Ո՞ւմ և ինչի՞ լեգիտիմությունն է հիմնավորում Փաշինյանը
Փաշինյանի թիմն ասում է, որ ընդհանրապես մեր պետությունն ունի լեգիտիմության խնդիր՝ «կադաստրի թղթի» խնդիր, և այդ լեգիտիմությունը մենք դեռ պետք է գտնենք ու ամրացնենք:
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում լեգիտիմությունից: Օրինակ, նա ասում է, որ Հայաստանի պաշտպանության համակարգի լեգիտիմ նպատակը պետք է լինեն Սովետական Հայաստանի սահմանները (պաշտպանության համակարգի տեսակետից այս թեզի քննադատությունը տես այստեղ և այստեղ ): Լեգիտիմության փաստարկն է բերվում նաև Սահմանադրության փոփոխության կոնտեքստում:
Թեև Հայաստանի ներկա կառավարությունը նոր չի խոսում Սովետական Հայաստանի սահմաններով Հայաստանի ճանաչման մասին, սակայն, լեգիտիմություն եզրույթի շեշտումն այս շրջանակում՝ նորույթ է:
Առաջին հայացքից թվում է, այստեղ ոչ մի հավելյալ խնդիր չկա: Իրականում կան կարևոր նրբություններ: Անընդհատ կրկնելով, որ մեզ պետք է լեգիտիմություն, իսկ միակ լեգիտիմությունը Սովետական Հայաստանի սահմաններն են, ստանում ենք ենթագիտակցական մի ուղերձ՝ լեգիտիմությունն ընդհանրապես կապվում է Սովետական Հայաստանի հետ:
Ոչ միայն զուտ սահմանների խնդիրն է: Փաշինյանի թիմն ասում է, որ ընդհանրապես մեր պետությունն ունի լեգիտիմության խնդիր՝ «կադաստրի թղթի» խնդիր, և այդ լեգիտիմությունը մենք դեռ պետք է գտնենք ու ամրացնենք: Իսկ որտեղի՞ց գտնենք: Փաստորեն՝ Սովետական Հայաստանից: Սովետական Հայաստանն է ըստ այդմ, միակ լեգիտմ հայկական տարածքը և միակ լեգիտիմ հայկական պետությունը: Մի անգամ էլ փորձենք հասկանալ: Լեգիտիմ պետությունը ոչ թե, օրինակ, Երրորդ Հանրապետությունն է, որովհետև դա փաստորեն լեգիտիմ սահմանների հետ խնդիր ուներ, և այդ խնդիրը հիմքերից էր գալիս՝ Անկախության հռչակագրից: Ուրեմն, սա լեգիտմ լինել չի կարող:
Ոչ էլ, օրինակ, Առաջին Հանրապետությունն է, որի մասին ընդհանրապես շատ չի էլ հիշատակում պաշտոնական քարոզչությունը:
Այլ հենց «Երկրորդ Հանրապետությունը», Սովետական Հայաստանը, ստացվում է՝ սա' է լեգիտիմության միակ աղբյուրը:
Այն Սովետական Հայաստանը, որի սահմանները, գծվել են ռուս-թուրքական դաշինքի կողմից 1920-21 թթ-ին, և գծվել են այնպես, որ այս տարածքում գրեթե անհնար լինի պահպանել ինքնիշխան պետություն և ապահովել կայուն անվտանգություն:
Հավանաբար սա նաև հենց ա'յն Հայաստանն է, որի պատմությունը պետք է անցնենք Հայոց պատմության փոխարեն: Քանի որ, եթե հակադրում ենք «Հայոց»-ն ու «Հայաստան»-ը, իսկ Հայաստանն էլ ասում ենք պետությունն է, իսկ պետությունն էլ այն է, ինչ տրված է Սովետական Հայաստանի սահմաններով, ապա միակ տրամաբանական տարբերակը պետք է լինի այդ սահմաններով Հայաստանի պատմությունը, որովհետև մնացած ամեն ինչ այդ սահմաններից դուրս է:
Իմիջայլոց նշենք, որ ի տարբերություն Հայաստանի՝ նույն Ադրբեջանն իր անկախությունը հռչակել է որպես Ադրբեջանի 1918-20 թթ-ի հանրապետության վերականգնում, և որևէ լեգիտիմության խնդիր այդտեղ կարծես չի տեսնում ցայսօր:
Բայց անցնենք առաջ: Նաև դրվում է Անկախության հռչակագրից հրաժարվելու հարցը: Պատճառը՝ Անկախության հռչակագրի մեջ կա հղում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմանը:
Անկախ բերված պատճառաբանություններից, ստացվում է, որ փաստորեն հրաժարվում ենք Անկախության հռչակագրից....
