Հանրաքվեի կարևորությունը

Սահմանադրության փոփոխության սպասվող հանրաքվեն այս տարիների առաջին ու լավագույն առիթն է հայ ժողովրդի համար` իր փաստացի կորցրած ինքնիշխանությունը վերահռչակելու և վերականգնման ընթացքը սկսելու։
Պետք է շատ հստակ հասկանալ. այստեղ խնդիրը բուն փոփոխությունները չեն, այլ այն պարզ, աներկբա և որևէ «կռուտիտով» անհերքելի փաստը, որ Սահմանադրության փոփոխությունը պարտադրված է արտաքին ուժի, տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից։ Երկու կարծիք այստեղ լինել չի կարող ինչ էլ ասեն և ինչպես էլ փորձեն հերքել։
Իհարկե, Սահմանադրության, պետական կարգի հարցերն ինքնին շատ կարևոր են։ Բայց` ոչ տվյալ դեպքում։
Տվյալ դեպքում կարևոր է միայն մեկ բան՝ սա արվում է և արվելու է Ադրբեջանի ուղիղ, տասնյակ անգամ հաստատված, հետևողական, ամենաբարձր մակարդակով հնչեցված պահանջով։ Ցանկացած շեղում դեպի փոփոխությունների բովանդակության քննարկում, շեղում է խնդրի այս պարզ էությունից։ Ընդ որում՝ նույնիսկ կարևոր չէ, թե Սահմանադրության մեջ կոնկրետ Անկախության հռչակագրի մնալուն դուք կո՞ղմ եք, թե՞ ոչ։ Կարևոր է, որ սա Հայաստանի ներքին գործերին ուժային ճնշմամբ խառնվելու աներկբա օրինակ է։
Եվ սա զուտ պահանջ էլ չէ, այլ հենց վերջնագիր։ Քանի որ, եթե հիշում եք, Ադրբեջանի այս պահանջը մեր կառավարությունը սկզբնապես մերժել է, բերել է հիմնավորումներ, նույնիսկ ՍԴ֊ն հատուկ որոշում է ընդունել։ Բայց Ադրբեջանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ։
Բացի այդ, մեր կառավարությունը փորձեց բարձրացնել նաև Ադրբեջանի սահմանադրության հարցը, որտեղ հղում կա իրենց 1918-20 թթ. հանրապետությանը, հետևաբար` Հայաստանի նկատմամբ թաքնված տարածքային պահանջ։ Բայց դա էլ չանցավ։ Այսինքն՝ սա միակողմանի «խաղաղեցման» հերթական ցայտուն օրինակն է և չի կարող այլ կերպ դիտարկվել, քան որպես վերջնագիր և ուժային ճնշում։
Ո՛չ ասելով սահմանադրական փոփոխություններին, այսինքն՝ տարիների մեջ առաջին անգամ մերժելով արտաքին ուժային ճնշմամբ, վերջնագրերով առաջնորդվելու քաղաքական փիլիսոփայությունը` հայ ժողովուրդը վերգտնում է իր իրական ինքնիշխանության ճանապարհը։ Որովհետև ինքնիշխանությունը ո'չ գեղեցիկ խոսք է, ո'չ էլ մեկ արտաքին գերիշխանության փոխարինում մյուսով։
Ինքնիշխանությունը սկսվում է սեփականը ուժային պարտադրանքից պաշտպանելու կարողությունից։ Ինքնիշխանությունը սկսվում է ո՛չ ասելու կարողությունից ու կամքից՝ անկախ հանգամանքներից։ Սա սուվերենության և' պատմական, և' տեսական ամենակարճ հիմնավորումն է։ Իմ հորինած սահմանումը չէ։ Հայ ժողովուրդն այսօր ունի ինքնիշխանության խնդիր։ Ո՛չ ասելով՝ նա կարող է սկսել դեպի իրական ինքնիշխանություն երկար ճանապարհը։
Ներքաղաքական առումով. Եթե Սահմանադրության հանրաքվեին ժողովուրդն ասում է ոչ, ապա ներկա կառավարությունը պարտվում է, նույնիսկ, եթե ընտրություններին կարողանում է հաջողության հասնել։ Մյուս կողմից` խոշոր քաղաքական ուժերը, որոնք «խաղաղության», իսկ իրականում՝ արտաքին գերիշխանությունն ընդունելու և պարտության կոնսենսուսի մեջ են, այս հարցում հնարավորինս փորձելու են խուսանավել, որովհետև վախենում են իրենց հստակ կամքն արտաքին ուժերին հակադրելուց և վախենում են ժողովրդին դուր չգալուց։
Սա հնարավորություն է ստեղծում այս խնդրի շուրջը պատկերացնելու իրական, ոչ թե իմիտացիոն, հանրային համախմբում՝ երիտասարդ, անկախ և թարմ մտածող խմբերի ու անհատների։
Հիմիկվանից տեղը նշում ենք, որպեսզի հետո մեզնից՝ Հայաստանի քաղաքացիներից, այս թեման ևս չփորձեն գողանալ, լղոզել ու տանել սովորական ուղով։
Ուստա Հրանտ 2026.03.13
