Պատմություն կերտելու ժամանակներ էն
Ո՛չ ողբ ու լացի
Արցախում տեղի ունեցածը ջարդ ու փշուր արեց շատերի պատրանքներն այն մասին, որ հնարավոր է զսպել ագրեսիան՝ հենվելով միայն միջազգային մեխանիզմների վրա։
Մեր թշնամիները արդեն բացահայտ խոսում են Սյունիքի միջանցքի մասին, իսկ հաջորդը մեր անկախության հարցն են դնելու։
Թե ինչպես են պատերազմում ներկայիս իշխանությունները տեսել ենք բազմիցս՝ 2020 թվականից սկսած։
Տեսել ենք նրանց կամային որակների բացակայությունը ամենավճռական պահերին։
Ինչ կլինի, եթե հրապարակում կանգնած ընդդիմությունը իշխանության հասնի։ Կարող ենք դատել նրանից, ինչ եղավ Արցախի հետ ընդամենը 10 օրերի ընթացքում՝ նրանց ընկերների իշխանության հասնելուց հետո․․․
Հերթով բավարարեցին թշնամու բոլոր պահանջները՝
Աղդամի ճանապարհով մատակարարում, մարտերը չմարած կապիտուլացիա, բանակի լուծարում և պետականության ապամոնտաժում։
- Արդյո՞ք հույս կա։
- Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից։
- Ի՞նչ անել։
Կայծակնային լուծումներ չկան, սակայն պատասխանները բավականին պարզ են։
Նախ՝ հույս միշտ կա, միակ դեպքը երբ հույս չկա՝ երբ ոչինչ չես անում։
Նմանատիպ իրավիճակներում պատմությանը հայտնի լավագույն լուծումը համազգային շարժումն է, որի շուրջ կարծես շատերն են համակարծիք։
Ես, լինելով շարքային քաղաքացի, մեկ տարի առաջ հասկացել եմ, որ պետք է գործի անցնել, և որ առանց աշխատանքի երբեք ոչինչ տեղից չի շարժվելու։
Հասկանալով, որ այս ամենը միայնակ անել հնարավոր չէ, փնտրել եմ ինձ գաղափարներով հարազատ մարդկանց, խմբերի և միացել եմ Մարտական եղբայրություն միաբանությանը։
Այժմ մեր հասարակությանն ավել կամ պակաս հայտնի նմանատիպ էլի խմբեր և նախաձեռնություններ կան՝ Ազատազէն, ՈՄԱ, Բարձրունք, Բերդ, Բացում, ՊՈԳԱ և այլն։
Խմբերից յուրաքանչյուրը իր ոլորտում մշակում և իրականացնում է ծրագրեր, աշխատում ապագա Հայաստանի տեսլականի վրա։ Նրանք դա անում են հենվելով սեփական ուժերի վրա՝ առանց մեծ ռեսուրսների և արտաքին օժանդակության։
Ստեղծված իրադրության մեջ կա գիտակցություն, որ այս խմբերից յուրաքանչյուրը առանձին վերցրած ի վիճակի չի լինելու միայնակ լուծել մեր առջև ծառացած խնդիրները, և այժմ ընթանում են միավորման և ներդաշնակման պրոցեսներ։
Պետք է հասկանալ սակայն, որ նույնիսկ այս բոլոր խմբերի միավորումը դեռ բավարար չէ։
Ամենուրեք կա մարդկանց պակաս՝ տարբեր մասնագետների և պարզապես իրենց ներդրումն անելուն պատրաստ քաղաքացիների։
Ես համոզմունք ունեմ, որ համազգային շարժումը այս դաշտից պետք է ծնվի, քանի որ ներկայիս քաղաքական դաշտը զբաղեցնողներն արդեն ապացուցել են իրենց սնանկությունը։
Եթե մտածում եք՝ ինչ անել, իմ խորհուրդն է՝ գտնել ձեզ գաղափարներով հարազատ խմբերի, հասկանալ ձեր մասնակցության լավագույն ձևաչափը, որը կարող է լինել ակտիվ ներգրավմամբ, ֆինանսական աջակցությամբ կամ պարզապես հավաքներին մասնակցելով և տեղեկություններ տարածելով ձեր սոցիալական հարթակներում։
- Արդյո՞ք սա կերաշխավորի մեր հաջողությունը։
- Ո’չ, երաշխիքներ չկան, ստանալու ենք մեր կատարած աշխատանքին ու կազմակերպման աստիճանին համարժեք արդյունք։
Սա է բնության մեջ գործող միակ արդարության սկզբունքը։
1988-ին շարժմանը միացած մարդիկ ևս երաշխիքներ չունեին և չէին էլ պատկերացնում, որ 6 տարի անց հայ զինվորը կանգնած է լինելու Մռավի լեռներից մինչև Հորադիզ ձգվող բնագծի վրա։
Պատմություն կերտելու ժամանակներ են, ոչ թե ողբ ու լացի։
- Ալեքսանդր Բուռնազյան, Մարտական եղբայրություն