Մարտական Եղբայրության միաբանության դիրքորոշումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ

Մարտական Եղբայրություն միաբանությունը ստեղծում է «Ազգային հեղափոխություն» կուսակցությունը՝ որպես քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու գործիք։ Մեր նպատակն է նաև ընտրական դաշտ բերել այն քաղաքական խոսույթն ու այն այլընտրանքը, որոնք այսօր բացակայում են՝ պայքարի, կազմակերպման, անվտանգության և ազգային կամքի վերականգնման։
Ինչպես արդեն հայտարարել էինք, կուսակցության գրանցման գործընթացը պետական ռեգիստրում ձգձգվում է։ Այն ընթացքի մեջ է, սակայն արդեն պարզ է, որ ստեղծված իրավիճակի պատճառով մենք չենք մասնակցելու առաջիկա ընտրություններին։
Այս պայմաններում կարևոր ենք համարում հստակ հայտարարել հետևյալը․
-
Մարտական Եղբայրությունը չի սատարելու ընտրություններին մասնակցող որևէ ուժի, քանի որ դրանցից ոչ մեկն իրենում չունի Միաբանության տեսանկյունից հիմնաքարային՝ պայքարի, ազգային ներուժը ճանաչելու, արտաքին հովանավորությունը մերժելու և հայաստանակենտրոնությունը որդեգրելու, անձնակենտրոնությունը բացառելու մոտեցումների ամբողջությունը։ Պատկերը նույնն է նաև մոտակա քաղաքական նպատակների առումով․ չկա որևէ քաղաքական ուժ, որն ամբողջությամբ կընդունի Մարտական Եղբայրության առաջնային քաղաքական դիրքորոշումները (Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մերժում, Օգոստոսի 8-ի փաստաթղթի վերանայում, Սահմանադրության փոփոխությանը՝ հստակ «Ո՛չ», ՀՀ օկուպացված տարածքների ազատագրում ռազմական ճանապարհով և այլն)։ Ավելին՝ պատգամավորական մանդատների հավակնող հիմնական ուժերը, անկախ ներքին վեճերից, փոխադարձ վիրավորանքներից կամ տեխնիկական տարբերություններից, ունեն կոնսենսուս կեղծ «խաղաղության», իրականում՝ պարտության իբր անխուսափելիության թեզի շուրջ։ Այդ ուժերի շրջանում չկա հաղթանակի կուսակցություն։ Ուստի մենք չենք կարող մեր անունը, մեր կամքը կամ մեր համակիրների վստահությունը դնել ինչ-որ ուժի կողքին, որը գործում է պարտության կանոնների ներսում։
-
Միաժամանակ, որպեսզի այս պնդումը չընկալվի որպես մերկապարանոց հայտարարություն, ընտրարշավի ամբողջ ընթացքում մենք հետևողականորեն ներկայացնելու և հիմնավորելու ենք այն՝ բացատրելով, թե ինչո՛ւ ներկայիս ընտրական դաշտը չի առաջարկում իրական ռազմավարական ընտրություն, և ինչո՛ւ է այսպես կոչված «խաղաղության» օրակարգը գործնականում պարտության, զիջումների և ազգայինի ապամոնտաժման օրակարգ։ Զուգահեռաբար շարունակելու ենք հանրությանը ներկայացնել մեր առաջարկած այլընտրանքը՝ պայքարի, կազմակերպման, անվտանգության և ազգային վերածննդի քաղաքականությունը։
-
Մարտական Եղբայրությունը շարունակելու է նաև պատրաստվել ընտրություններից հետո սպասվող գործընթացներին, հատկապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պարտադրվող փոփոխության հանրաքվեում ՈՉ-ի հաղթանակին։ Մենք համոզված ենք, որ առաջիկա ներքաղաքական գործընթացները չեն ավարտվելու ընտրություններով, և Հայաստանի համար ճակատագրական հարցերը դեռ առջևում են։ Հետևաբար, մեր խնդիրը ոչ թե մեկ ընտրական ցիկլի մեջ տեղավորվելն է, այլ ա՛յն ազգային ուժը հավաքելն ու կազմակերպելը, որն ընդունակ կլինի դիմագրավելու պարտադրվող օրակարգերին և ձևավորելու սեփական՝ հաղթանակի օրակարգը։
-
Այսօր, առավել քան երբևէ, պայքարի ու հաղթանակի բոլոր կողմնակիցներին կոչ ենք անում չտրվել կեղծ ընտրությունների, չլուծվել անբովանդակ քաղաքական դաշտում, այլ միավորվել գաղափարի շուրջ, հավաքվել ազգային ու պայքարող առանցքի շուրջ և միանալ Մարտական Եղբայրությանը։
Մարտական Եղբայրություն միաբանությունը շարունակելու է իր գործը՝ ի հեճուկս բոլոր արհեստական ու բնական խոչընդոտների։
