🇦🇿🧠 Վերլուծական տեղեկանք #8 | Բաքվի տեղեկատվական պատերազմի 3 ճակատները

📅 Ստորև ներկայացված են սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։ Այդ ընթացքում ամենաակտիվ շրջանառվող թեզերն էին.
Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն վարում է համակարգված, բազմաշերտ և ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն՝ ուղղված իր հետպատերազմյան դիրքերի ամրապնդմանը, Հայաստանի վրա մշտական ճնշման պահպանմանը և տարածաշրջանային դինամիկայի ձևավորմանը։
☮️ «Խաղաղության օրակարգը»՝ որպես Ադրբեջանի հաղթանակ և կայունության «երաշխավորում» Ցանկացած քայլ (պաշտոնական թռիչքներ, փոխվարչապետերի հանդիպումներ) մատուցվում է որպես Բաքվի նախաձեռնած «խաղաղության պատմական առաջընթաց»՝ Վաշինգտոնի պայմանավորվածությունների տրամաբանությամբ։ Սրանով Բաքուն ձգտում է «խաղաղության գործընթացի» նախաձեռնությունը պահել իր ձեռքում՝ նորմալացնելով միակողմանի զիջումները, մերժելով անգամ թվացյալ «պարիտետը», ինչպես նաև բաց պահել հետագա պահանջների պատուհանը։
🚧 «Զանգեզուրի միջանցք»/TRIPP՝ որպես գլոբալ, անկասելի նախագիծ Սյունիքով նախատեսված միջանցքը ներկայացվում է ոչ թե տրանսպորտային, այլ ռազմավարական ու «պատմական հնարավորություն»՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի և լայն համագործակցության համար, որին Հայաստանն իբր չի կարող դիմադրել։ Այս թեզի շուրջ կառուցվող լուրերի ու վերլուծությունների հիմնական նպատակը դե ֆակտո դրա արտատարածքային բնույթի նորմալացումն է, «անխոչընդոտ կապի» պահանջով մշտական ճնշումը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան սուվերեն վերահսկողության նսեմացումը։
🌏 Միջազգային ձևաչափերի արժեզրկում (ԵԱՀԿ ՄԽ, ԿԽՄԿ)՝ «կարգավորման ավարտ» ներկայացմամբ Միջնորդական հարթակների փակումը մատուցվում է որպես «խաղաղության ճանապարհի մաքրում» և «նոր իրականությունների» ամրագրում։ Այս թեզն ուղղված է միջազգային իրավաքաղաքական գործիքակազմի կորստի լեգիտիմացմանը և հայկական իրավունքների պաշտպանության ուղիների նեղացմանը։
🇹🇷 Թուրքիայի առանցքային դեր․ «բանալին Բաքվի ձեռքում է» Անկարայի հայտարարությունները լայն տարածվում են, իսկ Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը կապվում է Հայաստան–Ադրբեջան պայմանագրի հետ՝ որպես Բաքվի թելադրած կապ։ Անկարայի հետ հարաբերությունները Բաքվից կախման մեջ գցելը ենթադրում է հայ-թուրքական հարաբերություններում լրացուցիչ նախապայմանների պարտադրում։
🪖 «Ռևանշիզմ» պիտակը՝ հասարակության և հիշողության դեմ Հիշատակի ցանկացած քայլ (օր.՝ հուշարձան) ներկայացվում է որպես խաղաղությանը խոչընդոտ, մինչև «արձագանքային» գործողությունների առաջարկներ Բաքվում (օր.՝ «Արևմտյան Ադրբեջանի կանչ»)։ Սա համեմատաբար հին և «սովորական» թեզ է ադրբեջանական մամուլի համար. ազգային հիշողության վարկաբեկումը, ներքին տարաձայնությունների սրման փորձերը, տեղեկատվական մանիպուլյացիաները ակտիվ են վերջին 2-3 տասնամյակների ընթացքում։
🇦🇲 Հայաստանի քաղաքական ու հոգևոր վերնախավի վարկաբեկում Որոշ իշխանական և ընդդիմադիր գործիչների, հոգևոր առաջնորդների և դիվանագիտական շրջանակների նկատմամբ մեղադրանքների շարան՝ որպես «խաղաղությանը խոչընդոտող» վարքագծի ապացույց։ Բացի պետականության լեգիտիմության դեմ արշավից, նմանատիպ լուրերն ունեն նաև առնվազն երկու այլ նպատակ. նախ հասարակական բևեռացման խորացումը, ապա ներկա քաղաքական համակարգի և դերակատարների կարծրացումը։
⛓️💥 Սիմվոլիկ գործողություններ Խորհրդանշական ակտերը (օր.՝ Ստեփանակերտում ԱԳՆ շենքի քանդում) ներկայացվում են որպես «սեպարատիզմի վերջ»։ Սա, նախորդ թեզի հետ միասին, կազմում է հայ հանրության վրա հոգեբանական ճնշման և հասարակության բևեռացման գործիք։
⚖️ Արցախի նախկին ղեկավարների դատավարություններ՝ «ռազմական հանցագործությունների» հաստատման համար Մեղադրանքների և վկաների ցուցմունքների մանրամասն լուսաբանումը ծառայում է «ցեղասպանություն/ահաբեկչություն» թեզերի ամրապնդմանը։ Սրանով Ադրբեջանն ապահովում է Հայաստանի դեմ ապագա միջազգային գործընթացներում «ապացուցողական բազայի» առկայությունը, ստեղծում է պատժիչ իրավական գործիքների հնարավորություն։ «Արևմտյան Ադրբեջանի» թեման մշտապես տաք է պահվում տեղեկատվական դաշտում։ Բացի հոգեբանական ազդեցությունից, սա նաև հստակ իրավական արշավի նախապատրաստություն է։
🌏 Արտաքին քաղաքականություն Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի ուղղություններով բարձր մակարդակի այցերը և պայմանավորվածությունները ներկայացվում են որպես Ադրբեջանի աճող միջազգային կշռի ապացույց, որպես հետևանք՝ Հայաստանի հաղորդակցական և բանակցային կշռի նվազում։ Ռուսաստանի հետ հակասությունները լուսաբանվում են որպես Մոսկվայի վարկաբեկիչ և Բաքվին խոչընդոտող վարք (տեղային դեպքերից մինչև ինտեգրացիոն արգելակներ), բայց անգամ Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավը զուգորդվում է «միայնացած Հայաստանի» պատկերի շահարկմամբ։
Մարտական եղբայրություն միաբանության ՎիԿա վերլուծական խումբ 09 10 2025