Հայո՞ց, թե՞ Հայաստանի պատմություն և ռուս-թուրքական դաշինքի ծրագրերը

Պատճառն այն է, որ «հայոց պատմություն» թե «Հայաստանի պատմություն» անվանումների փոփոխությունը դրսից պարտադրված է

Երբ ասում են «հայոց պատմություն» անվանումը փոխենք «Հայաստանի պատմություն» անվանմամբ, նկատի ունեն, որ «հայոց»-ը հայերինն է, հայկականն է, այսինքն՝ վերաբերում է ազգին կամ ժողովրդին, իսկ Հայաստանինը երկրինն է, պետությունն է, իբր ունենանք ոչ թե ժողովրդի, այլ երկրի և պետության պատմություն:

Դա սխալ է և՛ լեզվական իմաստով, և՛ մեթոդաբանական-գիտական, բայց առավել կարևոր է այն, որ սա իրականում դրսից մեզ պարտադրած քաղաքական օրակարգ է, որն ունի լրիվ այլ իմաստ քան ներկայացվում է:

Ամենի մասին հերթով: Լեզվական առումը «Հայոց»-ը չի նշանակում միայն հայկական կամ հայերին վերաբերող, այլև՝ Հայաստանյան կամ Հայաստանին վերաբերող:

«Հայոց»-ը դասական հայերենից (գրաբարից) ժառանգած ձև է, որը Հայք բառի գրաբարյան սեռական հոլովն է: Հայք-ն իր հերթին հայ բառի հոգնակին է, բառացիորեն նշանակում է «հայեր»: Հետևաբար «հայոց»-ը իրոք նշանակում է հայերի: Բայց Հայք-ը բացի «հայեր» իմաստից ունի նաև այլ իմաստ (հնում ավելի գործածական), որը նշանակում է Հայք երկիրը՝ Հայաստանը:

Մեր երկրի հին հայերեն անվանումը հենց Հայք է: Հնում ասել են Մեծ Հայք, Փոքր Հայք, Առաջին Հայք և այլն: Մեր թագավորների տիտղոսը եղել է «Թագավոր հայոց մեծաց», որը թարգմանվում է Մեծ Հայքի թագավոր կամ Մեծ Հայաստանի թագավոր, թեև բառացի կարելի է թարգմանել նաև «հայերի մեծ մասի թագավոր»: Այս նույն ձևով անվանվել են նաև օտար երկրները՝ Վիրք – Վրաստան, Աղվանք և այլն, այսինքն՝ սա հայերենում երկրներ անվանելու սովորական ձևն է եղել։

Երկրի Հայաստան անվանումը թեև նույնպես բավականին հին է, սակայն պակաս գործածական է եղել, իսկ դրա -ստան ածանցը իրանական փոխառություն է: Երկրի առավել հին ու բնիկ հայկական անունն, ուրեմն, Հայքն է:

Այսպիսով, ըստ վերոնշյալի հայոց պատմություն նշանակում է և՛ հայերի պատմություն, և՛ Հայքի՝ Հայաստանի պատմություն, այսինքն՝ և՛ ժողովորդի, և՛ երկրի ու պետության պատմություն: Կասեն՝ սա գրաբարում է, մենք հիմա գրաբար չենք խոսում:

Մի կողմ թողնենք այն, որ իրականում որոշ իմաստով հենց լավ էլ գրաբար ենք խոսում. ժամանակակից հայոց լեզուն գրաբարի ժառանգորդն է և՛ բառապաշարի, և՛քերականության տեսակետից։

Հարցն այն է, որ «հայոց պատմություն» անվանումը հին է, այն ժառանգել ենք գրաբարից և ունի 1500 տարվա պատմություն։ Սա ինքնին նշանակում է, որ իմաստը պահպանվել է նաև ժամանակակից հայոց լեզվում։ Ճիշտ նույն կերպ ասում ենք՝ «քաջ առողջություն», չնայած արդի հայերենի տեսակետից առողջությունը չի կարող լինել քաջ կամ վախկոտ, բայց գրաբարում քաջ նշակել է նաև «լավ:

Այսպիսով, լեզվական տեսանկյունից «հայոց պատմություն» թե «Հայաստանի պատմություն» անվանումների փոփոխության հարցն անիմաստ է, քանի որ «հայոց»-ը ներառում է նաև երկիրը՝ Հայաստանը:

Մեթոդաբանական առումը

Պատմագիտական տեսանկյունից անհեթեթություն է հակադրել ժողովրդի և երկրի կամ պետության պատմությունը, ընդ որում այնպես, որ շեշտն ու նախապատվությունը տրվի երկրին՝ ի հաշիվ ժողովրդի:

Պատմությունն ունի իր սուբյեկտը՝ հիմնական գործող անձը: Պատմության համար դա ո՛չ անհատն է, ո՛չ մարդկությունը, ո՛չ էլ երկիրը։ Պատմության մեջ գլխավոր սուբյեկտները՝ գործող անձինք՝ ազգերն են, և նրանց կազմած պետական կամ պետականամերձ կազմավորումները՝ թագավորություններ, իշխանություններ, հանրապետություններ և այլն, բայց հիմքում հենց ազգերն են, որոնց հարաբերության պատմությունն էլ հենց համաշխարհային պատմությունն է: Երկիրը պատմության սուբյեկտ է դառնում միայն ազգի կամ ազգերի հետ հարաբերությամբ՝ դառնալով այս կամ այն ազգի տնտեսական, մշակութային, քաղաքական և այլ գործունեության վայրը: Երկիրն ինքն իրենով պատմության սուբյեկտ չէ, այլ աշխարհագրության:

Կարող են ասել՝ խոսքը երկրի մասին չէ, այլ՝ պետության: Եթե խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է, ապա հետևողական լինելու դեպքում, ուրեմն, պետք է սահմանափակեն «Հայաստանի պատմությունը» միայն Հանրապետության պատմությամբ՝ 1991թ-ից կամ 1918թ-ից, բայց առավել տրամաբանորեն՝ 1920/21թ-ից՝ Սովետական Հայաստանից, քանի որ հենց Սովետական Հայաստանի սահմաններն են ընդունում որպես «լեգիտիմ»: Այդ պատմության մեջ, ուրեմն, ո՛չ ժամանակագրորեն, ո՛չ էլ տարածքային իմաստով չպետք է մտնի այլ բան: Պատրա՞ստ են նման քայլի, որը հետևում է իրենց հիմնավորումներից:

Կարծում եմ՝ ո՛չ, պատրաստ չեն:

Եվ պատճառը կապ չունի ո՛չ լեզվի, ո՛չ էլ մեթոդաբանության հետ, որոնք իրենց ո՛չ պետք են, ո՛չ էլ հետաքրքիր, այլ կապ ունի նրա հետ, թե ինչու և ովքեր են իրականում պարտադրել «Հայաստանի պատմություն» հղացքը:

Պատճառն այն է, որ «հայոց պատմություն» թե «Հայաստանի պատմություն» անվանումների փոփոխությունը դրսից պարտադրված է, և դրա իրական տրամաբանությունը կապ չունի այն «ծակ պրոֆեսորության» հետ, ինչը փորձում են ներկայացնել:

Քաղաքական իրական իմաստը

Հայերի թե Հայաստանի պատմություն թեման միայն մի դեպքում իմաստ ունի, եթե ինչ-որ մեկն ուզում է ներկայացնել, որ Հայաստանի պատմությունը միայն հայերինը չէ՝ միայն հայերը չեն Հայաստանի պատմության սուբյեկտն ու առարկան:

Հայաստանի շարքային քաղաքացուն կարող է շատ տարօրինակ թվալ նման տրամաբանությունը, բայց նա, ով ծանոթ է ադրբեջանական քարոզչությանը, անմիջապես կհասկանա, թե ինչի մասին է խոսքը:

Ի տարբերություն մեր կառավարության՝ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել իր պատմությունից և «պատմական հայրենիքից», այլև, հատկապես վերջին շրջանում, առավել ակտիվ քաղաքականություն է վարում այդ ուղղությամբ:

Համաձայն պատմական իրենց հայեցակարգի՝ ներկայիս Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջանն է: Եվ սա ոչ միայն զուտ ակադեմիական տեսություն է, այլև պետական քաղաքականություն, որի նվազագույն նպատակն է այս փուլում հասնել ադրբեջանցիների վերադարձին Սովետական Հայաստանի սահմաններ:

Ավելին՝ համաձայն ադրբեջանական պատմագիտության, որի ավանդույթները ձևավորվել են դեռ սովետական շրջանում, ներկայիս Հայաստանում գոյություն ունեցած իսլամական պետությունները՝ Ղարա Քոյունլու, Երևանի խանություն և այլն, ներկայացվում են որպես ադրբեջանական պետություններ: Այդպես էր ձևակերպել դեռ սովետական գիտնական Պետրուշևսկին: Դա գիտականորեն առավել քան վիճելի տեսակետ է, բայց հարցը տվյալ դեպքում դա չէ, այլ բուն փաստը․ ներկայիս Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանական պետությունների գոյության տարածք: Կարևոր է նաև հիշել, որ սա Ադրբեջանի պատմության այն հայցեկարգն է, որ ստեղծվել է Սովետական Միության մեջ և սովետական՝ ռուսական ակադեմիայի կողմից:

Ահա այստեղ է պարզ դառնում, թե իրականում ում և ինչի համար է պետք «Հայաստանի պատմություն» անվանումը «հայոց պատմության» փոխարեն: Եվ ինչու հանկարծ այս նեղ մաջալին մեր կառավարությունը առաջին հայացքից զուտ բառախաղի շուրջ մի նոր գլխացավանք թեմա է բացել։

Իրականությունն այն է, որ հայերից բացի միակ այլ ժողովուրդը, որը հավակնում է Հայաստանի ներկայիս տարածքին և դրա պատմությանը, Ադրբեջանն է: Նրանց տեսակետից է միայն, որ Հայաստանի պատմությունն ունի այլ սուբյեկտ՝ բացի հայերից, որով և Հայաստանի – Հայոց հակադրությունն իմաստ է ստանում:

«Հայոց պատմության» վերանվանումը «Հայաստանի պատմության» միայն սկիզբն է և առաջին քայլը: Բուն իմաստը և հետագա քայլերը լինելու են այն, որ Հայաստանի պատմության շարադրանքի մեջ հայերից բացի՝ որպես երկրորդ սուբյեկտ, մտցվելու են նաև Ադրբեջանի թուրքերը, և Հայաստանի պատմությունը ներկայացվելու է որպես նրանց և նրանց «պետությունների» պատմություն: Կասեն, այսօր էլ անցնում ենք, որ Հայաստանի տարածքում գոյություն է ունեցել Երևանի խանություն և այլ ոչ հայկական պետական կազմավորումներ: Խոսքը դրա մասին չէ: Խոսքը այն մասին է, որ նախ՝ ներկայավելու են որպես ադրբեջանական պետություններ, և երկրորդ՝ որպես Հայաստանի պատմության նույնքան առանցքային, սուբյեկտային մաս, որքան հայերի պատմությունը:

Հասկանալի է, որ գրածս թերահավատորեն է ընդունվելու: Շատերի կողմից նույնիսկ որպես անհիմն դավադրապաշտություն: Նման ընկալման պատճառը պարզ է. մեր հանրության գերակշիռ մասը ցայսօր չի հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ վերջին տարիներին, և ինչ նպատակներ են դնում մեր դեմ պատերազմող ուժերը: Մարդկանց ներկայացվում է այնպես, որ մեզ հետ կնքելու են խաղաղության պայմանագիր, ու հետո կնքող կողմերից ամեն մեկը ապրելու է իր կյանքով այնպես, ինչպես ուզում է, միայն թե Արցախի հարցն է մեջտեղից դուրս գալու: Չկա ողջ աշխարհում սրանից ավելի անհեթեթ, ապուշ պատկերացում:

Ոչ ոք չի պատրաստվում Հայաստանին հանգիստ թողնել՝ նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքման գնով: Որպես պարտվածների՝ մեզ պարտադրվելու են հաղթողների (թուրքերի և ռոսների) տեսակետից անհրաժեշտ փոփոխություններ նաև ներքին կյանքում՝ հատկապես մեր ինքնության հետ կապված: Ընդ որում՝ ոչ թե մեկ անգամ պարտադրելու են ու հետո «ղրաղ քաշվեն», այլ սա լինելու է անընդատ և վերահսկելի գործընթաց: Սրա կարևորագույն մասերն են լինելու՝ խորհրդանիշների և պատմության հարցերը: Տեսնում ենք, որ երկու գործըթնացներն էլ արդեն սկսվել են․ խոսվում է պետական խորհդանիշների և պատմության առարկայի անվանման փոփոխությունների մասին: Սրանք իրար հետ, բնականաբար, փոխկապակցված են, բայց միայն սկզիբն են շատ ավելի մեծ փոփոխությունների:

Վերջապես կա այս ամենի էլ ավելի լայն պատկերը:

Ոչ միայն Ադրբեջանի նպատակն է թուրքերի վերադարձը Հայաստան, ինչը պետք է ամրապնդվի Հայատանի պատմության նոր հայեցակարգով, այլև ռուս-թուրքական տարածաշրջանի վերաբերյալ մեծ ծրագրի կարևոր խնդիրներից է «վերադարձի» թեման: Հայերն ու թուրքերը պետք է նորից միասին խառն ապրեն, որպեսզի կայսրությունը կարողանա իր ավանդական քաղաքականությունը վարի՝ կառավարելով հայերի և թուրքերի կոնֆլիկտը՝ մերթ բորբոքելով այն, մերթ էլ՝ «լուծելով» և «խաղաղեցնելով»: Եթե ինչ-որ մեկը, կարծում է, որ սա նույնպես անհիմն չափազանցություն է, ապա պետք է պատասխանի մի պարզ հարցի․ ի՞նչ գործ ունի ցայսօր ռուսական զորքն Արցախում, և ինչո՞ւ Ադրբեջանը չի դնում դրա դուրս գալու հարցը, եթե Արցախում չկան հայեր: Պատասխանը հենց այստեղ է․ պետք է փորձեն որոշ չափով հայեր էլ վերադարձնել Արցախ, իսկ մյուս կողմից էլ՝ որպես հայելային քայլ, ապահովել թուրքերի վերադարձը Հայաստան: Այս մեծ ծրագրի մաս է նաև «Հայաստանի պատմությունը»: Եվ այստեղ ևս մեկ անգամ հիշենք նաև, թե որ պետության մեջ է ստեղծվել Հայաստանի տարածքում իբր գոյություն ունեցած ադրբեջանական պետությունների հայեցակարգը, և այսքանից հետո էլ դեռ չհասկանանք, թե ինչ է մեզ հետ կատարվում:

Հրանտ Տեր-Աբրահամյան «Մարտական եղբայրություն միաբանություն»

Social