Հայ ժողովրդի միակ դաշնակիցը

Հայ ժողովուրդը դաշնակիցներ չունի։ Եվ չի կարող ունենալ։ Մենք խանգարում ենք մեր տարածաշրջանի բոլոր խոշ...

Հայ ժողովուրդը դաշնակիցներ չունի։ Եվ չի կարող ունենալ։ Մենք խանգարում ենք մեր տարածաշրջանի բոլոր խոշոր խաղացողներին, նույնիսկ նրանց, որոնք տարածաշրջանից չեն։

Ոմանց համար մենք հիշեցում ենք այն մասին, որ իրենք եկվոր են, որ այս հողը իրենցը չէ և չի էլ լինելու, քանի դեռ այստեղ հայեր են ապրում։ Ուրիշների համար մենք դավաճան ենք, որովհետև հրաժարվեցինք նրանց հետ միասին համաշխարհային մասշտաբի հերթական խելագարությանը գնալ և ցանկացանք ապրել ազատ։ Երրորդների համար՝ կենդանի ապացույց ենք, որ աշխարհով մեկ սփռվելուն զուգահեռ կարելի է նաև մնալ հայրենիքում և պայքարել հալածանքների, նվաստացումների ու անգամ ցեղասպանության դեմ։ Չորրորդների համար…

Ցանկը կարելի է երկար շարունակել, բայց խնդիրը դրա երկարությունը չէ։ Խնդիրն այն է, որ մենք չենք հասկանում, որ խանգարում ենք այս բոլոր խաղացողներին, և անկեղծորեն զարմանում ենք, որ, մեզ ճիշտ, ազնիվ, արժանապատիվ պահելիս, նույնպիսի պատասխան չենք ստանում։ Անկեղծորեն զարմանում ենք, երբ տարատեսակ թուրքեր պարբերաբար հարձակվում են մեր վրա (թեև կարծես պայմանավորվել էինք, որ էլ չեն անելու), զարմանում ենք «դաշնակիցների» հերթական դավաճանությունից (ամեն անգամ սրբորեն հավատալով, որ այլևս երբեք նման բան չի լինի), սպասում ենք և չենք ստանում (ու չենք էլ ստանա) օգնություն Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից՝ չհասկանալով, որ նրանց «նավերը չեն կարող բարձրանալ մեր լեռները» (միգուցե՝ ավելի լավ, որ չեն կարող)։

Մինչև չհասկանանք, որ խանգարում ենք բոլորին, և չսկսենք գործել համապատասխան դրան, դաշնակիցներ չենք գտնի։ Իսկ մեր առաջին դաշնակիցը զենքն է, և պետք չէ դրանից վախենալ, պետք չէ սարսափահար փախչել այդ մտքից։ Այս փաստը ընդունել է պետք, ապա դրսևորել համապատասխան վարքագիծ։ Դրանից հետո միայն մեզանից «յան կտան» բոլոր տեսակի թուրքերը, իսկ ամերիկացիները, միգուցե, նույնիսկ պեղեն նախագահ Վիլսոնի քարտեզը։ Մյուս կողմից, զենքի հետ դաշինքից հետո, այդ քարտեզը միգուցե իմաստ էլ չունենա։

Թեմաներ

    Social