Ժողովրդական զինուժը ու կանոնավոր բանակը
Հայաստանի վերջին 100-150 տարվա պատմությունից եթե մի քանի դաս կա քաղելու, ապա դրանցից մեկն այն է, որ մենք ռազմական հաջողությունների ենք հասել միայն, եթե միմյանց հետ հավասարակշռված են եղելմի կողմից կանոնավոր բանակի և մյուս կողմից
ժողովրդական մասնակցության սկզբունքները:
Ծայրահեղ դեպքերում հաղթել ենք հենված միայն ժողովրդական սկզբունքի վրա:
Բայց միշտ պարտվել ենք, եթե միայն կանոնավորն է եղել:
Սրա պատճառները բարդ չէ հասկանալ:
Նախ` մեր դեպքում կանոնավորը նշանակել է ու ցավոք դեռ նշանակում է, ոչ թե սեփական փորձից կառուցված, այլ օտարի կույր պատճեն` կառուցվածքային, աշխարհայացքային, մարտավարական….
Երկրորդ` մեր պայքարի բնույթը` ազատագրական, ազգային պետության կայացման իքնին ենթադրում է ժողովրդական ներգրավում և լայն ժողովրդական հենք, այլ ոչ թե սոսկ պրոֆեսիոնալիզմ:
Բերենք սկզբում օրինակները, հետո նաև մի քանի բացատրություն:
Պարտվել ենք 1920 թավականի հայ-թուրքական (իրականում` հայ-ռուս-թուրքական) և ուղիղ հարյուր տարի անց` 2020 -ին հայ-ադրբեջանական պատերազմները, որոնցում կռվել ենք զուտ «կանոնավոր» սկզբունքով:
Հաղթել ենք` 1991-94 թթ:-ի հայ-ադրբեջանական պատերազմը, ուր ժողովրդական շարժումից դուրս եկած ռազմական առաջնորդներն ու կամավորները համադրվել են կանոնավոր, պրոֆեսիոնալ սպաների հետ: Ընդ որում առաջորդող ռազմական դիրքերում եղել են ժողովրդական շարժումից դուրս եկած գործիչները, իսկ օժանդակ` պրոֆեսիոնալները: Ժողովորդական շարժման ազդակն այստեղ վճռական է:
Հաղթել ենք Սարդարապատի ճակատամարտը` նույն սկզբունքով: Երբ կանոնավոր բանակն անդադար նահանջում էր, բայց Երևանի մեջ հանդիպեց նախապես` երկու-երեք ամիաս նախապատրաստված կազմակերպված ժողովրդական շարժմանը: Լիովին հուսալքված հայ բարձրաստիճան սպաներն առաջարկում էին Երևանը նույնպես թողնել թուրքերին և նահանջել, սակայն, ժողովրդական շարժման ազդեցության տակ նույն սպաները մտափոխվեցին, և կռիվ տվեցին:
Միայն ժողովրդական կազմակերպված զինուժով 1920 թվականին Նժդեհը հաղթել է հայ-ռուսական պատերազմի Զանգեզուրյան ճակատում:
Եվ այլն:
Հիմա այստեղ գալիս է մի իմաստուն հայոց մեծաց և դատարկաբանաց, ասելով` այդ ամենը հնացած բաներ են, դուք նորից ուզում եք ֆիդայականություն և այլն:
Հենց Հայաստանում մեկը սկսում է խոսել ֆիդայականից ու նման բաներից, գրեթե հարյուր տոկոս վստահ եղեք, որ դույզն իսկ չի հասկանում իր խոսացածից, և նույնիսկ տեղյակ չի, որ մի բանից խոսալու համար, պետք է նախապես իմանալ, փորձել հասկանալ ինչից ես խոսում:
Նախ` ինչ է ֆիդայականը
