_1536x1536.webp?alt=media&token=e4ba5c0a-168d-4596-b26f-6f8491259848)
Սիրելի՛ հայեր,
Մարտական Եղբայրություն միաբանության ընկերներ և աջակիցներ,
Նախ` ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար։ Ձեր ներկայությունը կարևոր ազդակ է, որ մեր ընդհանուր պայքարը հանուն Հայ ժողովրդի իրական անկախության անպայման պսակվելու է հաջողությամբ, և միասին կերտելու ենք սեփական ուժին ապավինող ու հաղթող Հայաստան։
Չհանձնվող տեսակը վաղ թե ուշ հաղթելու է, քանի որ չի ճանաչում ժամանակային որևէ կետ, որից հետո պայքարն անիմաստ կարող է լինել։ Հարցը միայն ժամանակն է․ որքան ավելի ուշ սկսենք կազմակերպվել ու կազմակերպված պայքարել, այդքան ավելի երկար է լինելու հաղթանակի ճանապարհը։
Վստահ ենք, որ դա հասկացողների մեծ մասը ցանկանում է և կարող է օգտակար լինել ընդհանուր գործին։ Փորձը ցույց է տալիս, որ ժամանակի, գիտելիքի, անգամ փոքրիկ հմտության ներդրումն ընդհանուր գործի մեջ բազմապատկում է դրա արդյունավետությունը և բացում նոր հորիզոններ։
Մեր ընդհանուր պայքարին կայուն քաղաքական ձև տալու նպատակով այժմ սկսում ենք «Ազգային հեղափոխություն» կուսակցության ստեղծման գործընթացը՝ որպես ներկա իրավիճակին, քաղաքական դաշտին ու իշխող կուրսին արմատական գաղափարական, ծրագրային և կազմակերպչական այլընտրանք։ Այս քայլը տևական պայքարը հաղթական ավարտին հասցնելու կարևոր գործիք է։
Գիտենք, որ շատ գաղափարակից ընկերներ, որոնք դեռևս անձամբ չեն ծանոթացել Միաբանության աշխատանքին, որոշակի կաշկանդվածություն ունեն․ ժամանակը սուղ է, մասնագիտությունը կապ չունի քաղաքականության հետ, վերջապես հարցնում են` ինչի՞ց սկսել․․․ Սրանք միանգամայն բնական հարցեր են և ունեն տրամաբանական պատասխաններ։
Սկսել կարելի է Միաբանության հետ ծանոթանալուց։ Դրա համար հարկավոր է լրացնել կցված ձևաթուղթը [https://forms.gle/97V3hwh42Jbvc7ev7], որից հետո մենք կապ կհաստատենք յուրաքանչյուրի հետ ու կհրավիրենք Միաբանության գրասենյակ։
Գիտենք, որ դու էլ չես ընդունում զոհի, թույլի ու խեղճի հոգեբանությունը և պատրաստ ես սեփական ուժերով կերտել ինքնուրույն ու ինքնիշխան Հայաստանը։
Միացի՛ր, մասնակցի՛ր, առաջնորդի՛ր։