«Մարտական եղբայրության» անդամի հավատամքը
7 գլխավոր արժեքները
«Մարտական եղբայրություն» միաբանությունը ոչ թե սովորական կազմակերպություն է, այլ արժեքներով, տեսակով և ճակատագրով միավորվածների հոգևոր միություն: Միաբանության անդամները միմյանց հանդեպ եղբայրներ են և զինակիցներ: Միաբանությունը ձգտում է դառնալ ընտրանի՝ ազգային ներուժն ու դիմադրողականությունը համախմբող լավագույնների միություն, ապագա նոր Հայաստանի կորիզ: «Մարտական եղբայրությունն» իրեն հոգևոր ժառանգ է համարում հայկական հին ազնվականության, ասպետական ավանդույթների, նաև՝ 19-20-րդ դդ. հեղափոխական վարքականոնների և Նժդեհյան ժողովրդական պատերազմի ոգու: Այլև՝ հոգևոր կապ է զգում միջնադարյան ասպետական միաբանությունների հետ, որոնց մի մասը գործել է նաև Կիլիկյան Հայաստանում:
Միաբանության 7 գլխավոր արժեքներն են.
- «Ասպետական հավատարմությունն ու նվիրվածությունը». հավատարմություն և նվիրվածություն Հայաստանի ինքնիշխանությանը և հայ ժողովրդի ազատագրական պայքարին: Միաբանը հայկականության հավատարիմ պահապանն է ու նվիրված ասպետը: Նա երդվում է երբեք չդադարել պայքարը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:
- «Արիությունը և քաջությունը». միաբանի համար արիությունը ոչ միայն հոգեբանական որակ է, այլև՝ աշխարհայացք, որը նշանակում է արիություն մտքերում, խոսքերում և գործերում:
- «Հավատքը». միաբանն անվերապահ հավատ ունի Հայաստանի ճակատագրի և հայ ժողովրդի ներուժի նկատմամբ: Նրա համար Հայաստանը կրոն է, հավատամք ու դավանանք:
- «Սերը և ատելությունը». միաբանն անձնվեր սիրում է յուրայինին՝ հայրենակցին և զինակցին, ասպետական և մարդկային վերաբերմունք ունի հակառակորդի նկատմամբ, սակայն լցված է ատելությամբ հայրենիքի դավաճանության և դասալքության հանդեպ, անողոք է հայ ժողովրդի ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած դրսևորման հանդեպ:
- «Պատիվը». միաբանը տեր է կանգնում հայ ժողովրդի և հայոց երկրի պատվին՝ համարելով, որ նույնիսկ ժամականավոր պարտության դեպքում պետք է նախ և առաջ բարձր պահել պատվի զգացողությունը՝ չցածրանալ, չընկճվել և չվերածվել պարտության հոգեբանության կրողի: Միաբանությունը տեր է կանգնում 2020 թ.-ի պատերազմի մարտիկների պատվին՝ համարելով, որ կռվածը չի պարտվել, իսկ զոհաբերությունը հանուն հայրենիքի իզուր չէ: Միաժամանակ նա պարտավորվում է գործադրել առավելագույն ջանք, որպեսզի մարտի դաշտում թափված արյունից բարձրանան նոր՝ հաղթանակող Հայաստանի ծիլերը: 2020 թ.-ի պատերազմը համարում է հանուն Հայաստանի անկախության պայքարի սկիզբը, որում պարտվել ենք առաջին ճակատամարտը, բայց ոչ ամբողջական պայքարը:
- «Ընտրյալությունը, առաքելությունը». միաբանությունն իրեն գիտակցում է որպես ազգին և երկրին ծառայության մեջ գտնվողների զինակցություն: Միաժամանակ ձգտում է լինել ընտրյալների, լավագույնների միություն՝ այն կորիզը, որն իր շուրջ կհամախմբի այն ամենը, ինչն այսօրվա Հայաստանում առավել ուժեղն է, առավել արին է և առավել խելացին է:
- «Պայքարը, վերջին կայազորի հոգեբանությունը». միաբանության անդամի համար պայքարը ոչ թե ծանր պարտականություն է կամ բեռ, այլ կյանքի բնականոն կերպ և ուրախություն: Նա սիրում է պայքարը և ուրախանում, ոգևորվում դրա հնարավորությունից: Նա ամպրոպային եղանակի սիրահար է և մնում է իր տեղում այն ժամանակ, երբ շատերը թաքնվում են կայծակներից ու որոտներից: Նա կրողն է վերջին կայազորի հոգեբանության, որն իր կռիվը շարունակում է վերջին դիրքում, երբ մյուս դիրքերն արդեն դադարել են պայքարը, և շարունակում է հավատալ հաղթանակին՝ որպես վերջին մարտիկ:
Ընդունված է 2021 թ.-ի օգոստոսին Եղբայրության հիմնադիր անդամների կողմից