Քաղաքական դաշտում արդեն վաղուց «աշխատանքային եռուզեռ» է

Քաղաքական դաշտում արդեն վաղուց «աշխատանքային եռուզեռ» է․ նոր մարդիկ, նոր դաշինքներ, նոր հայտեր, մեդիայի վերադասավորումներ և, իհարկե, նախընտրական քարոզարշավ։ Նախընտրական տարվա համար սա միանգամայն բնական երևույթ է ու միակ քիչ թե շատ ինտրիգային հարցն այն է, թե «նոր մարդկանցից» ովքեր են շարունակելու ակտիվ գործունեությունը ընտրություններում իրենց՝ «սփոյլերի» առաքելությունն ավարտելուց հետո։ Այս հարցին անդրադառնալու համար դեռ վաղ է, քանի որ դիրքավորումներն ու վերադասավորումները դեռ շարունակվում են, թեև բովանդակային ու գաղափարական առումով բոլոր վերադասավորումները դեռևս տեղավորվում են երկու հայտնի բևեռների՝ կառավարության ու խորհրդարանական ընդդիմության տիրույթում։ Իսկ այ նախընտրական քարոզարշավի ուղղությունների վերաբերյալ մի քանի խոսք թերևս արժե ասել։ Այսօր տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով կառավարությունն ու տիտղոսային ընդդիմությունը շարում են ապագա քարոզարշավի «բարիկադները»՝ բովանդակային-քարոզչական գլխավոր թեզերը, որոնց շուրջ 2026թ. հունիսին ընդառաջ փորձելու են բեմադրել իրենց հակադրությունը և հերթական անգամ մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը։ Իրականում այդ «բարիկադները» զուտ դեկորատիվ բնույթ են կրում և փորձ են անհույս կոմայում գտնվող «նախկին-ներկա» տրամաբանության կյանքը երկարաձգելու։ Թե՛ կառավարության, թե՛ տիտղոսային ընդդիմության համար այս երկբևեռ աղմուկը կենսական նշանակություն ունի, քանի որ չի ենթադրում ո՛չ պատասխանատվություն, ո՛չ ռազմավարություն, ո՛չ էլ, առավել ևս, գործողություն։ Որքան բարձր լինի այդ աղմուկը, այնքան ավելի հեշտ կլինի թաքցնել ծրագրի, գաղափարախոսության և ռազմավարության բացակայությունը։ Վերադառնանք «բարիկադներին»։ Դրանք կառուցվում են մի քանի հիմնասյուների վրա։ 1․ Առաջին սյունը, իհարկե, ռազմաքաղաքական ոլորտն է։ Հատկանշական է, որ կողմերը 2020թ․ պատերազմի պատասխանատվությունը գցում են միմյանց վրա՝ փաստացի կրկնելով ադրբեջանական քարոզչական թեզերն այն մասին, որ «Հայաստանը օկուպանտ» էր և «պատերազմ է հրահրել»։ Այսինքն ինչ-որ քաղաքական միավորներ հավաքելու համար Հայաստանի տարբեր ժամանակների ղեկավարները միմյանց մեղադրում են հարևան երկրի վրա հարձակվելու կամ պատերազմ սադրելու համար։ Որևէ մեկի մոտ կասկած կա՞, որ ալիևներից որևէ մեկը ինչ-որ պահի օգտվելու է այդ «ցուցմունքներից» Հայաստանի դեմ հետագա գործունեության ընթացքում։ Հարցը հռետորական է։ Այս սյան տարրերից է նաև «պատերազմը չկանխելու/չդադարեցնելու» վերաբերյալ հակադիր թվացող խոսույթը։ Ընդդիմությունը պնդում է, որ պատերազմը պետք էր դադարեցնել փոքր կորուստներով (օրինակ՝ հոկտեմբերի 19-ին) և համաձայնվել ՌԴ առաջարկած պլանին (որին Փաշինյանն, ի վերջո, համաձայնվեց, բայց ավելի վատ պայմաններում), իսկ կառավարական ուժերը պնդում են, որ այդ հարցը պետք է ընդդիմությունը դեռևս իշխանության եղած ժամանակ լուծած լիներ՝ ընդունելով բազմաթիվ առաջարկված պլաններից մեկը (որոնցից ոչ մեկը սկզբունքային լուրջ տարբերություն չուներ նոյեմբերի 9-ի