Աշոտ Տերտերյանը գրում է․

2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունը, կամ հեղափոխությունը, կամ հեղաշրջումը 1991-ից ձևավորված քաղաքական համակարգի և ավանդույթի փլուզում էր։ Ովքեր ինձ հետևում են, գիտեն, որ 2018-2021 թվականներին բազմիցս գրել եմ, որ Հայաստանի քաղաքական փիլիսոփայական համակարգը փլուզվել է, և երկիրը փիլիսոփայական առումով դրեյֆի մեջ է, և թե ինչպիսի նոր փիլիսոփայական համակարգ կկառուցվի՝ կախված է իշխանությունից։
Անցավ 7 տարի։ Նախկին իշխանությունները բարոյապես որոշակի վերականգնում ունեցան՝ իշխանության գլխավորությամբ Հայաստանի պարտության համատեքստում։ Այդ բարոյական վերականգնման մեջ մեղավորություն ունեցավ նաև Հայաստանի մտավոր դասը։ Ի վերջո, բարոյական ռեսուրս է անհրաժեշտ՝ հող հանձնելու, կոռուպցիայի և այլնի մեջ իշխանությանը մեղադրելու համար։ Այդ ռեսուրսը տրվեց նախկիններին։ Իշխանությունները, իրենց հերթին, Հայաստանը փիլիսոփայական դրեյֆից հանելու փնտրտուքների մեջ եկան հանգեցին 20-ականների ՀԽՍՀ փիլիսոփայությանը։ Երկրի ներսում փիլիսոփայական մրցակցությունը եկավ հանգեց մի կողմից՝ բարոյապես որոշակի վերականգնում ունեցած նախկինների և նրանց դավանած 80-ականների ՀԽՍՀ փիլիսոփայության, և մյուս կողմից՝ ներկա իշխանության ու 20-ականների ՀԽՍՀ փիլիսոփայության միջև պայքարին։
80-ականների փիլիսոփայության առանցքային գաղափարներից են՝ եկեղեցին, Արցախակենտրոնությունը, ազատության և բարեկեցության ստորադասումը և Ռուսաստանի շահերի գոտում տեղավորվելը։ 20-ականների փիլիսոփայության առանցքային գաղափարներն են՝ խաղաղությունը, նոր երջանիկ աշխարհի կառուցումը, ազգային շահերի անցյալում թողնելը և թուրքերի հետ հաշտությունը, ինչպես նաև կրկին Ռուսաստանի գերակա դերի ընդունումը Հարավային Կովկասում, կամ եթե նույնիսկ Ռուսաստանը չկա, ապա այլ հեգեմոնի։
Երկիրը գտնվում է փիլիսոփայական, ինչպես նաև բարոյական քաշքշուկների մեջ։ Որոշակի նմանություն կա 30-ականների և 50-80-ականների ներսսովետական գաղափարական պայքարին ու վերափոխումներին։
Ազգային հարցերին կամ Արցախին կարևորություն տվող մարդիկ բնական է, որոշակի ոգևորություն ունեն 80-ականների գաղափարների նկատմամբ։ Սակայն պետք է հիշել, որ 80-ականների գաղափարները ԽՍՀՄ կողմից մշակված՝ արտաքինով ազգային, բայց ներսում ապազգային գաղափարներ էին։ Արտաքինին պետք չէ խաբվել — արդյունքը լինելու է ջախջախում և զարգացման դանդաղում, ինչպես որ հենց այդ գաղափարները բերեցին 2020-ին։
Խաղաղություն և հարևանների հետ հաշտություն սփռողները մղվում են 20-ականների գաղափարներին։ Այս դեպքում ևս պետք չէ խաբվել, քանի որ խաղաղությունը և հարևանների հետ հաշտությունը լինում է պատերազմներում հաղթանակի միջոցով, այլ ոչ թե զիջման և համաշխարհային խաղաղության, երջանկության թերհիմն գաղափարների միջոցով։
Այսպիսով՝ եթե հաղթում է նախկինների թևը, տեղի կունենա Հայաստանի անցումը 20-ականներից 50-ականներ։ Եթե չհաղթի, ապա Հայաստանը կմնա 20-ականներում։ Նշված հեռանկարներից որևէ մեկը չի բխում Հայաստանի շահերից։