📢 Աշխարհաքաղաքական զարգացումներն ու Եվրոպայի մարտահրավերները
Վերլուծական տեղեկանք #7

Ստորև ներկայացված են օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում եվրոպական և ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։ Դրանք պայմանականորեն կարելի է դասակարգել երեք ուղղություններով՝ Արևմուտք - Ռուսաստան հակամարտություն, արևմտյան երկրների ներքաղաքական միտումներ և Եվրոպայի ռազմական ոլորտի զարգացումներ։
🌍 Արևմուտք – Ռուսաստան հակամարտություն. լարվածություն և դաշինքներ
• Թրամփի առաջարկը Ուկրաինայում եվրոպական խաղաղապահների տեղակայման վերաբերյալ կտրականապես մերժվել է Կրեմլի կողմից՝ համարվելով ՆԱՏՕ-ի ընդլայնում և սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը։ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված է նախագահ Պուտինից»՝ Ուկրաինայում շարունակվող «անիմաստ պատերազմի» համար։
• Ռուսաստանը շարունակում է ամրապնդել հարաբերությունները Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ «ի ցույց Արևմուտքին ուղղված անհնազանդության»։ Սակայն, որոշ փորձագետներ այս դաշինքը համարում են «փխրուն»։
• Ռուսաստանի հիբրիդային գործողություններն ակտիվացել են Եվրոպայում. ռուսական անօդաչու սարքերը «լրտեսում են զենքի փոխադրումները Արևելյան Գերմանիայում», և կան նախազգուշացումներ Բալթիկ ու Հյուսիսային ծովերում ռուսական ստորաբաժանումների «աճող ագրեսիվության» մասին։ Եվրահանձնաժողովի նախագահի ինքնաթիռը ենթարկվել է «ռուսական GPS խլացման ենթադրյալ գրոհի»։
• Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակումներից հետո Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կանչել են ՌԴ դեսպաններին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին «նախազգուշացնում է ռուսական նոր լայնածավալ հարձակման մասին»։ • Մոլդովայում «տրամադրությունները շրջվում են ընդդեմ Եվրոպայի»՝ ռուսական ապատեղեկատվական արշավների և տնտեսական ճնշումների պատճառով։ • Հունգարիան շարունակում է վիճահարույց դիրքորոշում որդեգրել՝ արգելափակելով «ռուսական հրթիռային հարձակման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը»։
🇪🇺 Արևմտյան երկրների ներքաղաքական միտումներ. Թրամփից մինչև ծայրահեղ աջեր
• Դոնալդ Թրամփը շարունակում է «վտանգավոր հեղաշրջում» իրականացնել «Դաշնային պահուստային համակարգի» դեմ՝ կասկածի տակ դնելով դրա անկախությունը։ Նա նաև ցանկանում է «Ազգային գվարդիան ներգրավել կարգուկանոնի պահպանման գործում» 50 նահանգներում։
• Ծայրահեղ աջերի վերելքը Եվրոպայում. Ֆրանսիայում Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» «առաջատար կլինի արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում»։ Գերմանիայում AfD-ն (Այլընտրանք Գերմանիայի համար) մնում է ամենաուժեղ քաղաքական կուսակցությունը՝ «28% աջակցությամբ»։
• Եվրոպայում նկատվում է «հակամիգրանտական խմբերի նոր ալիք», որոնք «սնուցում են սոցիալական վախերը և ծայրահեղ աջերին»։
• Իտալիայի վարչապետ Մելոնին նախազգուշացրել է, որ ԵՄ-ն դատապարտված է «աննշանության», եթե չկարողանա ավելի արդյունավետ մրցակցել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ։
🛡 Եվրոպայի ռազմական ոլորտի զարգացումներ. վերազինում և համագործակցություն
• Գերմանիան «խաղաղ ժամանակների համար պատմական ռազմական վերազինում» է սկսել։ Rheinmetall-ը Գերմանիայում բացում է հրետանային զինամթերքի նոր գործարան՝ տարեկան 350,000 արկ արտադրելու համար։ Երկիրը նաև հաստատել է «նոր զինվորական ծառայության մասին օրենքը», որը կլինի կամավոր, իսկ 2027 թվականից՝ պարտադիր հաշվառմամբ։
• Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են սկսել «ռազմավարական երկխոսություն»՝ քննարկելու ֆրանսիական միջուկային զսպման ուժերի դերը եվրոպական անվտանգության ապահովման գործում՝ հատկապես «Սպիտակ տան կողմից ստեղծված անորոշության» ֆոնին։
• Քննարկվում է Ուկրաինայում զորքեր տեղակայելու հնարավորությունը, սակայն Գերմանիայի պաշտպանության նախարարը դեմ է արտահայտվել նախքան խաղաղ բանակցությունները նման քայլեր քննարկելուն։
• Նորվեգիան «10 միլիարդ ֆունտ ստերլինգի գործարք է կնքում Մեծ Բրիտանիայում կառուցվելիք հակասուզանավային ռազմանավերի համար»։ Բուլղարիան դառնում է «եվրոպական զենքի հանգույց»։
Մարտական Եղբայրություն միաբանության ՎիԿա վերլուծական խումբ 09 04 2025