հայտարարությունից)։ Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա՝ այս երկու մոտեցումները սկզբունքորեն նույն բանն են քարոզում․ պետք էր հանձնվել, մեղավորությունը ավելի շուտ չհանձնվելն է։ Մինչդեռ իրական մեղքը չպայքարելը, կամ պայքարի կամք չունենալն է եղել՝ թե՛ այս, թե՛ նախորդ վարչակազմերի մոտ։ «Սահմանազատման» ու «անկլավների» հարցերը նույնպես ուղղված են պայքարը որպես այլընտրանք բացառելուն։ Խորանալով գործընթացների մանրուքների մեջ, կառավարությունն ու ընդդիմությունը փաստացի արձանագրում են, որ Ադրբեջանի պարտադրանքը վիճարկելի չէ, հարցը միայն դետալներն են՝ որքանով է պետք կատարել այդ պարտադրանքը։ Այս տրամաբանության ամենաակներև օրինակը Արցախի էջը փակված համարելն է։ Կառավարությունը փորձում է դա «վաճառել» որպես հարաբերությունների կարգավորման պայման և «իրական Հայաստանի անկախություն», իսկ ընդդիմությունը խոսում է դրա մասին «ափսոսանքով և ցավով», բայց գործնականում երկուսն էլ ջանասիրաբար ամրագրում են Արցախի կորուստը։ 2․ Երկրորդ սյունը աշխարհաքաղաքական կողմնորոշումն է։ Կառավարությունը անուղղակիորեն փորձում է հանդես գալ որպես արևմտամետ ուժ (թեև որևէ գործնական փոփոխություն կարավարությունը չի արել, ավելին՝ շարունակում է կախված լինել Ռուսաստանից)։ Ընդդիմությունը դա օգտագործում է կառավարությանը մեղադրելու համար և հանդես է գալիս ռուսամետ դիրքերից։ Հատկանշական է, որ այդ երկու «այլամետությունները» արդարացվում են «հայամետությամբ»՝ փչացնելով այդ բառըև նպատակ հետապնդելով բացառել հայամետությունն ու հայաստանակենտրոնությունը որպես տարբերակ։ 3․ Ոչ պակաս կարևոր հիմք է լեգիտիմության և ազատ-արդար ընտրությունների շուրջ «բանավեճը»։ Այստեղ չկա հստակ խոսույթ, կան միայն անկանոն՝ վարչական ռեսուրս օգտագործելու, ընտրակեղծիքներ իրականացնելու, մանիպուլացնելու, խոստանալ-չանելու փոխադարձ մեղադրանքներ։ Այս հարցում կարևորը ծավալն է, որը արդեն իսկ բավական մեծ է և 2026թ․ հունիսին մոտենալու հետ մեծանալու է։ Իսկ նպատակը անկառավարելի մոբիլիզացիան կանխելն է։ Գործող կառավարությունն ու տիտղոսային ընդդիմությունն ունեն իրենց ակտիվ էլեկտորալ կորիզը, որը ներկա պայմաններում ապահովում է գործող ստատուս-քվոյի վերարտադրությունը։ Իսկ հանրության ապատիայի անցնելու և ակտիվ մասնակցության պարագայում ակտիվ կորիզի ձայները կարող են չբավարարել համոզիչ պատկեր ստանալու համար։ Այսպիսով, եթե ամեն ինչ ընթանա «բարիկադները» շարող ուժերի գծագրով, 2026թ․ հունիսին հայ հանրությանն առաջարկվելու է․ • չխառնվել քաղաքականությանը կամ խառնվել չքաղաքականությանը • լինել հյուսիսային այլամետ կամ արևմտյան այլամետ • հանձնվել այս ձևով կամ հանձնվել այլ ձևով Ինչ ՉԵՆ առաջարկելու «բարիկադավորները»․ • մասնակցել, կայացնել որոշումներ ու տեր կանգնել դրանց • հայակենտրոն օրակարգ • պայքարել ու հաղթել Այս «բարիկադները», իսկ իրականում՝ բեմը, կառուցվում է մեկ նպատակով․ հայ մարդու ուղեղում մխրճել պարտության գաղափարը ու ստիպել, որ հայերս հրաժարվենք պայքարի ցանկացած մտքից։ Հնազանդ ու չքաղաքականացված հայը երազանք է ցանկացած օտար կամ օտարահպատակ ղեկավարի համար, իսկ քաղաքական, ազատասեր ու պայքարող հայը՝ անեծք։
