Փաշինյանին Ադրբեջանից առաջարկում են նոր մոտեցումներով խաբել հայ ժողովրդին
«ՎիԿա» վերլուծական խմբի՝ ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների խոսույթի և քարոզչության վերլուծությունը
Ձեզ ենք ներկայացնում «ՎիԿա» վերլուծական խմբի՝ ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների խոսույթի և քարոզչության վերլուծությունը:
Դիտարկվող ժամանակահատվածը հունիսի 10-20-ն է։
Հիմնական թեմաներն են.
- «Խաղաղությունն» ըստ Ադրբեջանի։
- Ինչպիսի՞ մանիպուլացիաների պետք է սպասել Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններից։
- Հայաստանը որպես Հարավային Կովկասում Արևմուտքի հիմնական գործընկեր։
- Ֆրանսիական զենքն ու ադրբեջանական հիստերիան։
«Խաղաղությունն» ըստ Ադրբեջանի
Սկսենք Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հետաքրքիր առաջարկից։
Ադրբեջանցի պատգամավորը նախ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին 2024 թվականի հունվարի 19-ի ելույթը, որտեղ վերջինս ընդունել էր ՀՀ սահմանադրությունը փոխելու անհաժեշտությունը, ինչպես նաև փետրվարի 1-ի Հանրային ռադիոյին տրված հարցազրույցը, որտեղ վարչապետը պնդում էր, որ նոր սահմանադրության մեջ պիտի չլինի Անկախության հռչակագրին հղում տալը:
Այնուհետև արվում է հայ ժողովրդին խաբելու բավականին հետաքրքիր առաջարկ.
Մուսաբեկովն առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ Անկախության հռչակագրի համապատասխան նորմի իրավական հիմնավորվածության վերաբերյալ։
Սահմանադրական դատարանը կարող է Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի միավորման ակտը ճանաչել իրավականորեն անվավեր և իրավական հետևանքներ չունեցող։ Դա կվերացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և հետագա վավերացման խոչընդոտները։ Հայաստանի համար նոր սահմանադրություն մշակելիս անհրաժեշտ կլինի վերացնել նաև այս մասում առկա անհամապատասխանությունները։
Սա պիտի արվի զուտ այն պատճառով, որ հանրաքվեի դեպքում մեծ կլինի հավանականությունը տապալելու ադրբեջանական պահանջների իրացման գործընթացը:
Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է նաև ի սկզբանե խաղաղության պայմանագիր ստորագրել ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով, որը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին այս հանգամանքն օգտագործել ներքին լսարանում և իրացնել Ադրբեջանի բոլոր պահանջները:
Այնուհետև երբ կատարված կլինի Բաքվի բոլոր ցանկությունները, ըստ պատգամավորի, կարելի կլինի մտածել երկրների ղեկավարների մակարդակով համաձայնություն ձեռք բերելու մասին:
Ադրբեջանցի պատգամավորը, փաստորեն, այնպիսի լուծում է առաջարկում, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դիմել ռազմական գործողության և միաժամանակ պայմաններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի հերթական զիջումները մարսելու համար:
Հայաստանը Հարավային Կովկասում Արևմուտքի հիմնական գործընկեր։
Արևմուտքը պարտվել է Ռուսաստանին Վրաստանում, ի՞նչ է լինելու Հայաստանի հետ։
Այսպիսի վերնագրով հոդված է հրապարակվել haqqin.az ադրբեջանական կայքով:
Հոդվածի հեղինակի կարծիքով ԱՄՆ-ն ռազմական և անվտանգային խաղադրույք է անելու Հայաստանի Հանրապետության վրա, քանի որ հակառակ դեպքում վերջնականապես կորցնելու է ազդեցությունը Հարավային Կովկասում:
Հետաքրքրական է, որ հոդվածում չի խոսում Ադրբեջանի կողմնորոշման մասին՝ ի սկզբանե այն համարելով ռուսական ազդեցության գոտի:
Տրամաբանական է նաև Ադրբեջանի և Ռուսաստանի բացասական հռետորաբանության նույնականությունը, երբ հարցը հասնում է Հարավային Կովկասում արևմտյան գործընկերների ակտիվացմանը։
Ֆրանսիական զենքն ու ադրբեջանական հիստերիան
ԱՄՆ-ի դեպքում Ադրբեջանի քննադատությունը ունի զգուշավոր բնույթ, Ֆրանսիայի դեպքում փաստացի գործ ունենք թշնամական հարաբերությունների հետ:
ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև CAESAR հրետանային համակարգերի ձեռք բերելու շուրջ պայմանավորվածություններն առաջացրել են հիստերիա ադրբեջանական պաշտոնական և փորձագիտական շրջանակներում:
Պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ-ն, որով մեղադրանք է հնչեցվել Ֆրանսիային ռևանշիզմի խրախուսման և Հայաստանին պատերազմի պատրաստելու մեջ։
Նույն տրամաբանության մեջ էր նաև Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի մեկնաբանությունը, որը Ֆրանսիային մեղադրեց խաղաղության կարգավորումը տորպեդահարելու մեջ:
Փաշինյանի «խաղաղասիրության» ֆոնին Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները, ինչպես և կանխատեսել էինք, դարձել են թշնամական. Ալիևը այս պահին իր ծրագրի հիմնական խոչնդոտ տեսնում է հավաքական արևմուտիքին և մասնավորապես՝ Ֆրանսիային։