Մարտակերտի հարձակողական գործողությունը, Սարսանգի ազատագրումը

Ուղիղ 30 տարի առաջ

Այսօր դժվար է ասել՝ շնորհավոր այս հաղթանակի 30-ամյակը:

Ուղիղ 30 տարի առաջ՝ 1993-ի փետրվարին սկսվեց հայկական զինված ուժերի հարձակողական գործողությունը Մարտակերտի շրջանում, որի ճնշող մեծամասնությունն այդ պահին թուրքերի վերահսկողության տակ էր: Սա բեկումնային պահ էր 1991-94-ի Արցախյան պատերազմում, քանզի այդ գործողությամբ սկսվեց հայկական հարձաղոկան հաղթանակների փուլը, որը տևեց մինչև 1993-ի նոյեմբեր, և մյուս կողմից ավարտվեց 1992-ի հունիսից սկած Արցախյան պատերազմի հայերիս համար առավել ծանր փուլը: 1992-ի ամառվանից ռազմաճակատում նախաձեռնությունն Ադրբեջանի կողմն էր: Այդ իրավիճակը փոխվեց 1993-ի այժմ կիսամոռացված փետրվարին, երբ նախաձեռնությունն անցավ հայկական զինված ուժերին: 1992-ի հունիսից մինչև 1993-ի հունվար-փետրվար ունեցել ենք տարածքային և մարդկային ծանր կորուստներ, կրել ենք պարտություններ՝ Շահումյանում, Մարտակերտում, մի կերպ կարողացել ենք պաշտպանել Լաչինի միջանցքը: 1993-ի տարվա սկզբի դրությամբ հայկական վերահսկողության տակ եղած Արցախը հավասար էր Ասկերանի, Մարտունու, Շուշիի և Հադրութի շրջաններին, այն էլ ոչ ամբողջությամբ: 1993-ի հունվարի վերջին-փետրվարին սկսվեց հակահարձողական գործողությունը Մարտակարետի շրջանում, որը տևեց մինչև մարտի վերջ, և ավարտվեց առաջին խոշոր հայկական հաղթանակով 1992-ի մայիսից սկսած: Այդ գործողությունն մարտի վերջինա- ապրիլի սկզբին բնականորեն վերաճեց Քելբաջարի ազատագրման գործողության: 1993-ի փետրվարի սկզբին հայկական ուժերը սկսեցին հարձակողական գործողությունները Խաչենագետից դեպի հյուսիս երկու-երեք հիմնական ուղղություններով՝ հյուսիս- արևմուտք, հյուսիս, հյուսիս-արևելք (տես քարտեզը): Փետրվարի հինգին հայկական զոքերն առաջ շարժվեցին Չլդրան-Դրմբոն ուղղությամբ՝ դեպի Քելբաջար- Մարտակերտ մայրուղի: Փետրվարի 6-ին մյուս՝ Սրխավենդ-Գյուլաթաղ ուղղությամբ ազատագրեցին Սրխավենդը: Փետրվարի 12-ին ազատագրվեց Դրմբոն գյուղը, ապա՝ հյուսիս-արևմտյան ուղղությամբ Վաղուհասը, Չափարը, Զարդախաչը և փետրվարի 20-ին՝ Հաթերքը: Սրան հետևեցին Սարսանգի ջրամբարի մարտերը, որոնք ծավալվեցին միանգամից երկու ուղղությամբ՝ հարավից՝ Դրմբոն, և հյուսիսից՝ Հաթերք, և ավարտվեցին ջրամբարի ազատագրմամբ: Գործողությունը շարունակվեց մարտ ամսվա ընթացքում, և մինչև ասմվա վերջ հայկական ուժերն ազատագրեցին ազատագրեցին նաև Սարսանգից դեպի արևելք ընկած տարածքները: Ճակատի գիծը հասավ հյուսից հարավ՝ Հակոբ Կամարի, Մոխրաթաղ, Կուսապատ, Գյուլաթաղ, Ջանյաթաղ գյուղերին, որոնք ազատագրվեցին թուրքերից: Մարտակերտի շրջանի մեծ մասը վերադարձավ հայկական վերահսկողության տակ: Սակայն Մարտակերտ շրջկենտրոնը, ինչպես նաև Մարտակերտի շրջանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածը մնաց գրավված: Մարտակերտ քաղաքը ազատագրվելու էր 1993-ի հունիսին, իսկ հյուսիս-արևելյան տարածքները՝ 1994-ի ապրիլ-մայիսին (Մարտկերտի շրջանի մի փոքր հատված այդպես էլ մնաց չազատագրված): 1993-ի փետրվար-մարտի գործողությունն իր ժամանակի համար փայլուն հաղթանակ էր, որը փոխեց ոչ միայն ռազմաճակատի գիծը, այլև՝ հոգեբանությունը: Անխուսափելի պարտության, ողբ ու կականի, խեղճության, կոտորածի մթնոլորտը փոխվեց ավելի հաղթական տրամադրության, և այս հոգեբանությունը պետք է միայն ամրապնդվեր 1993-ի ընթացքում: Պարտության պարազիտները, որոնք այն ժամանակ էլ քիչ չէին մեզանում, առժամանակ թաքնվեցին իրենց մութ բներում: Ռազմական իմաստով 1993-ի փետրվար- մարտյան գործողությունը հիմք դրեց՝ Քելբաջարի, Մարտակերտ շրջկենտրոնի և Աղդամի գործողություններին, որոնք միմյանց հետևեցին 1993-ի ապրիլ-հուլիսի ընթացքում, և այդպիոսով Արցախյան պատերազմի հյուսիսային և արևելյան ճակատում կատարյալ հաղթանակի, որից հետո գործողությունների ուղղությունը պետք է փոխվեր դեպի հարավ- արևելք, հարավ և հարավ-արևմուտք: Այս մարտերում կիրառվեց, փորձարկվեց և հաջողության հասավ նոր մարտավարությունը՝ ճակատային գրոհների փոխարեն փոքրաթիվ խմբերի հարձակում, թևանցիկ և թիկունքային միաժամանակյա հարձակումներ: Ճակատագրի հեգնանքով սրանք այն մարտավարական հնարներն էին, որոնք 2020-ին թշնամին կիրառեց մեր նկատմամբ: Պատերազմներում միտքը հաղթում է մտքին, և կամքը՝ կամքին, ոչ թե երկաթը երկաթին: Այսօր դժվար է ասել՝ շնորհավոր այս հաղթանակի 30-ամյակը: Բայց շնորհավորել պետք է, որովհետև այն մեզ պետք է հիշեցնի, թե ինչպես է հնարավոր պարտությունից դուրս գալ դեպի հաղթանակ, խեղճությունից դեպի հղորություն,, և հիմարությունից դեպի միտք: Հիմարությունը միշտ էլ վախվորած ու խեղճացած է, ողբացյալ, իսկ միտքը՝ համարձակ ու ստեղծագործ, ելքեր փնտրող ու գտնող:

Նյութը պատրաստեց՝ Ջաբրայիլի Արծիվը

Social