«Պատմականորեն մեր բոլոր խոշոր հաջողությունները կապված են զինված ժողովուրդ սկզբունքի հետ»
Հատված Հ․ Տեր-Աբրահամյանի հարցազրույցից «Զինված ժողովուրդ» հայեցակարգի վերաբերյալ
Պատասխան Սիրանուշ Պապյանի (1.am) հարցին
Պարոն Տեր–Աբրահամյան, «Զինված ժողովուրդ» հայեցակարգի շուրջ քննարկումներ են սկսվել։ Ինչո՞ւ հիմա առաջացավ այսպիսի հայեցակարգ ունենալու անհրաժեշտություն և ի՞նչ այն մեզ կտա։
Ընդհանրապես այս թեմայի մասին այս կամ այն դիտանկյունից խոսվել է Հայաստանում բավականին վաղուց՝ իմ հիշողության մեջ գոնե 2000-ականների վերջից: Իհարկե, խոսացողները փոքրամասնություն են եղել, և թեման երբեք չի դարձել մեծ օրակարգի մաս: Ես անուններ երևի հիմա չտամ, որովհետև բոլորին չեմ կարող հիշել: Ինքս անձամբ թեմայի մասին հրապարակումներ և խոսակցություններ եմ ունեցել (ոչ մեծ քանակի) առնվազն 2008 թ.-ից: Բայց եղել են մարդիկ, որ ինձնից շատ են խորացել այս թեմայի մեջ, և ավելի շատ են խոսացել, որոնց թվում կան լուրջ մասնագետներ՝ իրավաբաններ, պատմաբաններ, ռազմական գործիչներ: Պարզ է, սակայն, որ այօրվա իրավիճակում Զինված ժողովրդի թեման դառնում է ոչ թե պարզապես արդիական, այլ կենսական և առաջնային, դրա համար, մի կողմ թողնելով անցածը, գանք այսօրվան:
Սկսեմ մի փոքր անձնական արձանագրումից, հետո անցնեմ ընդհանուրին: 2020 –ի նոյեմբերի 11-ին՝ պարտության հաջորդ օրը, ես փորձեցի մի սևագիր ֆայլում հավաքել իմ մտքերը՝ կապված հետպատերազմյան իրավիճակի ելքերի հետ: Այդ սևագիրն անվանել էի՝ «Վերջին կայազորը: Պարտություն և վերածնունդ», և «մեծ լուծումներ» ենթավերնագրի տակ առաջին կետն էր՝ «զինված ժողովուրդ»: Ի դեպ՝ երկրորդը՝ «հայ-թուրքական հարաբերություններն» էին: Իսկ գործիքների մեջ նշված էր՝ «պատերազմի մասնակիցների համախմբում»:
Հայ-թուրքականի մասին, ես շատ եմ խոսացել դեռ 20 թվի հուլիս-օգոստոսից և հետագայում, բայց զինված ժողովուրդ հղացքի մասին, նոր ենք սկսում խոսել: Պատճառն այն է, որ դա այն թեման է, որին պետք է առավել պատրաստված և ճիշտ պահին մոտենալ, և բացի այդ դա այն թեման չէ, որ մեկ հոգու կամ նույնիսկ մեկ խմբի ջանքերով կարող է հասցվել անհրաժեշտ հասունության՝ այստեղ կենսականորեն անհրաժեշտ են լայն համախմբված ջանքեր՝ անհատների և խմբերի, որը հիմա փորձում ենք իրականացնել՝ լինելով դեռ ճանապարհի ամենա սկզբում: Բայց շատ ուրախ ենք, որ գոնե սկզիբը հասցրել ենք դնել այս տարի:
Հիմա անցնեմ հարցի սկզբունքային մասին:
Ինչո՞ւ է այսօր հարցը կեսնական:
Երկու առավել հիմնարար պատճառներ կան:
Առաջինն՝ ավելի քան ակնհայտ է՝ 2020 թվականի աշնան պատերազմում պարտության փաստը:
Նման խայտառակ պարտությունից հետո, ոչ թե պարզապես բնական է, այլ պարտադիր է հարց դնել այդ պարտությունը կրած ինքնապաշտպանական համակարգի մասին: Ընդ որում՝ հարցը պետք է լինի ոչ թե մասնակի, ոչ թե համակարգի այս կամ այն՝ առավել ևս միայն տեխնիկական կողմերի, այլ ամբողջության մասին:
Ակնհայտ է, որ եղած ինքնապաշտպանության համակարգը չի համապատասխանել այն մարտահրավերին, այն խնդրին, որը կանգնած է եղել նրա առաջ: Ընդ որում՝ զուտ տեխնիկական անհամապատասխանությունը միայն հետևանք է, այլ ոչ թե պատճառ: Տեխնիկական և մարտավարական անհամապատասխանության հիմքում ընկած են ավելի հիմնարար՝ կանխատեսման, տեսության, կրթության, կազմակերպման, անհամարժեքությունը: Սա շեշտում եմ, որովհետև մեզանում նույնիսկ քաղաքական ու ռազմական գործինեչների մակարդակում հաճախ գերակայում է միայն տեխնիկական մոտեցումը ռազմական խնդիրներին: Անշուշտ տեխնիկականը կարևոր է, բայց, կրկնեմ, տեխնիկան միայն հետևանք է: Հարցը պետք է դրվի արմատապես, այսինքն՝ արմատներից՝ ինքնապաշտպանության փիլիսոփայություն, բանակաշինության մոդել, ռազմական դոքտրին, ռազմական կրթություն, թիկունք-ճակատ հարաբերություն և այստեղից հասնի մինչև տեխնիկական մանրամասներ: Այստեղ ամեն բան կարևոր է՝ չկա երկրորդական: Փիլիսոփայությունը նույնքան կարևոր է, որքան խրամատավորման տեխնիկան:
Պատկերացումը, թե այն պարտությունից հետո, որը մենք կրել ենք, կարելի է սահմանափակվել միայն այսպես կոչված բարեփոխումներով, մասնակի ինչ որ փոփոխություններով, հատվածային բարելավումներով ինքնախաբեւություն է:
Մեր կրած պարտությունից հետևում է, արմատական փոփոխության, արմատական վերանայման, արմատական հարցադրումների անհրաժեշտությունը, այլ ոչ թե պարզապես ինչ որ վերացական բարեփոխումների: Իսկ դա նշանակում է, կրկնեմ՝ հարցը պետք է դրվի ամբողջ ինքնապաշտպանության համակարգի մասին, այլ ոչ թե միայն դրա առանձին կողմերի մասին: Ինքնապաշտպանության համակագն իր ամբողջության մեջ՝ փիլիսոփայությունից մինչև տեխնիկա և տակտիկա կրել է պարտություն՝ սա է խնդիրն իր ողջ պարզությամբ, հստակությամբ:
Պետք չէ վախենալ արմտական հարցադրումից: Սրանից չեն բխում ինչ որ էքստրաօրիդինար, էքստարավագանտ առաջարկներ: Ոչ՝ ամեն ինչ պետք է հիմնված լինի համաշխարհային և ազգային հազարամյա ռազմական փորձի վրա: Պարզապես պետք է դրան իրապես տիրապետել:
Ես գիտակցում եմ, որ խոսքս հիմա շատերի կողմից մեկնաբանվելու է որպես ծայրահեղություն, կամա կամ ակամա՝ վերագրվելու են բաներ, որոնք որևէ կերպ չեն բխում իմ ասածներից: Ես գիտակցաբար եմ սրան գնում: Ինպես, որ 2020-ի ամռանը կամ հենց պատերազմի ժամանակ, երբ շատ քիչ մարդկանցով բարձրացնում էինք հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, մարդիկ, որոնք այժմ այդ խնդիրն իրենք են բարձրացնում, համարում էին մոտեցումս չափազանցված, ծայրահեղական: Բայց շատ ժամանակ չի անցել, և այսօր այդ նույն խնդրի մասին խոսում են շատերն ու ավելի հանգիստ՝ ցավոք ուշացմամբ, որն արդեն բերել է անդառնալի կորուստների: Նույնն այստեղ է՝ պետք է չվախենալ մեկ-երկու քայլ առաջ ընկնել հանրային խոսքում: Միևնույնն է իրավիճակը բերելու է, ստիպելու է, որ ինքնապաշտպանության խնդիրը նույնպես դրվի արմատականորեն:
