Մարտական Եղբայրություն Միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է՝

«Խաղաղության» կոնսենսուսը
Հայաստանյան քաղաքական դաշտի խոշոր և միջին խաղացողները միմյանց հետ մրցում են «խաղաղության տեսակների» մրցավազքում։
Միայն ես հաշվել եմ հետևյալ «խաղաղությունները»․ «խաղաղության դարաշրջան», «արժանապատիվ խաղաղություն» «իրապաշտական (թե՞ իրատեսական) խաղաղություն» «իրական խաղաղություն» «ուժեղ խաղաղություն» «երաշխավորված խաղաղաղություն»։ Հավանաբար դեռ էլի կան և կլինեն։
Ի՞նչ է սա նշանակում։
ա․ Բոլորը խաբում են հայ ժողովրդին։ Միջազգային և տարածաշրջանային ոչ մի համարժեք, սթափ և իրատեսական վերլուծությունից չի կարող բխել մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հեռանկար, այդ թվում՝ Հայաստանի համար, մանավանդ՝ զուտ թղթի վրա կամ զուտ միջազգային երաշխիքներով, առանց սեփական ուժային ապահովման խաղաղություն։
բ․ Բոլորը լռելյայն ընդունում են պարտության ստատուս քվոն, վախենում են «հակադրվել» արտաքին ուժերին (իրականում հակադրության կարիք չկա՝ սեփական իրավունքների հռչակումն ու հաստատումը ոչ թե հակադրում է, այլ անհրաժեշտ նվազագույնը միջազգային հարաբերություններում իրական սուբյեկտ դառնալու, այսինքն և իրական ընկերներ գտնելու համար)։
գ․ Վախենում են ժողովրդին դուր չգալ։ «Ժողովուրդն ուզում է խաղաղություն» կամ «հավատում է խաղաղության մասին իշխանական թեզին», ուրեմն՝ մենք էլ նույն դաշտում խաղանք։ Քաղաքական ուժը, որի նպատակն է դուր գալը կամ չգալը քաղաքական ուժ չէ, այլ թեթև վարքի անձ, որի խնդիրն է գայթակղել անցորդներին։ Քաղաքական ուժը պետք է ոչ թե հարմարվի ժողովրդին, այլ հանդես գա առաջնորդի դիրքերից, այդ թվում՝ ասելով ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե տվյալ փուլում դա իրեն պոպուլյա՞ր է դարձնում, թե՞ ոչ։
դ․ Առաջիկա նախընտրական պայքարի տեսանկյունից սա նշանակում է, որ ոչ ոք մարտահրավեր չի նետում պաշտոնական կուրսի գլխավոր բաղադրիչին, հետևաբար՝ իրականում առաջին տեղի համար պայքարի հայտ չի ներկայացնում։ Պայքարն ի սկզբանե գնում է երկրորդ, երրորդ և հաջորդ տեղերի համար։ Եթե հստակ չի վիճարկվում իշխող կուրսի հիմնական թեզը՝ «խաղաղության դարաշրջանը», այլ միայն փոխվում է դրա անունը, ապա չի կարող լինել իրական պայքար չեմպիոնության համար։
Իսկ ո՞րն է իրական, ոչ թե անվանական այլընտրանքը և մարտահրավերն իշխող քաղաքական կուրսին։ Մարտական Եղբայրությունն ու Ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնող խումբն ասում են՝ առաջնային է ոչ թե խաղաղության, այլ անվտանգության հարցը․․․ ոչ թե խաղաղության, այլ անվտանգության դարաշրջան։ Մեր մոտեցումների մի մասն արդեն հրապարակվել են տարբեր ձևաչափերով։ Շատ մոտ ժամանակներում կհրապարակենք մեր կարճ թեզերն ու դրանց հիմնավորումներն այս հարցերի շուրջ։ Իսկ ավելի մանրամասն հրապակել ենք մեր համառոտ ծրագրային քաղվածքում։
Ուստա Հրանտ
