«Թրամփը ճգնաժամի մաս, ոչ թե լուծում»
Ուկրաինական պատերազմի փակուղին
_1536x1536.webp?alt=media&token=e4ba5c0a-168d-4596-b26f-6f8491259848)
1
Երեկվա թատերականցված կրքերը, ինչպես նաև հայկական համացանցի արևմտամետ-ռուսամետ կրկեսը մի կողմ թողած` իրականությունն այն է, որ Ուկրաինական պատերազմը վաղուց իրեն սպառել է և մտել փակուղի:
Սրա մասին նոր չեմ գրում. դեռ անցած տարվանից եմ ասում, նաև մի առանձին հաղորդում եմ ժամանակին տեսագրել, դրա համար հիմա հանգիստ կրկնում եմ:
Ո'չ Ռուսաստանը, ո'չ Ուկրաինան (դեռ մի կողմ թողած ներգրավման ավելի լայն սպեկտրը) ի զորու չեն ռազմական գործողություններով լուծել որևէ ստրատեգիական նպատակ:
Մասնավորապես.
ռուսներն այլևս ի զորու չեն Ուկրաինան իրանցով անել, մտցնել իրենց ազդեցության գոտի` "единый народ" իրենց կոնցեպցիայի շրջանակներում: Չխորանամ. բոլոր ադեկվատ մարդիկ հիշում են ու հասկանում, որ Ռուաստանի սկզբնական նպատակը հաստատ Դոնբասի մի քանի քաղաքը գրավելը չէր, ոչ էլ 3 տարի ծանր կռիվ մղելը: Այս հեռանկարը ռուսները կորցրեցին շատ արագ` դեռևս պատերազմի առաջին մի քանի ամսում: Դրանից հետո ռուսների համար մնացին միայն տակտիկական նպատակներ. ինչպես այս պատմությունից դուրս գալ նվազագույն կորուստներով: Պետք է ասել, որ տակտիկական այս մակարդակում ռուսները կարողացան բավարար հաջողության հասնել:
Ուկրաինացիները նույնպես վաղուց ի վեր ի զորու չեն հետ ստանալ այն տարածքները, որոնք կորցրել են, ոչ էլ որևէ նոր լուրջ պարտության մատնել ռուսական զինուժն այնպես, որ դա լուրջ ստրատեգիական ազդեցություն ունենա:
Ուկրաինացիներն իրենց շանսերը կորցրեցին 2023 թվականի հակահարձակման անփառունակ տապալումից հետո:
Ինչու՞ դա տապալվեց:
Այստեղ նույնպես միստիկա չկա:
Հակահարձակը չափից ավելի երկար նախապատրաստվեց, աներևակայելի շատ քննարկվեց ու խոսվեց հրապարակավ` մինչև սկսվելը: Դրա բոլոր դետալները նախապես հայտնի էին նույնիսկ դպրոցական երեխաներին, էլ չասած` ռուս գեներալներին: Արդյունքում անսպասելիության այդքան կարևոր էֆեկտը հավասարվեց զրոյի, եթե ոչ` մինուս հարյուրի: Բնականաբար դա արժանացավ նույն բախտին, ինչ պատմության մեջ արժանացել են նրանից առաջ բոլոր նման "պոմպեզ" ռազմական գործողությունները:
Սա, ի դեպ, արդեն Արևմուտքի առկա ռազմաքաղաքական համակարգի անադեկվատության դրսևորումն էր: Գործողության մեջ ներդրված էր լիքը փող, լիքը զենք, լիքը փիար, բայց` զրո միտք: Սա պետք է լավ հիշենք, որովհետև տիպիկ հայ իմաստունը ռազմական գործողությունը նույնպես պատկերացնում է այս ոճով. լիքը զենք առնենք, լիքը փող ծախսենք, դրսից օգնություն ստանանք ու ....:
Շատ կարևոր է, ուրեմն, արձանագրել, որ ուկրաինացիք իրենց հաղթանակները տարան այն ժամանակ, երբ կռվեցին` գերազանցապես հենվելով սեփական խելքի, կամքի, հնարամտության և սուղ հնարավորությունների վրա, նաև` ելնելով սեփական երկրի աշխարհագրությունից, պատմությունից, հոգեբանությունից:
Հակառակը, ուկրաինացիք պարտվեցին, երբ Արևմուտքի ռազմական օգնությունն ու նեգրավվածությունը հասավ առավելագույնին, երբ ստացան առավելագույն զենք, պատրաստեցին առավելագույն կադր, և փորձեցին վարել "դասական" պատերազմ` կտրված սեփական պայմաններից:
Սա գրում եմ ադեկվատ հայերի համար, որոնց հետաքրքիր է դասեր քաղել իրական փորձից:
Կրկնենք ուկրաինացիք հաղթում էին, երբ հենքը սեփականի վրա առավելագույնն էր, իսկ արտաքին օգնությունը` նվազագույնը, և պարտվեցին, երբ արտաքինն առավելագույնն էր: Եվ սա պատահականություն չէր, այլ` օրինաչափություն։