Սրան գումարվում է նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանի խորհդանիշների՝ զինանշանի և օրհներգի, կասկածի տակ դնելը, հետևաբար նաև սրանք փոխելու ծրագիրը: Էլի, իհարկե, հանուն հարևանների հետ խաղաղ ապրելու....
Անհերքելի փաստն այն է, որ և՛ զինանշանը, և՛ օրհներգը անկախ Հայաստանինն են, և միավորում են Առաջին և Երրորդ Հանրապետությունները՝ հակադրելով դրանք Սովետական Հայաստանին: Այլ խորհդանիշներ անկախ Հայաստանը չունի և չի ունեցել: Այս ամենը զուտ պատահականորեն, դեպքերի բերմամբ, հիմնավորումներով՝ հանուն խաղաղության, հարևանների հետ լավ ապրելուն և այլն:
Բայց ինչ ենք ստանում արդյունքում՝ բոլոր պատճառաբանությունները հանած:
• Անկախության հռչակագրից հրաժարում,
• Անկախության պետական խորհդանիշներից հրաժարում,
Ամփոփ՝ Առաջին և Երրորդ Հանրապետության կարևոր հենքերից՝ զինանշան, օրհներգ, Անկախության Հռչակագիր, սահմաններից հրաժարում և ի հակադրություն սրա՝ Սովետական Հայաստանի լեգիտիմություն:
Այսպիսով՝
Հայաստանի միակ լեգիտիմ սահմանները՝ Սովետական Հայաստանինն են, և փատորեն` Սովետական Հայաստանն է միակ լեգիտիմ հայկական պետությունը:
Ամեն մեկն առանձին ունի իր բացատրությունը: Բոլորը միասին հետաքրքիր, ու առաջին հայացքից ոչ այդքան ակնհայտ միտում են բացահայտում:
Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս կարող է օրնիբուն ինքնիշխանությունից խոսող կառավարությունն այսպիսի միտում բացահայտի: Ոչ, սա ընդամենը պատահական համընկնումներ են՝ խաղաղության դարաշրջանի լուսաբացի բարդ և փշոտ ճանապարհին:
Ինքնիշխանության մասին հռետորաբանությունը մի կողմ թողնենք, դրա մասին մի օր՝ առանձին: Չմոռանանք միայն, որ այս նույն մարդիկ, դեռ 5 տարի առաջ գոչում էին՝ Արցախը Հայաստան է և վե'րջ: Դե հիմա էլ գոռում են՝ ինքնիշխանություն: Դա ոչինչ չի նշանակում:
Ավելի կարևոր ու նշանակալից է այն, ինչ մենք տեսնում ու արդեն քանի տարի է ասում ենք.
Հայաստանի դեմ շարունակվող պատերազմի նպատակը երբեք չի եղել Արցախը կամ որևէ այլ տարածք:
Վերջնական նպատակը՝ Անկախ Հայաստանի վերացումն է: Չի բացառվում, որ մոտենում ենք այն կետին, երբ ավելի ու ավելի բացահայտ են դառնալու վերջնանպատակը և դրան հասնելու ճանապարհը:
Պարտադիր չի միանգամից, բացեիբաց հայտարարեն՝ Հայաստանի անկախությունը լեգիտիմ չէ կամ խաղաղություն չի ապահովում: Խնդրին կարելի է մոտենալ փուլային տարբերակով:
Եվ սկզբի համար վատ տարբերակ չի՝ լեգիտիմ սահմաններից խոսելը, Անկախության հռչակագրից, խորհդանիշներից հրաժարվելը՝ հանուն խաղաղության...
Միևնույն է, ոչ ոք չի հավատա, որ դրա վերջնական կանգառը կարող է լինել Միութենական պետությունը կամ նման մի բան՝ հանուն խաղաղության և հարևանների հետ հաշտ ապրելու:
Իսկ երբ հավատա, արդեն էլ ոչինչ չի մնա անելու...
Հ.Գ. Չմոռանանք, նաև, որ դեռևս հեռավոր 2019-ի ձմռանն ականավոր պետական, քաղաքական և հասարակական գործիչ, վաստակաշատ հայորդի Ալեն Սիմոնյանն արդեն բարձրացնում էր օրհներգի հարցը: Սա նոր ընտրված հեղափոխական իշխանության առաջին հրապարակային նախաձեռնությունն էր: Հետո ասացին, դա հատուկ էր մտածված՝ ինչ-որ բանից ուշադրությունը շեղելու համար, կարծեմ, պարգևավճարների հարցից: Բայց, արի ու տես, որ սկզբնական կասկածները, որ այստեղ մի բան այն չէ, կարող են ճիշտ դուրս գալ:
Հրանտ «Մարտական եղբայրություն» միաբանություն