Ճարտարապետական մրցույթ Նժդեհի հուշարձան-ուխտատեղի կառուցելու համար
Մարտական եղբայրության նախաձեռնություն
Մարտական եղբայրությունը հայտարարում է ճարտարապետական մրցույթ
Պետք է կառուցվի ճաշակով և Նժդեհի ոճին համապատասխան հուշարձան, որի համար անհրաժեշտ կլինեն համատեղ ջանքեր:
2023 թ. տարեվերջին միաբաններով այցելել էինք Գարեգին Նժդեհի շիրիմին, որը գտնվում է Կապանում` Խուստուփի լանջին:
Տարիներ շարունակ գերեզմանը խնամել են կապանցի մի խումբհայրենասերներ, սակայն նրանց ջանքերը բավարար չէին` գերեզմանը պատշաճ վիճակում պահելու համար:
Այժմ, ինչպես տեսնում եք, գերեզմանն անմխիթար վիճակում է. մոլախոտ է աճել, ցանկապատը ժանգոտ է ու ծռված, շրջակայքն` անխնամ:
Դեպի գերեզման, նույնիսկ, մեքենայի նորմալ ճանապարհ չկա:
Այս տխուր տեսարանի ականատեսը եղանք անցած տարվա վերջին` Կապան կատարած մեր այցի ժամանակ:
Մենք կարծում ենք, որ Նժդեհի գերեզմանի բարեկարգման ու խնամքի խնդիրը ոչ միայն կապանցի մի քանի նվիրյալներինը պետք է լինի, այլ ամբողջ հայությանը: Գերեզմանի այս վիճակը բոլորիս դեմքն ու պատկերն է:
Մենք համոզված ենք, որ ոչ միայն պետք է պարզապես կարգի բերել գերեզմանը, նորոգել այն, այլ կառուցել Նժդեհին վայել մի հուշարձան, ուխտատեղի, որը ուխտագնացության կենտրոն կդառնա: Խոսքը բնավ ճոխ ու գռեհիկ կառույցի մասին չէ, որը խիստ հակասության մեջ կլիներ Նժդեհի աշխարհայացքի և ոճի հետ:
Պետք է կառուցվի ճաշակով և Նժդեհի ոճին համապատասխան հուշարձան, որի համար անհրաժեշտ կլինեն համատեղ ջանքեր:
Մարտական եղբայրությունը միայնակ դա չի կարող անել։
Մենք նախատեսում ենք հայտարարել ճարտարապետական մրցույթ` Նժդեհի հուշարձան-ուխտատեղի կառուցելու համար:
Կձևավորվի ժյուրի, որը կազմված կլինի մասնագետներից, գաղափարական մարդկանցից, Կապանի այն ներկայացուցիչներից, ովքեր, տարիներ շարունակ, իրենց ուժերի ներածին չափով խնամել են Նժդեհի գերեզմանը։
Մրցույթն ամփոփելուց հետո անհրաժեշտ գումարը կփորձենք հավաքել հանրային հանգանակությամբ և նվիրատվությամբ, հուսալով, որ բավականաչափ հայեր կգտնվեն աշխարհով մեկ, որոնց համար այս խնդիրը կարևոր կլինի:
Լիահույս ենք, որ ապահովելով հասարակության լայն զանգվածների մասնակցությունը այս հայրենանվեր գործին` կարտահայտվի այդ գաղափարի իրականացման, այսպես ասած, համահայկական բնույթը:
Նախապես կոչ ենք անում. մրցույթի ապագա հնարավոր մասնակիցներին իրենց նախագծերում հաշվի առնել նժդեհյան աշխարհայացքը և միայն իրեն հատուկ ոճն ու էսթետիկան:
Նժդեհի գերեզմանը, բնականաբար, պետք է տարբերվի սովորականից, ստանդարտից դուրս լինի և հնարավորինս արտահայտի Նժդեհյան գաղափարներն ու արժեքները:
Մանրամասները՝ տեսանյութում