Սրանից հետո, պատերազմը վերջնականապես դեգեներացվեց, վերածվեց Առաջին համաշխարհայինի մի ուրվականի:
Իրականում չտեսնված, անպատկերացնելի երևույթ է Առաջին համաշխարհայինի Արևմտյան ճակատի 1915֊16֊17֊18 թվականների մռայլ մղձավանջի վերադարձը ժամանակակից տեխնիկայի պայմաններում: Սա մի բան է, որը ոչ ոք չի կանխատեսել և չէր ուզենա կանխատեսել: Նույնիսկ լուծումները, հետևակային շտուրմային խմբերով մետր առ մետր առաջ գնալը բառացի կրկնում են 1918 թվի գարնանային հարձակման Լյուդենդորֆյան տակտիկան:
Սա պատահական չկոչեցի պատերազմի դեգեներացիա: Նման պատերազմներն ամենամեծ զոհերն են ենթադրում, ամենաքիչ արդյունքները, հյուծում են երկու կողմին էլ, ռազմական միտքը հասնում է նվազագույնի, և պարտվում են նույնիսկ անվանապես հաղթողները: Միակ հնարավոր պլյուսը, որ նման դաժան փորձառությունից կարող է դուրս գալ մարդկանց մի լրիվ նոր, գոյութենական խորքերի փորձ ունեցող մի տիպ:
2
Պատերազմն, ուրեմն, իրեն սպառել է:
Եվ այս իմաստով Թրամփը թեման ճիշտ էր բռնել:
Պատերազմի դադարեցումը պետք է լիներ քաղաքական առաջնորդման, հասունության ցուցիչ:
Փորձը, սակայն, հատկապես երեկվանից հետո, ցույց տվեց, որ Թրամփը խնդիրը հասկացել էր մոտավորապես "սաղ նախկիններն են մեղավոր", "ես ձեզ բերել եմ խաղաղության դարաշրջան" կամ "մեր կառավարությունը ներկայացնում է խաղաղության խաչմերուկ նախագիծը" մեզ ծանոթ մակարդակի:
Պետք է խոստովանեմ. ինձ համար սա անակնկալ էր գոնե որոշ չափով:
Թրամփի թիմի պահվածքը քննադատության արժանացավ այդ թվում նրան համակրող անգլիացի պահպանողականների կողմից, և' ավանդական թորիների, և' նորերի` Նայջել Ֆարաջի կողմից:
Հետաքրքիր է, որ Ամերիկայում նույնպես Թրափմից շատ ավելի աջ դիրքերից հանդես եկող հարթակներում, օրինակ Քոնթեր Քարենթսում նույնպես քննադատվեց Թրամփենց պահվածքը:
Մի պահ աշխարհում շատերին թվաց, որ Թրամփն իր բոլոր էքսցենտրիկ ու նարգիս դրսևորումներով հանդերձ կարող է իրոք պատասխան լինել Արևմտյան քաղաքակրթության` գագաթին հասնող ճգնաժամին, որի մարմնավորումներից էր աշխարհի թիվ մեկ երկրի` դեմենցիայով տառապող նախագահ Բայդենը: Բայց երեկվա միջադեպն այդ նույն շատերին ցույց տվեց, որ Թրամփը ոչ թե լուծում է, այլ հենց ինքն այդ նույն ճգնաժամի մարմնավորումներից է` մեկ այլ դեմքով ու կողմով:
Ինչպես Հին Հռոմի ճգնաժամի տարիներին մեկը մյուսին փոխարինում էին ամեն մեկն իր ձևով էքսցենտրիկ կայսրեր:
3
Ինչ անենք մենք` հայերով:
Ոչ մի առանձնահատուկ բան:
Շարունակենք գիտակցել, որ ժողովուրդների բախտն իրենց ձեռքում է, և մենք նորից ու նորից ստանում ենք դրա ապացույցները:
Շարունակենք ամրացնել այն գիտակցությունը, որ մենք պայքարի մեջ ենք, որը մեզ պարտադրված է, ու առանց այդ պայքարում հաղթելու, այսպես թե այնպես, չունենք հնարավորություններ:
Հասկանանք, որ վտանգն աշխարհի բնական կերպն է, և վտանգից պետք է ոչ թե ընկճվել, այլ ամրանալ ու մոբիլիզացվել:
Շարունակենք մեռցնել մեր միջի ու մեզ պարտադրված տխուր, խեղճ, գավառական "հային", և ուրախանանք, որ ապրում ենք իրադարձություններով հարուստ ժամանակներում:
Երբեք ու երբեք, ոչ մի պարագայում չլսենք որևէ ռանգի, մաստի ու կողմնորոշման "հայ իմաստուններին", որոնց միակ քարոզածը միշտ վախն է, տագնապը, թուլությունը, կորուստը, աղետն ու փախուստն իրականությունից:
Մեր առջև դնենք մեծ նպատակներ` Հաղթանակ ու Վերածնունդ, ու իրականացնենք դրանք:
- Հրանտ Տեր-Աբրահամյան, Մարտական Եղբայրություն միաբանության անդամ