Բայց միայն այսքանը չէ, միայն պարտության խնդիրը չէ, որ ստիպում է մեզ ինքնապաշտպանության համակարգի մասին արմատական հարցեր դնել:
Եվ այսքանը նույնիսկ ամենա կարևորը չէ:
Եթե միայն պարտությունը լիներ մեր խնդիրը, դա կլիներ բարդ, բայց հեռանկարում լուծելի խնդիր: Շատ երկրներ իրենց պատմության մեջ կրել են պարտություններ, և կարողացել են վերականգնվել, ոտքի կանգնել, այդ թվում բարեփոխելով իրենք ինքնապաշտպանության համակարգը՝ ունենալով դրա համար բավականաչափ տևական և կայուն ժամանակ:
Մեր խնդիրն այն է, որ մենք չունենք այդ ժամանակը, և պետք է կողմնորոշվենք արագ և համարձակորեն:
Ինչո՞ւ:
Հարցն այն է, որ այն տարածաշրջանային և միջազգային իրավիճակը, որի հետևանքն էր 2020 թվականի պատերազմը, ոչ միայն չի եկել իր հանգուցալուծման, ոչ միայն չի կայունացել, ոչ միայն չի հասել նոր ստատուս քվոյի, այլև ընդհանրապես պարզ չէ, կանխատասելի չէ, և հաշվարկելի չէ այս պահին ոչ մեկի համար, և չի էլ կարող լինել՝ երբ կլինի հանգուցալուծումը, և ինչպիսին կլինի այն:
Պետք չէ սրանից վախենալ կամ մտածել, որ սա աշխարհի վերջն է:
Պետք է հասկանալ պարզ իրողությունը՝ պատմության մեջ միմյանց փոփոխվում են համեմատաբար կայուն միջազգային և տարածաշրջանային իրավիճակները, և համեմատաբար անկայուն, անցումայինները: Անցումները կարող են տևել կարճ կամ երկար՝ դա սկզբունքորեն անհաշվարկելի է, ինչպես և սկզբունքորեն անհաշվարկելի է դրանց վերջարդյունքը:
Սա շատ կարևոր է, որովհետև այստեղ է Հայաստանի քաղաքականության, Հայաստանի ապագայի, Հայաստանում հայ ժողովորդի հետագայում ևս ապրելու բանալին: Այստեղ է նաև՝ ինչպիսի ինքնապաշտպանության համակարգ ունենալու խնդրի լուծման բանալին:
Ղարաբաղում հին ստատուս-քվոյի խախտումը՝ 2016-ից սկսած, հետևանք էր ոչ թե միայն, և ոչ այնքան բուն հայ-ադրբեջանական հարաբերությունների, այլ մեծ արտաքին պատկերի մի մասն էր, մի մասնավոր դեպքն էր ընդամենը: Մենք տեսնում ենք, որ 2010-ականների սկզբից Մերձավոր Արևելքը վերածվել է բացարձակ անկայունության գոտու՝ որոշ կետերում, ինչպես, օրինակ Սիրիայում նույնիսկ պետությունն է փաստացի վերացել, և դա տևում է տարիներ: Չի երևում, թե ե՛րբ և ինչպե՛ս պետք է ավարտվի այս մեծ անկայունությունը: Հետսովետական տարածքում՝ տեսնում ենք, թե ինչպես Ուկրաինայի արևելքի պես մեծ տարածքը վերածվել անկայունության գոտու, և դրա ավարտը նույնպես չի երևում:
Ավելի մեծ մակարդակում, տեսնում ենք, որ մեր բառիս բուն իմաստով ճակատագրի, կյանքի հետ անմիջական առնչություն ունեցող այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Թուրքիան վերջին տարիներին լիովին նոր՝ ավելի նախաձեռնող, ավելի ծավալապաշտական, ավելի համարձակ քաղաքականություն են վարում՝ խաղալով միանգամից մի քանի ողղություններով, ինչը հետևանք է համաշխարհային միակ գերտերություն ԱՄՆ-ի գործոնի որոշակի թուլացմամբ: Ընդ որում՝ Ռուսաստանն ու Թուրքիան խաղում են ոչ թե միմյանից առանձին խաղ, այլ երկուսի խաղը փոխկապակցված է և հագեցված է թե՛ համագործակցության, թե՛ մրցակցության տարրերով:
Թվարկածներիցս միայն մեկ գործոնը՝ Թուրքիայի ակտիվացումն ինքնին բավական է, որպեսզի հասկանանք՝ այն իրավիճակը, որում ապրել ենք 1991-ից սկսած, արմատապես, որակապես փոխվել է: Մենք ապրել ենք մի տարածաշրջանում, որտեղ Թուրքիան, թեև մեզ հարևան է եղել, բայց փաստացի չի ունեցել այդքան ակտիվ արևելյան քաղաքականություն: Իսկ հիմա մենք ապրում ենք, մի ժամանակաշրջանում, երբ Թուրքիան՝ Ռուսաստանի հետ համագործակցաբար նորից հավակնում է ակտիվ և որոշիչ գործոն լինելու Այսրկովկասում, Մերձավոր Արևելքում, ընդհուպ մինչև Կենտրոնական Ասիայում:
Այս իրավիճակում, որը ես ստիպողաբար միայն հպանցիք նկարագրեցի, եթե որևէ մեկն իրապես, կարծում է, որ մենք կարող ենք անկայունության օվկիանոսում հույսներս դնել նրա վրա, ու մեզ թողնելու են անհոգ ու հանգիստ վայելել մեր նախկին ծույլ կյանքը, ես չգիտեմ ինչ ասեմ, կամ ինչ մտածեմ: Ես նորից ուզում եմ շեշտել՝ իրավիճակն արմատապես, որակապես փոխվել է մեր շուրջ, միջավայրն արմատապես և որակապես այլ է, և նախկինն անդառնալի է՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին իմաստով:
Եվ այս՝ որակապես նոր իրավիճակում, նույնիսկ, եթե մեր ունեցած ինքնապաշտպանության համակարգը, որը կառուցվել է լիովին այլ միջավայրի մարտահրավերներին ի պատասխան, եթե նույնիսկ դա լինել կատարյալ ու անթերի, այն պետք է արմտապես փոխվեր՝ համապատասխանեցնելով նոր իրողություններին: Թե ինչպես, ինչ ուղղությամբ, սրա շուրջ չի կաող մեկ հոգին կամ մեկ խումբը լիարժեք պատասխան տա՝ հանրային համախումբ ուժերով է միայն դա հնարավոր: Բայց հարցը պետք է դրվի քննարկման, դրվի՝ արմատապես, համարձակորեն, հիմքում ունենալով քաղաքական մեծ իրավիճակի տեսություն, դրվի արագ:
Կրկնեմ, միայն Թուրքիայի գործոնր որակապես նոր դերը տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում և Այսրկովկասում, միայն դա բավական է, որ հասկանանք, որ ինքնապաշտպանության համակարգը կարիք ունի որակապես նոր լուծումների՝ սկսած փիլիսոփայությունից ու դոքտրինից: Բայց սրան ավելացրեք Ռուսաստանի նոր քաղաքականությունը, և մնացած թվարկած գործոնները:
Ի դեպ, ռուսական գործոնի մասին: Պարզ դարձավ վերջին պատերազմից շատերի համար, որ դաշնակցային հարաբերություններ գոյություն չունեն Հայաստանի և Ռուսաստանի միջև, որ դրանք որոշակի ճգնաժամային իրավիճակներում չեն գործում: Դա, իհարկե, այսպես թե այնպես պարզ պետք է լիներ մեր ամբողջ նորագույն պատմությունից, բայց, ցավոք մենք չունենք պատմագիտություն, որը դա բացատրի մեր ժողովորդին: Բացատրի՝ ոչ թե Ռուսաստանից դևի կերպար կերտելով, ոչ թե նվնվալով ու բողոքելով դաժան կյանքից, այլ բացատրի սառնասրտորեն, բանականորեն՝ որպես օրինաչափ երևույթ: Ռուսաստան ու Հայաստանը շատ տարբեր մասշտաբի մեծություններ են, որպեսզի նրանց միջև հնարավոր լինի իրական դաշինք: Եվ հայերը շատ կոնկրետ ու կայուն դեր են խաղում ռուսական ավանդական քաղաքականության մեջ՝ որպես ընդամենը դրա գործիքներից մեկը հարավային ուղղությամբ, այլ ոչ թե իրական հարաբերությունների սուբյեկտ:
Իսկ սա էլ նշանակում է, որ մենք պետք է վերադառնանք ինքնապաշտպանություն բառի բուն իմաստին: Այսինքն՝ պաշտպանություն՝ հենվա՛ սեփական ուժերի վրա: Կարո՞ղ է հայ ժողովուրդը նման համակարգ ունենալ: Կարող է ինչպես և ցանկացած այլ ժողովուրդ՝ մեծ ե փոքր, բայց սա հիմնավորելու համար, ես պետք է շատ հեռուն գնամ, այնպես որ թողնենք հիմնավորումը մեկ այլ առիթի:
Այստեղ մեկ բան էլ շեշտեմ:
Ինքին պարզ է, որ իմ նկարագրած իրավիճակին համարժեք պատասխանը չի կարող լինել միայն ինքնապաշտպանության համակարգի փոփոխությունը: Սա պատասխաններից ընդամենը մեկը կարող է լինել, թեև, ես կասեի երկու-երեք առավել կարևորներից, բայց անշուշտ ոչ միակը: Ինքնին պարզ է, որ համարժեք պատասխանը պետք է ունենա նաև քաղաքական բաղադրիչ: Բայց երկուսը պետք է գործեն միասին ու փոխադարձաբար՝ քաղաքականն ու ռազմականը, մեկն առանց մյուսի վերացականություն է, և թույլ: Սա շեշտում եմ, որպեսզի խուսփաենք թյուրըբռնումներից: Բայց քաղաքականի մասին պետք է խոսել առանձին, այստեղ՝ խոսում եմ գերազանցապես ինքնապաշտպանության համակարգից, որն, իհարկե, նույնպես քաղաքական է, բայց ռազմական շեշտով քաղաքականություն է, իսկ մյուս բաղադրիչը, որ նկատի ունեմ, ավելի մաքուր իմասոտվ քաղաքականությունն է:
Ի՞նչ ունենք այսօր:
Այսօր իշխող ուժը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին, տիտղոսավոր, խորդարանական ընդդիմությունն էլ՝ «արժանապատիվ խաղաղության» մասին: Սրանք դատարկ, վերացական կարգախոսներ են: Անշուշտ պետք է ձգտել խաղաղության, և խաղաղության ձգտելն ընդհանրապես քաղաքականության գերագույն նպատակն է, նույնիսկ ռազմական գործողությունների նպատակն է խաղաղությունը: Բայց վերացական, չսահմանված կարգախոսներով, կամ բարի ցանկությամբ խաղաղությամբ, իհարկե չես հասնի: Նույնիսկ հակառակը՝ բարի ցանկություններով, որպես կանոն հասնում են պատերազմների ու պարտությունների: Պատերազմները բարիությամբ չեն կանխվում, ոչ էլ հաղթվում են, այլ, եթե կուզեք՝ չարությամբ:
Այսօր նույնիսկ մարդիկ, որոնք 2020-ի նոյեմբերին մտածում էին, որ գոնե ծանր պարտության գնով, կհասնենք համեմատաբար ավելի կայուն ու խաղաղ վիճակի, ճամփեքը հեսա կբացվեն և այլն, տեսնում են, որ պատերազմը փաստացի չի ավարտվել, որ պահանջները Հայաստանի նկատմամբ չեն սպառվում Արցախի խնդրով կամ նախկին ազատագրված տարածքներով: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Այլ կերպ լինում է հեքիաթներում:
Հայ ժողովուրդը միայն մի դեպքում կարող է ապահովել իր համեմատաբար կայուն ու տևական գոյությունը:
Նախ՝ եթե հասկանանք, թե ո՛րտեղ ենք ապրում, ի՛նչ տարածաշրջանում, և ինչպիսի կոնկրետ աշխարհաքաղաքական փուլում
Երկրորդ՝ մեր պաշտպանությունը կարող է հիմնված լինել միայն սեփական համախմբան ուժերի վրա: Ուրիշ ոչ մի ուժ աշխարհում, Արեգնակային համակարգում, Ծիր Կաթին գալակտիկայում, Կույսի Գալակտիկաների կույտում, Տիեզերքում, մոտակա տիեզերքներում և այլուր՝ չի կարող լուծել մեր ինքնապաշտպանության, մեր անվտանգության, մեր գոյության իսկ հարցը, ես նույնիսկ չեմ ասում՝ անկախության, այլ ասում եմ՝ հենց գոյության: Միայն հայկական ներուժն ու հայկական աստվածները, միայն Վահագն Վիշապաքաղը: Վերջին 100-150 և ավելինի հայոց պատմությունը Նարեկացու «Ձայն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակով» բարբառում է սրա մասին:
Բայց շեշտեմ, որ հենքըսեփական ուժերի վրա, ոչ միայն չի բացառում դաշնակիցներ ունենալը, այլ ճիշտ հակառակը՝ միայն այդ դեպքում կարող ենք ունենալ և կունենանք իրական դաշնակիցներ: Կառուցելով նոր՝ ինքնապաշտպանություն հասկացության բուն իմաստից բխած փիլիսոփայությամբ համակարգը, մենք ի զորու կլինեն համարժեք հարաբերությունների մեջ մտնել մեր միջավայրի, մեր տարածաշրջանի հետ, այդ թվում՝ խաղաղ, բարիդրացիական հարաբերությունների, այդ թվում, գուցե, նաև այսօր մեզ թշնամի համարվող պետությունների հետ: Ոչ միայն հարցեր ստանալ դրսից, այլև հարցեր տալ դրսին:
Վերջապես ինքնապաշտպանության նոր համարակգը, որի մասն է լինելու Զինված ժողովուրդ հղացքը, նաև առավել համարժեք է լինելու հայկական քաղաքական ինքնությանը, դրա բացահայտումն է լինելու:
Հայկական քաղաքական ինքնությունն իր էությամբ դեմոկրատական է, ժողովորդական է: Վերջին 150 տարվա մեջ այն իր գագաթնակետերին դրսևորվել է միշտ որպես ժողոորդական պայքար, զանգվածների պայքար: Ոչ միայն պայքար հանուն ազգային անկախության, այլև պայքար հանուն ընկերային արդարության և ազատության: Մեր ժողովուրդը պայքարել է օտար բռնապետություններ դեմ ոչ միայն ազգային, այլև՝ դասակարգային տեսակետից: Հայ էլիտար խավերը համագործակցել են