Մարտական Եղբայրություն միաբանության հայտարարությունը հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ

Հունիսի 7-ի ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամի պատճառը միայն գործող կառավարությունը չէ։ Խնդիրը ամբողջ համակարգն է, որի մեջ իշխող խումբն ու այսպես կոչված խոշոր ընդդիմությունը տարբեր դերերով, բայց նույն տրամաբանությամբ պահում են միմյանց և ապահովում Հայաստանի պարտության ընթացքը։
Այսպես կոչված ընդդիմությունը հերթական անգամ փրկեց իշխող խմբակին՝ հանրությանը կրկին մտցնելով «նախկիններ-ներկաներ» կեղծ հակադրության, անձերի շուրջ կառուցված անբովանդակ պայքարի և արտաքին կողմնորոշումների դաշտ։ «Ձայների փոշիացման» և «չարյաց փոքրագույնի» մասին քարոզչության միջոցով նախապես նշանակվեցին «խոշորները», «ուժեղները» և «հիմնականները», իսկ հանրությանը մղեցին ընտրելու ոչ թե իր կամքով, այլ վախերից դրդված։ Այս տրամաբանության արդյունքում տեղի ունեցավ ձայների իրական փոշիացում, երբ ժողովրդի կամքը բաժանվում է երկու պարտվողական բևեռների միջև, իսկ գաղափարական, քաղաքական և կազմակերպական պայքար չի տարվում՝ ապահովելով նույն դերակատարների լավագույն դեպքում վերադասավորումը։
Հունիսի 7-ի ընտրությունները վերահաստատեցին իշխանություն-ընդդիմություն խորքային գաղափարական միասնությունը։ Այդ միասնության հիմքում պարտության ընդունումն է՝ տարբեր բառերով և տարբեր երանգներով։ Այս ընտրություններում ևս հայ ժողովրդին առաջարկվեց ընտրել նույն պարտության բազմաթիվ տարբերակների միջև։ Մի կողմում իշխող խումբն էր՝ «խաղաղության» տակ քողարկված բացարձակ հանձնողականությամբ, մյուս կողմում՝ իր իսկ նշանակած ընդդիմությունը՝ այլ տեսակի «խաղաղություններով», այլ փաթեթավորմամբ և այլ հովանավորների սպասումով։
Այսինքն, գործնականում, թե՛ իշխող խմբակը, թե՛ իր նշանակած ընդդիմությունը նույն՝ «պարտության կուսակցության» տարբեր թևերն են։ Սա է պատճառը, որ իշխանության փոփոխության հարցը չի կարող հանգել միայն ներկայիս կառավարության հեռացմանը։ Քանի դեռ նույն համակարգը պահպանվում է, «պարտության կուսակցությունը» վերարտադրվելու է՝ անկախ ընտրափուլերից, դաշինքներից, ցուցակներից և անգամ առաջնորդների փոփոխությունից։
Գործող իշխանությանը հնարավոր չէ հաղթել նրա ստեղծած՝ «խաղաղության» դաշտում, այսինքն՝ ենթարկման կոնցեպտի մեջ։ Ով ընդունում է այդ դաշտը, արդեն պարտվել է։ Ով չի մերժում պարտության հիմքերը՝ 2020թ. նոյեմբերի 9-ը, դրա հետևանքների ամրագրումը՝ 2025թ. օգոստոսի 8-ը, արտաքին պարտադրանքով սահմանադրական փոփոխության օրակարգը և դրանցից բխող հաջորդ զիջումները, չի կարող լինել իրական այլընտրանք։ Եթե որևէ ուժ ընդունում է արտաքին պարտադրանքով ձևավորված պայմանները, ապա այն գործնականում ընդունում է նաև դրանց հաջորդող քայլերը՝ Հայաստանի ինքնիշխանության և մարտունակության սահմանափակումը, նոր զիջումները և պարտության իրավաքաղաքական ամրագրումը։ Մնացածը բառախաղեր են։
Այս ընտրությունները ցույց տվեցին նաև անձնակենտրոն և ապագաղափարական պայքարի սնանկությունը։ Պայքարը կառուցվեց ոչ թե հանուն որակապես այլ Հայաստանի, այլ մեկ անձի կամ մեկ խմբի դեմ։ Բայց միայն անձի հեռացումը չի փոխում համակարգը, եթե չկա նոր գաղափար, նոր կազմակերպում և պետական նոր բովանդակություն։ 2018թ. փորձը և հետևանքները ավելի քան բավարար են դա հասկանալու համար։
Այդուհանդերձ և ի հեճուկս վերոնշյալի՝ հունիսի 7-ի ընտրությունները ոչ թե հերթական հիասթափության առիթն են, այլ վերջնական պարզության պահ, սթափվելու և գործի անցնելու ազդանշան։
Իհարկե, հետընտրական զարգացումներով «պարտության կուսակցությունը» փորձելու է կոտրել պայքարի կամքը, լռեցնել ցասումը և հանրությանը նորից քնեցնել։ Ընտրությունների շուրջ ստեղծված աղմուկը ծառայելու է ոչ միայն հիասթափություն տարածելուն, այլև առաջիկա Սահմանադրական հանրաքվեի կարևորությունը ստվերելուն։ Իշխող խումբը և նրան փաստացի սպասարկող քաղաքական դաշտը շահագրգռված են, որ հանրաքվեն հանրային գիտակցության մեջ չդառնա գլխավոր քաղաքական ճակատ։ Նրանց հաշվարկը պարզ է՝ հնարավորինս ցածր մասնակցություն, որպեսզի «ԱՅՈ»-ի նվազագույն կազմակերպված քանակով անցկացվեն արտաքին պարտադրանքով պահանջվող փոփոխությունները, և պարտության ընթացքն ամրագրվի սահմանադրական մակարդակով։
Այդ պատճառով Սահմանադրական հանրաքվեում «ՈՉ»-ը պայքարի առաջին հստակ գիծն է՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման, պարտության համակարգի և արտաքին պարտադրանքի դեմ։ Այդ «ՈՉ»-ը հերթական ընտրական դիրքորոշում չէ․ այն հանրության ինքնակազմակերպման, քաղաքական կամքի ձևավորման և նոր համակարգի կառուցման սկիզբն է։
Արթնանալու և աշխատելու ժամանակը հիմա է։ Հանրաքվեից մեկ-երկու ամիս առաջ սկսելը ուշ է լինելու։ Բացատրելու, կազմակերպելու, կապեր ստեղծելու, մարդկանց հիասթափության և դիտորդի վիճակից դուրս բերելու, «ՈՉ»-ի գիտակցված, կազմակերպված և պայքարող ճակատ ձևավորելու աշխատանքը սկսվում է հենց այս պահից։
Այս պահից յուրաքանչյուրի խնդիրն է՝ դուրս գալ կեղծ ընտրության դաշտից, չտրվել հետընտրական թմրեցնող աղմուկին, մերժել վախը որպես քաղաքական ընտրության հիմք, հրաժարվել պարտադրվող ընտրությունից, միանալ կազմակերպվող պայքարին և ինքնուրույն՝ իր տեղում ու իր շուրջը կառուցել այն համակարգը, որը չի սպասելու թույլտվության, չի փնտրելու հովանավորների և չի համակերպվելու պարտության հետ։
Հայաստանի ապագան սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է այս համակարգի պարտադրած խաղը։ Այդ ապագայի կառուցումը սկսվում է հիմա՝ կազմակերպված, հետևողական և սեփական ուժերին վստահելով։
