Կյանքը ԽըՊը-ից հետո

Կան մարդիկ, որ ասում են՝ Ալիևը չի ստորագրի ԽՊ-ն (Խաղաղության պայմանագիրը)։ Ես, ճիշտն ասած, այդ կարծիքին չեմ։ Ես կարծում եմ, որ եթե իրավիճակի որևէ կտրուկ փոփոխություն չլինի (հիմնականում՝ արտաքին գործոններով պայմանավորված, ինչն այսօրվա աշխարհում բավականին հավանական է), ապա Ալիևին ոչինչ չի խանգարի ստորագրել այդ թուղթն այն բանից հետո, երբ ու եթե Հայաստանում անցկացվեն Ալիևի իսկ պարտադրած սահմանադրական փոփոխությունները։ Հավանաբար կստորագրի։
Ե՞վ։ Հարցը հո էդ թո՞ւղթը չէ։ Թե՞ իրոք հավատացել ենք, որ ԽՊ-ով իրական խաղաղություն է գալու։ Հայ ժողովուրդն իր պատմության վերջին մի 150 տարում էսպիսի՞ թղթեր է տեսել։ Սրա պես չէ, սրանից տասնապատիկ ուժեղ թղթեր են եղել՝ Բեռլինի դաշնագրի հոդվածներ, 1912-ի Հայկական ռեֆորմներ, Սևրի պայմանագիր... ո՞րն ասես։ Ընդ որում, ի տարբերություն այսօրվա թղթի՝ դրանք ստորագրվել էին միջազգային ամենալուրջ խաղացողների կողմից։ Ո՞ւր են հիմա դրանք։ Ինչո՞ւ չեն իրականացել։ Հաստատ՝ ո՛չ հայ ժողովրդի «չար բախտի» պատճառով, այլ այն պարզ պատճառով, որ հայկական էլիտաները խաբել են հայ ժողովրդին՝ իբր թուղթն ինքնին, առանց ուժային ապահվոման, երաշխիք է։ Հիմա է՛լ են խաբում։
Հայ ժողովուրդը տեսել է նաև թղթեր հակառակ «ուղղությամբ»։ Օրինակ, ՄԱԿ-ի ԳԱ-ի ռեզոլյուցիաները 1990-ականներին՝ Արցախի շուրջ տարածքներից հայկական զինված ուժերն անհապաղ դուրս բերելու մասին։ Դրանք նույնպես մնացին զուտ թղթի կտորներ։ Իսկ Ալիևն ուժ գործադրեց և, առանց որևէ ռեզոլյուցիայի, հասավ իր նպատակներին։
Լա՛վ, այս բոլորն անցյալում է՝ կասեն։ Դե՛, մեզանում ամեն բան անցյալ է դառնում դեպքերից արդեն մի երկու րոպե անց... բայց՝ լավ։ Իսկ այդ դեպքում ի՞նչ ասենք 2020թ. նոյեմբերի 9-ի թղթի մասին։ Դա էլ էր թուղթ ու ահագին բան էլ երաշխավորում էր։ Դա էլ հո՞ մեր աչքի առաջ եղավ։ Ո՞ւր են հիմա այդ երաշխիքները։ Օ՜, այ դա չար ռուսներն էին։ Ա՛յ եթե բարի ամերիկացիները լինեին, այդպես չէր լինի։ Իսկ հիմա ունենք ամերիկացիների երաշխիքը, ա՛յ հիմա թուղթը կգործի։
Նախ՝ ոչ մի երաշխիք չունենք։ Օգոստոսի 8-ի հռչակագրում ոչինչ չկա արտաքին որևէ երաշխիքի մասին։ Բայց ենթադրենք, թե կա։ Ի վերջո, եթե մի բան շատ ես ցանկանում, աչուկներդ փակում ես, Ձմեռ Պապիկին խնդրում ես՝ լինում է, ինչպես գիտեն բոլոր մանչուկները։ Ուրեմն ենթադրենք, թե մանչուկների նվիրական ցանկություններն այս դեպքում իրականություն են դարձել, և Ձմեռ Պապիկը գոյություն ունի, իսկ չար Մեշոկ Պապիկը հեռացել է։ Կներեք, բայց