օսմանյան, ռուսական բռնապետությունների հետ, իսկ հայ գյուղացին, «պարզ ժողովուրդը» շահագործվել են բռնապետությունների կողմից, և պայքարել հանուն ազատության և արդարության: Հայ ժողովորդի միջից դուրս են եկել մտավորական և զինվորական խավերը, որոնք առաջնորդել են պայքարը: Անկախ Հայաստանում արդեն հայ ժողովուրդը նույնպես միշտ ինքնակազմակերպվել է հանուն իր պատկերացրած արդարության պայքարի, իսկ էլիտաները նորից ծառայել են օտար բռանեպոտթյուններին՝ ձևական մակարդակի հասցնելով անկախությունը: Այսօր էլ պայքարը հանուն անկախության, ինքնիշխանության, ազգայինի, միաժամանակ պայքար է հանուն ժողովրդականության, հանուն ներքին և արտքին ազատության և արդարության: Զինված ժողովուրդ հղացքը նաև այստեղ ունի իր կարևոր դերը: Այն պետք է դառնա գործիք՝ ժողովրդականության սկզբունքի անվերադարձ հաղթանակի ու հաստատման:
Պատմականորեն մեր բոլոր խոշոր հաջողությունները կապված են զինված ժողովուրդ սկզբունքի հետ՝ դա հատկապես կիրառել են Արամ Մանուկյանը Վասպուրականում և Երևանում՝ Սարդարապատի ճակատամարտին ընդառաջ, և Գարեգին Նժդեհը Սյունիքում: 1991-94 թթ.-ի պատերազմի հաղթանակի հիմքում և թիկունքում նույնպես եղել է հզոր ժողովորդական շարժում:
Մի կարևոր հանգամանք էլ կա: Եթե ու երբ Զինված ժողովուրդ հայեցակարգն իրականանա, իսկ դա անխուսափելիորեն իրականանալու է Հայաստանում՝ իրավիճակի թելադրմամբ՝ լավ է շուտ քան ուշ, դա լինելու է ոչ միայն պարզապես արձագանք տարածաշրջանային նոր իրավիակին, այլև իր հերթին՝ նախաձեռնողական և ստեղծագործական քաղաքական քայլ նույն տարածաշրջանային մակարդակում:
Եթե հայ ժողովուրդը դառնում է զինված և զինավարժ ժողովուրդ, ի՞նչ են սրան պատասխանում մյուս ժողովուրդները, և ինչպե՞ս է փոխվում մեր կարգավիճակը, մեր ինքնիշխանության չափը: Կարո՞ղ են օրինակ, բռնապետական ռեժիմներով պետություններն իրենց թույլ տալ, այս լուծումը: Իսկ պետությունները, որոնք թեև բռնապետական չեն, բայց մոնոէթնիկ չե՞ն: Սրանք հարցեր ենք, որոնք դրվելու են մեր քայլով: Իսկ Հայաստանի վրա ուժային ճնշում գործարել ցանկացողները կամ ներխուժում պատրաստողները՝ մտածելու են այն՝ ավելի թանկ գնի մասին, որը պետք է վճարեն իրեն նպատակներին ուժով հասնելու դեպքում:
Ես հասկանում եմ, որ բազմաթիվ կարևոր հարցեր են մնում, որոնց անհրաժեշտ է պատասխան տալ այս թեմայի մասին:
Բայց ես սա դիտարկում եմ որպես խոսակցության սկիզբ միայն, թեմայի սկիզբ:
Շատ կարևոր է՝ բոլոր հարցերին չի կարող պատասխանել մեկ մարդը կամ մեկ խոմբը՝ սա անընդատ եմ շեշտելու: Այս և մյուս նոր օրակարգերը, որոնք հանրությւոնը պետք է պարտադրի կարող են առաջ մղվել և զարգանալ միայն համատեղ ուժերով և համախումբ ջանքով:
Հրանտ Տեր-Աբրահամյան
«Մարտական եղբայրություն» միաբանություն