Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Նորայր Արշակյանը գրում է.

Հայը հայ է՝ անկախ նրանից, թե որ...

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Նորայր Արշակյանը գրում է.

Հայը հայ է՝ անկախ նրանից, թե որ գավառից է, որտեղ է ծնվել կամ ապրում։ Բայց սեփական արմատներն իմանալը արդեն ուրիշ մակարդակ է՝ ինքնաճանաչում։ Արմատները չեն որոշում մարդու արժեքը, բայց օգնում են ճանաչել ինքդ քեզ։ Մարդու արժանապատվությունը չի գալիս Տարոնից, Արցախից կամ Վանից լինելուց, բայց արժանապատվություն է և հարգանք նախնիների հանդեպ, երբ գիտես՝ ինչ միջավայրում են ապրել նրանք, ինչ փորձություններ են անցել, ինչ մշակույթ, ուրախություն, ցավ ու ավանդույթ են ունեցել, ինչպես են ապրել, ստեղծել ու փոխանցել։ Այս ամենը օգնում է հասկանալ՝ ինչու մարդը այսպիսին է, ոչ թե ուրիշի նման։ Սա հենց ինքնաճանաչումն է։ Արմատները հիշողություն են, ոչ թե բաժանում։ Երբ ասում ենք՝ «իմ արմատները այստեղից են», դա չի նշանակում, թե «ես ուրիշից բարձր եմ»։ Հայը հայ է, և նա կարող է լինել Արցախցի, ով Սարդարապատում հերոսության նոր էջ է ավելացրել իր պատմության ընթացքին, Կիլիկիայի անվախ նավաստի, Անիի հազար եկեղեցի կերտողը, ազատատենչ Հայկի ու վիշապաքաղ Վահագնի հետնորդը։ Հայը բոլոր նրանց ժառանգն է, իր նախնիների հիշողության ու արարածի կրողն ու պատասխանատուն։ Եթե արմատները չիմանաս, պատմությունը դառնում է աբստրակտ։ Երբ գիտես՝ այն դառնում է անձնական։ «Հայը հայ է» — սա ինքնին արմատային գաղափար է։ Հայ լինելը ինքնություն է, բայց այն ձևավորվել է կոնկրետ մարդկանցից, կոնկրետ վայրերում ու կոնկրետ ժամանակներում։ Արմատների իմացությունը չի հակասում համահայկականությանը, այլ ամրացնում է այն։ Երբ արմատները չգիտես, ուրիշները կարող են պատմել քո փոխարեն ու խեղաթյուրել քո ինքնության ընթացքը, քո «ես»-ը։ Ես ինքնություն ունեմ, որովհետև գիտեմ իմ նախնյաց պատմությունը, որտեղից եմ սերում, ինչպիսին եմ, և կորցնել հիշողությունը նշանակում է ձուլվել, չկրել նախնյացը՝ հոգեպես մեռնել։ Արմատների ճանաչումը պաշտպանություն է. հայը հայ է, բայց առանց իր արմատների ճանաչման՝ անհայրենիք, հոգեպես թափառական է, կորցրած ոգին ու կամքը։ Գարեգին Նժդեհի ցեղակրոնության հիմքը հենց ինքնաճանաչումն է՝ ազգային գոյատևման անկոտրում զորույթ։ Չճանաչելով իր արմատները, մարդը չի կարող ճանաչել իրեն, քանզի անհատը բխում է ցեղից, ինչպես ծառը՝ հողից. կտրվելով դրանից՝ հոգեպես չորանում է, դառնում անգույն ու անզոր։ Նժդեհը, որպես ազգի վերածննդի մարգարե, ասում է. «Եղի՛ր ցեղակրոն, քանզի կտրվելով ցեղից՝ անհատը մեռնում է հոգեպես»: այս խոսքերը ոչ միայն կոչ են, այլ նաև նախազգուշացում նրանց, ովքեր մոռանում են իրենց արմատները։ Արմատների ճանաչումը ինքնաճանաչման առաջին քայլն է։ Հայը, որը չգիտի իր պատմության ընթացքը, չի կարող կառուցել իր կամքը, պայքարել ու հաղթել։ Այդ ճանաչումը ոչ միայն գիտելիք է, այլ նաև զորույթ՝ հոգևոր բերդ, որը պաշտպանում է ազգը՝ թշնամուց և ներքին քայքայումից։ Առանց արմատների ճանաչման, ինքնաճանաչումը դատարկ է, իսկ արմատները առանց ինքնաճանաչման՝ մոռացված գանձ։ Հայ լինելը վիճակ չէ, երկնքից տրված երանություն չէ, այլ ընտրություն, ամեն օր ու ամեն օրվա պատասխանատվություն ազգիդ ու նախնյաց առջև։ Ծնվել հայ՝ դեռ չի նշանակում ապրել որպես հայ։ Խոսել ու գրել հայերեն դեռ չի նշանակում լինել հայ։ Հայը նա է, ով տոգորվել է նախնյաց կամքով, կրել հիշողությունը, վառվել պայքարի բոցով, ճանաչել ցեղը ու շարունակել իր պայքարը` ցեղի պայքարը։ Նա է իր նախնյաց քաջերի, անկոտրում կամքի կրողն ու ժառանգը։

Թեմաներ

    Social