Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ

Մրցույթին կարող են մասնակցել Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմներին, ինչպես նաեւ սահմանային ռազմական բախումներին մասնակցած զինվորականները՝ զորակոչիկ, կամավոր, պահեստազորային, սպաներ և ենթասպաներ, բժիշկներ և այլն:

Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ

«Կողբ» հիմնադրամն ու «Մարտական եղբայրություն» միաբանությունը հայտարարում են Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմներին նվիրված՝ Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ:

Մրցույթի նպատակներն են՝

ա. Պատերազմի՝ որպես ազգային կյանքի կարևորագույն, առանցքային իրադարձության, հանրային իմաստավորումն ու վերապրումը, ինչպես նաեւ պատերազմ անցած հանրության հոգեբանական, գեղարվեստական, վավերագրական ու վերլուծական փորձի ամրագրումն ու փոխանցումը, դրա տեղադրումը հանրային օրակարգի եւ ուշադրության կենտրոնում: Այս իմաստով ունենք բացասական նախադեպ՝ Արցախյան առաջին պատերազմի վերապրումն ու փորձը փաստացի մնացին լուսանցքում:

բ. Պատերազմի մասնակցի ձայնը, տեսակետը, ապրումը լսելի ու ընկալելի դարձնելը, հանրային ուշադրության կենտրոն բերելը: Այս առումով էլ ունենք բացասական փորձ, երբ պատերազմի, ինչպես նսև այլ հանրային կարևոր իրադարձությունների մեկնաբանությունը դառնում է նեղ խմբերի մենաշնորհ, որոնք հնարավորություն ունեն իրենց տեսակետը հրապարակայնորեն տիրաժավորելու:

գ. Պատերազմի մասնակիցների մեջ տաղանդների բացահայտումը՝ գրական, վերլուծական և այլն:

դ. Պատերազմի վավերագրումը, որը հետագայում պետք է նյութ դառնա պատմագիտության, հասարակագիտության, ռազմագիտության, ինչպես նաեւ արվեստի համար:

Մրցույթը կրում է Վազգեն Սարգսյանի անունը, քանի որ Վազգեն Սարգսյանը միաժամանակ թե՛ հաջողակ գրող էր, թե՛ ռազամական գործիչ, որը դաևձավ հաղթանակի խորհդանիշներից մեկը:

Մրցույթին կարող են մասնակցել Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմներին, ինչպես նաեւ սահմանային ռազմական բախումներին մասնակցած զինվորականները՝ զորակոչիկ, կամավոր, պահեստազորային, սպաներ և ենթասպաներ, բժիշկներ և այլն:

Կարող են ներկայացվել նաև պատերազմի ընթացքում զոհվածների նյութերը:

Մրցույթին կարող են ներկայացվել հետևյալ գրական սեռերի և ոճերի ստեղծագործություններ.

ա. Գեղարվեսատական

Արձակ (պատմվածք, վիպակ, վեպ և այլն), բանաստեղծություն (բանաստեղծությունների շարք, պոեմ), պիես

բ. Վավերագրական (վավերագեղարվեստական)

Օրագրեր, հուշեր, գրառումներ Սրանք կարող են ունենալ գեղարվեստական տարրեր, բայց պետք է արտացոլեն միայն իրական, վավեր դեպքեր:

գ. Վերլուծական

Առանձին ռազմական դրվագների կամ ամբողջական գործողությունների, ճակատների ռազմական մասնագիտական վերլուծություն:

Ռազմական դրվագների կամ ամբողջական գործողությունների փորձի իմաստավորում, համակարգում:

Ռազմական փորձից բխող առաջարկների փաթեթ:

Ներկայացվող ստեղծագործությունները չպետք է հրատարակված լինեն եւ պետք է ուղղակի կամ անուղղակի կերպով արտացոլեն Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմները։

ա. Ուղղակի կերպի օրինակներ

Ռազմական գործողությունների նկարագրություն՝ վավերագրական, գեղարվեստականացված

Ռազմական գործողություններին մասնակցության վերապրման, փորձի նկարագրություն

Ռազմական գործողությունների վերլուծություն, փորձի ամփոփում

բ. Անուղղակի կերպի օրինակներ

Պատերազմին մասնակցության փորձի վրա հիմնված ընդհանրացումներ՝ գեղարվեստական, էսեիստական և այլն: Սրանք պարտադիր չէ, որ արտացոլեն կամ նկարագրեն կոնկրետ և իրական դեպքեր, կամ էլ վերաբերվեն պատերազմին բառացի, սակայն պետք է առնչվեն պատերազմին մասնակցելու փորձին կամ հիմնվեն դրա վրա։

Ներկայացվող ստեղծագործությունների ծավալը չի սահմանափակվում, սակայն այն պետք է համապատասխանի տվյալ ժանրին և ոճին բնորոշ ողջամիտ և ընդունված չափերին։

Մրցանակներ

Սահմանվում է 3 հիմնական մրցանակ՝ անկախ ներկայացված ստեղծագործության սեռից և ժանրից:

1-ին մրցանակ – 700,000 դրամ

2-րդ մրցանակ – 500,000 դրամ

3-րդ մրցանակ – 300,000 դրամ

Ըստ հայեցողության և հանգամանքների՝ մրցանակաբաշխության ժյուրին կարող է վերոնշյալ 3-ից բացի սահմանել նաեւ հատուկ մրցանակներ, օրինակ, պատերազմում զոհվածների նյութերի, մրցույթի առավել երիտասարդ տաղանդավոր մասնակցի, ռազմական վերլուծության համար և այլն։

Ստեղծագործությունների ներկայացման ժամկետը 2023 թվականի հուլիսի 1-ն է։

Ներկայացման էլեկտրոնային հասցեն՝ info@koghb.org

Մրցույթի արդյունքները հրապարակվում են մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 21-ը։

Ժյուրիի կազմը ընտրվում եւ որոշվում է «Կողբ» հիմնադրամի եւ «Մարտական եղբայրություն» միաբանության կողմից՝ այդ մասին հրապարակային հայտարարությամբ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

Social