Պատերազմի ժամանակ պետք չէ զբաղվել միայն պասիվ պաշտպանությամբ:

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Արման Պետրոսյանը գրում է

Կարեն Ջալավյանի հրամանով տեղի ունեցավ փոքրիկ հավաք, որով որոշում կայացվեց, որ պետք է անսպասելի հարված հասցնել հակառակորդին:

Գանք էլի նրան, որ պետք չէ պատերազմի ժամանակ զբաղվել միայն պասիվ պաշտպանությամբ:

Պաշտպանվելիս պետք է հաճախ նաև անցնել հակահարձակման և հարվածել այն ժամանակ, երբ հակառակորդը դրան չի սպասում:

Արեգասարի վերջին գրոհից հետո մեր զորքն ու ջոկատի տղաները (ես նույնպես) հոգեբանորեն կոտրվել էին:

Ճիշտ է, երկու օր առաջ 100-ից ավելի ադրբեջանցի էինք ուղարկել ադրբեջանական տարբեր սգո սրահներ, մեկ է, չէր հաջողվել վերջնական գրավել բարձունքը:

Կարեն Ջալավյանի հրամանով տեղի ունեցավ փոքրիկ հավաք, որով որոշում կայացվեց, որ պետք է անսպասելի հարված հասցնել հակառակորդին:

Խումբը ղեկավարելու էր երկրորդ գումարտակի հրամանատար մայոր Բազիկյանը: Խմբում ընդգրկված էր նույն գումարտակի սպաներից Ռոբը (ազգանունը չեմ հիշում): Մնացածն արդեն մեր ջոկատից էին:

Կեսօրից հետո անցանք գործի: Խնդիր ունեինք պայթեցնելու Արեգասարին գտնվող երկու БТР-82А զրահամեքենաները, որոնք դեռ մեկ շաբաթ առաջ հատուկ ջոկատայինի տղաները փորձել էին իջեցնել։ Անտառ մտնելուց հետո խմբի մի մասը մնաց թիկունքն ապահովելու, իսկ ես, Բազիկյանը, Ռոբն ու Մխիթարյան Արմանը շարունակեցինք բարձրանալ: Տեղ չհասած` մոտ 50 մ հեռավորության վրա որոշվեց, որ երկու հոգի պետք է մնա` մոտ տարածությունից ապահովելու համար: Ես ու Բազիկյանը բարձրացանք զրահամեքենաների մոտ: Ես դիրքավորվեցի ճանապարհի եզրին՝ հսկելու տարածքը, իսկ Բազիկյանը սկսեց կրակ վառելը: Մոռացել էինք կրակ ստանալու համար անհրաժեշտ պարագաները վերցնել))) և ստիպված դիմեցինք փամփուշտի վառոդի օգնությանը։ 3-5 րոպե անց իմաց տվեց, որ ժամանակն է իջնելու: Բազիկյանն ասաց, որ մինչև 10-12 րոպե հետո կպայթի:

Արդեն հասնում էինք գրեթե մեր դիրքերին, երբ իմ հաշվարկով ժամն էր, որ պիտի պայթեր. հետ շրջվեցի ու ասացի Բազիկյանին, որ չի ստացվել: Բազիկյանը բարկանալով, համարյա գոռալով ասաց, որ չի կարող պատահել, որ իր նախաձեռնածը «պռավալի գնա»... և այդ պահին լսվեց այդքան սպասված պայթյունը:

Երկինքը կարմրեց հրավառությունից, որը տևեց մինչ ուշ գիշեր:

Այս գործողության արդյունքում նախ` հակառակորդը կրեց նյութական մեծ վնաս, հետո էլ` դժվար թե այդ հենակետի անձնակազմից ծնվելիք սերունդն առողջ մեծանա՝ հասցված հոգեբանական սթրեսի պատճառով։

Նկարում Եղնիկների հզոր սպաներն են:

Social