Միջազգային եզրաբանությամբ դա պարտիզանականն է: Պարտիզանականը պայքարի մեթոդ է, գործիք է, որը միշտ եղել է, ու միշտ էլ լինելու է` անկախ տեխնոլոգիաների փոփոխությունից: Բայց ընդամենը մեթոդներից մեկն է, որը կիրառելի է կախված իրավիճակից:
Ժողովրդականն ու պարտիզանականը նույն բանը չեն` ոչ ժողովրդական զինուժը, ոչ ժողովրդական պատերազմը:
Ժողովրդական հիմքով զինուժը կարող է կռվել թե’ պարտիզանական մեթոդով, թե’ կանոնավոր:
Կանոնավոր բանակը նույնպես կարող է կիրառել պարտիզանական մեթոդներ:
Ավելին` որոշ կոնտեքստներում ֆիդայականն ու ժողովրդականը նույնիսկ հակադիր են իրար:
Օրինակ, 20-րդ դարի սկզբում Հրայր Դժոխքը և մյուսները դեմ էին ֆիդայական` պարտիզանական մեթոդներին, և կողմ էին ժողովրդին զինելով ու վարժելով` ժողովրդական զինուժ ստեղծելուն:
Հրայր Դժոխքը զոհվեց, չտեսնելով իր գաղափարի իրականացումը, բայց 1904-08 թթ.-ին, երբ ֆիդայիները դուրս բերվեցին Տարոնից ու Վասպուրականից, նրա ծրագիրը Վասպուրականում իրացրեցին Արամ Մանուկյանն ու Իշխանը: Նրանք գյուղացիներին սովորացրեցին զենքին ու հայկական գյուղերը վերածեցին զինված ջոկատների: Սրա շնորհիվ 1915 -ին Վանի հայությունը կարողացավ կռվել երկու ամիս ու փրկվել: Ու դա պարտզիանական ֆիդայական կռիվ չէր, այլ ժողովրդական, բայց կանոնավոր: Անզեն ու անզինավարժ ժողովուրդը, ուզենա էլ, չի կարող դիմադրել, ինչպես չկարողացավ դիմադրել շատ այլ վայրերում Մեծ Եղեռնի ժամանակ:
Ավելին` միայն ու միայն սրա շնորհիվ է, որ հնարավոր եղավ Սարդարապատի ճակատամարտը: Թե չէ հո հեքիաթ չի` կռիվ չտեսած Երևանի ժողովուրդը հանկարծ ոտքի կանգնի ու հաղթի: Սարդարապատի շարժման կորիզը զենք տեսած, զենքին վարժված ու կազմակերպված վանեցիներն էին:
Այդուհանդերձ ժողովրդական զինուժին, նույնիսկ, եթե դա կռվում է կանոնավոր մարտավարությամբ, միշտ էլ մի քիչ ավելի բնորոշ են պարտզիանական մարտավարության տարրերը` հասկանալի պատճառներով, չնայած ինչպես շեշտեցինք ժողովրդականն ու պարտիզանականը նույնը չեն` ժողովրդական զինուժը կարող է կռվել և կանոնավոր, և պարտիզանական ձևերով:
Օրինակ Նժդեհը նույնպես կռվեց ժողովրդական բանակով, բայց ոչ պարտիզանական, այլ կանոնավոր կռիվ, չնայած պարտիզանական մարտավարության կարևոր տարրերով, որոնք հարմար էին Սյունիքի կտրտված ռելյեֆին: Նա կանոնավոր զորք չուներ` որոշ թվով սպաներ միայն: Բայց Կապանի, Մեղրիի, ապա և մյուս շրջանների գյուղացիներին վերածեց բանակի, ինչպես, որ Արամն ու Իշխանն արեցին Վանում:
Իսկ Հայաստանի Հանրապետության կանոնավոր բանակը Դրոյի ղեկավարությամբ 1920 -ին եկավ Սյունիք ու պարտվեց ի տարբերություն Նժդեհի ժողովրդական բանակի:
Այստեղ նորից հայտնվում է հայոց իմաստնաց իմաստունը, որն ամեն բան գիտի ոչինչ կյանքում չիմանալով, և ասում է` դրանք բոլորը զուտ գավառական բաներ են, «նորմալ երկրներում» դրանք հնարավոր չեն:
Հայ իմաստունիկը բնականաբար չգիտի, որ Նժդեհը կամ Արամն իրենց գլխից չեն հորինել այդ ամենը, ոչ էլ հին հայկական մագաղաթներից են վերցրել, այլ հենվել են միջազգային պարզ փորձի վրա` հեղափոխական ժողովուրդները հաղթում են իրենց պատերազմները:
Ժողովրդական բանակի, թերևս, լավագույն օրինակը պատմության մեջ` Նապոլեոնի բանակի օրինակն է:
Այսօրվա մարդուն կարող է զարմանալի թվալ, բայց Նապոլեոնի հաղթանակների գաղտնիքն ու հենքը հենց ժողովրդական սկզբունքն էր: Սա շատ երկար պատմություն է:
18-րդ դարում եվրոպական հիմնական երկների բանակները մաքուր պրոֆեսիոնալ էին: Ժողովուրդները չէին մասնակցում պատերազմների: Պատերազմը համարվում է թագավորների և բանակի գործ:
Ֆրանսիական հեղափոխությամբ այս դարաշրջանն ավարտվեց: Քանի որ ֆրանսիական պրոֆեսիոնալ բանակը հակահեղափոխական էր, ապա երկիրն ու հեղափոխությունն արտաքին ներխուժումից պաշտպանելու համար ստիպված դիմեցին վաղուց մոռացված զինված ժողովրդի սկզբունքին: Սկզբում ֆրանսիական ժողովրդական բանակը դժվարությամբ էր դիմադրում իր դեմ կռվող լավ մարզված պրոֆեսիոնալներին: Բայց բավականին արագ, նա դարձավ անպարտելի ուժ:
Նապոլեոնն ինքը երբեք չէր դառնա զորավար այդքան երիտասարդ տարիքում, եթե հնարավորություն չստեղծվեր իր նմաններին արագ կարիերա անել նոր տիպի բանակում: Նույնը նրա բոլոր գեներալները` դուրս եկած պարզ ժողովրդական խավերից:
Ֆրանսիական ժողովրդական բանակի աննախադեպ հաղթանակներով ավարտվեց պրոֆեսիոնալ բանակների դարը Եվրոպայում: Բայց ուշագրավն այն է, որ Նապոլեոնն առաջին անգամ պարտվեց, երբ նրա բանակի դեմ դուրս եկավ ոչ թե պրոֆեսիոնալ, այլ ժողովրդական մի այլ զինուժ` Իսպանիայի գերիլյան` այս անգամ պարտիզանական ժողովրդական դիմադրությունը: Իսպանական օրինակից հետո Ռուսաստանում և Պրուսիայում նույնպես ստեղծեցին ժողովրդական պարտիզանական ուժեր` այդ ժամանակվա համար աներևակայելի մի քայլ:
Հենց այս` հեղափոխական ժողովորդին մարտունակ զինուժի վերածելու փորձն են օգտագործել և կիրառել Արամ Մանուկյանը, Նժդեհը, և աշխարհի բոլոր ազգային-ազատագրական պայքարները` սկսած Իտալականից մինչև Չինաստան:
Ու նորից հայ իմաստունը….. Նրա համար համոզիչ չեն այս օրինակները: Դրանք բոլորն անցած բաներ են: Հիմա ուրիշ է: Ժամանակակից տվեք իրան:
Թարմ օրինակները մեր աչքի առաջ են
Մեկն էլի մերն է:
2020 թվականի պատերազմում մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանի գերազանցող քանակին, ինչպես փորձում են ներկայացնել մեր հայրենի իմաստակները, ոչ էլ նույնիսկ անպարտելի թռչուն` Բայրաքթարին, որի դերը չենք թերագնահատում, բայց որը պատերազմ հաղթել ինքն իրենով չի կարող հաղթել:
Քաղաքականը մի կողմ թողած, որն, իհարկե, ամենա կարևորն է, զուտ ռազմական իմաստով մենք պարտվել ենք Ադրբեջանի բանակի կողմից կիրառած փաստացի պարտիզանական մարտավարությանը: Մի օր դրա մասին մանրամասն ու մասնագիտական մակարդակով կգրվի, հիմա զուտ նշում ենք սա: Մարտական եղբայրությունից` Ռուբեն Դալլաքյանը նույնպես վերջերս հիշատակել էր այդ կարևոր փաստը:
Ադրբեջանական բանակի բոլոր հիմնական հաղթանակաները գոյացել են այդ մարտավարությունից` Հադրութ, Շուշի և այլն: Փոքր մոբիլ ուժեր, որոնք գործում են ոչ հիմնական ճանապարհների, նույնիսկ կածանների վրա, թևանցումներով, մտնելով թիկունք: Սա այլ բան չէ, քան պարտիզանական կռվից, այլև` ժողովրդական պայքարից փոխառած մարտավարություն:
Ինչպես տեսնում ենք, այստեղ պարտիզանականը և ժողովրդականը հաջողությամբ ինտեգրված է կանոնավորի մեջ: Եվ մեր կանոնավորը պարտվել է այս ժողովրդական-պարտիզանականից փոխառած և կանոնավորին հարմարված, պրոֆեսիոնալի վերածված տարրին: Ու թեև, կրկնենք` պարտության գլխավոր պատճառը քաղաքական է, բայց բնականաբար դա չի նշանակում, որ ռազմական բաղադրիչն իրավունք ունենք անտեսել:
Իսկ ո՞րտեղից եկավ այս մարտավարությունը:
Թուրքիան դա երկար տարիներ փորձարկել է քրդերի դեմ կռվում լեռնային պայմաններում: Այսինքն` դա եկել է մեր հայրենիքից, մեր հայրենիքի պայմաններից` Հայկական Լեռնաշխարհից: Հայաստանի աշխարհագրությունը տրամադրում է նման մարտավարությանը, հատկապես դրա լեռնա-անտառային հատվածը:
Ամենա ամոթն այն է, որ դա նաև մեր իսկ փորձն է:
1991-94 թթ.-ին մենք հաղթանակներ ենք տարել նման մարտավարությամբ:
Սա մեր ինքնաօտարացման այնպիսի ցայտուն դրսևորում է` պարտվել այնպես ինչպես երբեմնի հաղթել ես, որովհետև քո հաղթանակի փորձը չի դարձել իմաստավորված մարտավարություն, որովհետև նույնիսկ սեփական երկրի աշխարհագրությունը քեզ համար գոյություն չունի, որ գոնե մի տոկոսի պատիվ ունեցող մարդը սրանից հետո պետք է գետինը մտնի, այլ ոչ թե մեծ-մեծ խոսի:
Եվ այսքանից հետո շարունակել անտեսել արդեն նոր, ընդամենը երկուսուկես տարվա փորձը, չտեսնել այն, ու մի բան էլ ծաղրել զինված ժողովրդի սկզբունքը նշանակում է հոգեկան հիվանդության աստիճան հիմար լինել:
Իմիջայլոց Բայրաքտարի մասին: Դուք չեք հավատա, բայց Բայրաքտարը նույնպես որոշ իմաստով….պարտիզանական է: Օդային ուժի կոնտեքստում դա փաստորեն «ֆիդայական», պարտզիանական զենք է, և պատահական չէ, որ հաճախ դա համեմատում են միջնադարի թեթև հեծելազորի հետ: Ուկրաինական պատերազմի փորձը ցույց տվեց, ի դեպ, որ Բայրաքթարն արագ կորցրեց իր նշանակությունը, չնայած առաջին օրերին «թնդում էր»:
Նշենք նաև, որ զարմանալի կամ արտառոց ոչինչ չկա, որ հիշյալ մարտավարությունն արդյունքի է հասել:
Էդվարդ Լյութվաքի «Ստրատեգիա» գիրքը սկսվում է մի տարօրինակ ձևակերպումից, համաձայն որի պատերազմը միակ ոլորտն է, որտեղ վատ ճանապարհը կարող է լինել լավը: Այդ օրինակը բացահայտում է պատերազմ երևույթի պարադոքսալ բնույթը` լավ ճանապարհով հարձակվողին սպասում են, և հաղթում են, իսկ վատ ճանապարհով գրոհողին չեն սպասում, և պարտվում են: Շուշիի ճակատամարտում Լյութվաքի օրինակը բառացի իրականացավ:
Արժի՞ խոսել նաև ուկրաինական օրինակից, որը բոլորիս աչքի առաջ է:
Նշենք համենայն դեպս, որ հատկապես պատերազմի առաջին օրերին ուկրաինական հաղթանակները «ժողովրդական», այլև` «պարտիզանականը» կանոնավորի դեմ ևս մեկ օրինակ էին:
«Ջավելիններով» զինված ուկրաինական մոբիլ ջոկատները ջարդում էին կանոնավոր ռուսական զորասյուները` մտնելով նրանց թիկունքը: Ուկրաինայի հյուսիսի անտառային և անտառաճահճային լանդշաֆտները նպաստում էին այդ մարտավարությանը:
Մեծ դեր խաղաղցին առաջին փուլում նաև տարածքային պաշտպանության ջոկատները, ինչպես նաև ի սկզբանե գաղափարական-կամավորական հիմքով ստեղծված միավորները` Ազով, Կրակեն և այլն:
Անցած տարվա ուկրաինական ամենա փայլուն հաղթանակը` Խարկովի օպերացիան նույնպես հաջողվեց փոքր խմբերով անտառային լանդշաֆտում թշնամու թիկունք մտնելու մարտավարության կիրառմամբ: Հակառակը` այսօր ընթացող ուկրաինական կանոնավոր հարձակումը տափաստանային հատվածում առայժմ անարդյունք է:
Էլ չենք ասում նրա մասին, որ ուկրաիանական ամբողջ դիմադրությունն իր էությամբ ազգային և ժողովրդական է, և ազգային պայքարի հոգեբանությունը, աշխարհայացքը և քաղաքականությունն է ընկած բոլոր ռազմական գործողությունների հիմքում: Իրենից ուժերով ավելի մեծ ագրեսորի դեմ պայքարող որևէ ազգ չի էլ կարող այլ հիմքով կառուցել իր պայքարը, չի կարող ասել, դե մենք փոքր ենք, ռեսուրս չունենք, չենք կարող դիմադրել: Ազգային պայքարն ինքնին ենթադրում է դիմադրություն ավելի ուժեղին` ազգային համախմբման հիմքով:
Սրա մասին աղաղակում է վերջին երկու հարյուր տարվա մարդկության պատմությունը:
Հայ ժողովորդին խաբում են
Հայ ժողովորդի պաշտպանության համակարգը, եթե հիմնվի միայն կանոնավոր և պրոֆեսիոնալ սկզբունքի վրա, հայ ժողովուրդն ապագա չունի, և մոտակա տասնմայկաներում մնալու է միայն որպես Սփյուռք:
Պետք է լինեն երկուսն էլ` կանոնավորը, պրոֆեսիոնալը և ժողովրդականը:
Ընդ որում` պրոֆեսիոնալը կլինի ավելի պրոֆեսիոնալ շնորհիվ հենց նրա, որ կա ժողովրդականը, որը խնդիրների մի մասն իր վրա է վերցնում:
Ընդ որում նաև` ժողովրդական սկզբունքը երկուսի բալանսի մեջ ոչ թե օժանդակող, այլ առաջնորդող դեր պետք է ունենա: Թե դա ինչ է նշանակում, մի օր առանձին կխոսենք, բայց վերը բերած օրինակներից պետք է, որ գոնե մասամբ պարզ լինի:
Հրանտ Տեր-Աբրահամյան
Մարտական եղբայրություն միաբանություն