ես նույնիսկ ավելորդ եմ համարում գրել, թե նույնիսկ այդ դեպքում ինչո՛ւ աշխարհի մասին մանչուկների պատկերացումներն ադեկվատ չեն։ Չի կարելի նեղացնել երեխաներին, որովհետև նրանցն է արքայությունը։ Ես, իրոք, անկեղծ, ամաչում եմ այն մարդկանց փոխարեն, որոնք հավատում են, որ եթե թղթին կա արտաքին, այդ թվում՝ ամերիկյան երաշխիք, ապա, դա բավական է, որ այդ թղթից բխի իրականություն։ Ոչ միայն պատմությունը, այլև հենց ներկայիս ամեն օրը, նույնիսկ ամեն ժամն աղաղակում են այդպիսի ինքնախաբեության դեմ։
Բայց հարցը նույնիսկ սա չէ։
Կա է՛լ ավելի կարևորը։ ԽՊ-ի ստորագրումը չի նշանակում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի պահանջների դադարեցում։ Ամենևին ո՛չ։ Ընդ որում, հիմա ինչ գրում եմ, հիմնված է ոչ թե զուտ գուշակությունների, այլ ադրբեջանական պաշտոնական խոսքին և քարոզչությանը 3 տարի անընդմեջ, փաստացի ամենօրյա ռեժիմով հետևելուց արված հետևությունների վրա։ Ադրբեջանի ռազմավարությունը բավականին հստակ է, և նրանք դա առանձնապես չեն էլ թաքցնում։
ԽՊ-ից զատ և հատկապես ԽՊ-ից հետո հաջորդ կարևոր պահանջներն են լինելու՝
- թուրքերի (ադրբեջանցիների) «վերադարձը» Հայաստան,
- «Ցեղասպանության» («Խոջալուի», բայց՝ ոչ միայն. ադրբեջանցիների ցեղասպանությունն իրենց օրենքով ընթանում է 1905 թվից, և սա պաշտոնապես ընդունված օրենք է, ոչ թե կարծիք) ճանաչում և մեղավորների պատիժ,
- «օկուպացիայի», «ագրեսիայի» համար փոխհատուցումների պահանջ։
Սա նվազագույն ցանկն է։ Էլի կան կարևոր կետեր, բայց այս պահին վերցնում եմ առավել հստակները։ Թե սրանցից որը երբ ինչ կերպ կներկայացվի, ժամանակի, իրավիճակի և արտաքին գերակայող ազդեցության հարց է։ Բայց այս ցանկն իմ հորինածը չէ, այլ իրենց ռազմավարության մասն է։
Բացի այս, Ադրբեջանը երբեք չի հրաժարվի և չի էլ կարող հրաժարվել հակահայկական քարոզչությունից ու գաղափարախոսությունից. դա Ալիևի ռեժիմի լեգիտիմության առնվազն հենքն է։ Խիստ կզարմանամ նաև, եթե Ալիևը ԽՊ-ից առաջ էլ, հետո էլ վերադարձնի Հայաստանի օկուպացված տարածքները։ Իհարկե, կասեք՝ դե եթե այդպես լինի, մենք այս ամենին կասենք՝ «ո՛չ»։ Չեք ասի։ Չէ ասողն այսքանին չի սպասի, հիմա՛ կասի։ Իսկ այս պահանջներին, այո՛, սկզբում կասեք «ո՛չ», ճիշտ ինչպես միջանցքին էիք ասում, Սահմանադրությանը և այլնին, իսկ հետո քիչ-քիչ կասեք՝ «այո՛»։ Հանուն խաղաղությա՛ն։ Որովհետև ով հրաժարվել է ուժային գործոն լինելուց, չի կարող ոչ մի բանին «ոչ» ասել։ Մի սիրուն փաթեթավորմամբ՝ սա էլ կուլ կտաք։
Ուստա Հրանտ 2026 03 18
