պարտվածի ու ստորադասի հետ:
Այնպես որ, անկախ ԽՊ-ի ստորագրել-չստորագրելուց, Սահմանադրության ենթադրյալ փոփոխություններից հետո, Հայաստանի նկատմամբ թշնամանքը և փաստացի պատերազմը շարունակվում է և շարունակվելու է: Եվ միակ ելքը միևնույն է մնում է այդ պարտադրված իրավիճակում՝ հայ ժողովրդի ուժային գործոնի վերածվելն ու պայքարը հանուն անկախության:
Մի անգամ էլ․ Շատ կարևոր է հասկանալ Ադրբեջանի քաղաքականության ստրատեգիկ չափումը և չդատել այն մեր պատկերացումներով: Ադրբեջանը ձգտում է գերիշխանության, որի համար կարևորագույն խնդիր է համարում հայկական գործոնի հնարավորինս չեզոքացումն ու ստորացումը: Ադրբեջանը չի պատկերացնում մեր իմացած «խաղաղությունը» երկու համահավասար կողմերի միջև:
Հ․Գ․՝ Հատուկ չեմ անդրադարձել ավելի լայն արտաքին գործոններին, այլ միայն Ադրբեջանին եմ անդրադարձել, որ չծանրաբեռնեմ գրածս: Բնական է, որ Ադրբեջանի քաղաքականությունը վակուումի մեջ չի, այլ մաս է միջազգային և ռեգիոնալ քաղաքական պրոցեսի: